«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ամիսներ շարունակ շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի ԱԺ ընտրություններին, երեկ պաշտոնապես հաստատվեցին: Իհարկե, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ դրսում ապրող մեծահարուստ հայերը Հայաստան են եկել եւ փորձել են քաղաքականությամբ զբաղվել, սակայն, որպես կանոն, այդ փորձերը ձախողվել են: Ուստի հարց է ծագում՝ իսկ ինչի վրա է Աբրահամյանը հույսը դրել: Հավանաբար նա կարծում է, որ նախորդները ձախողվել են, քանի որ ընդդիմադիր են եղել, իսկ իրեն ամենավառ երեւակայությամբ անգամ չեն կարող ընդդիմադիր համարել:
Նա մարդ է, որը երկու նախագահ ունի՝ առաջինն, իհարկե, Վլադիմիր Պուտինն է, եւ միայն երկրորդը` Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը նույնիսկ երկու ազգություն ունի` անձնագրով ռուս է, իսկ արտաքինով հայ: Մի խոսքով մարդը ամեն ինչից «լիքը» ունի, այժմ որոշել է կուսակցություն ստեղծել: Դե, տուն է, թող լինի սկզբունքով:
Բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ ոչ մեկն իրավունք չունի մեր պետությանը որպես փորձադաշտի վերաբերվել: Սեփական օլիգարխների քաղաքական նկրտումները քիչ էին Հայաստանին, այժմ էլ արտերկրի հայ-օլիգարխներն են փորձում այստեղ ինքնահաստատվել` ընդ որում, ՀՀ մի շարք օրենքներ խախտելով: Այնպես որ, կարճ ժամանակ հետո Աբրահամյանը կհասկանա, որ իր երկու նախագահներով հանդերձ Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի:
Հիշեցնենք` մամուլում բազմիցս է գրվել, թե ինչպես է հաջողվել Արա Աբրահամյանին Ռուսաստանում մեծ դիրքեր զբաղեցնել: «Մալիշկացի խեղճուկրակ երիտասարդ Արան իր շատ հայրենակիցների նման գյուղի բարիքները տարել է Ռուսաստան` ծախելու, գործի բերումով մտել է ռուսական բարձրաստիճան մի չինովնիկի մոտ ու նրա բարեհաճությունը ստանալու համար՝ ուզել է ուղղակի ասել, որ օգնի իրեն, որ բազմանդամ ու կարիքավոր ընտանիքից է: «Յա պրաստոյ դերեվյաննի պարեն…» բառերը լսելով` ռուս չինովնիկը ծիծաղից թուլացել է ու հավանել տղային: Հետո գործերը հալած յուղի պես են գնացել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: