«Գյումրին առանց տնակների». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Գյումրին առանց տնակների» անվանումով նոր ծրագիր է ներկայացրել, որտեղ անդրադարձել է քաղաքի զարգացման խնդիրներին:

Ստորեւ ներկայացնում ենք ծրագիրը եւ Բալասանյանի խոսքը.

«Սիրելի՛ գյումրեցիներ,

Ինչպես եւ խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարեւոր անօթեւանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք եւ առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ:

Կարծում եմ՝ սրանք են այն հիմնական քայլերը, որ մենք պետք է իրականացնենք.

1.Տարիների ընթացքում տնակներում բնակվող մեր համաքաղաքացիները կարողացել են քարապատել իրենց տնակները կամ դրանց տեղում քարաշեն կառույցներ ստեղծել: Առաջին քայլով անհրաժեշտ է քարապատ տնակները անվճար սեփականաշնորհել, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքի գլխավոր հատակագծի եւ քաղաքի զարգացման տրամաբանության հետ խիստ անհամապատասխանություն: Այս գործընթացը ես արդեն սկսել եմ:

2.Եթե տարածքը համարվում է կանաչ գոտի, բայց այգի չէ, եւ տարածքում շատ են քարաշեն տնակները, ապա անհրաժեշտ է քաղաքի գլխավոր հատակագիծը փոխելով՝ այդ տնակները եւս անվճար սեփականաշնորհել: Այս գործընթացը եւս սկսված է: Այս երկու կատեգորիաներում գտնվող տնակների թիվը կազմում է մոտ 200:

  1. Կիսաքարաշեն տնակների բնակիչները, եթե ունեն կառույցը սեփականաշնորհելու եւ տարիների ընթացքում ամբողջությամբ քարաշեն դարձնելու ցանկություն, առաջարկայության դեպքում կստեղծենք իրավանորմատիվային հիմք` այն սեփականաշնորհելու համար: Այս պարագայում, մարդը գիտենալով, որ այն արդեն իրենն է, քարը քարին կդնի առանց ավելորդ քաշքշուկների: Սրա համար անհրաժեշտ է մեր պատգամավորների ակտիվ աշխատանքը, քանի որ օրենքով համայնքի ղեկավարը եւ ավագանին ներկայումս չունեն այս իրավասությունը: Այս ճանապարհով մենք կլուծենք եւս 300 ընտանիքի հարց:
  2. Սակայն այս ամենը գործի ընդամենը մեկ քառորդն է, տնակների գերակշիռ մասը այլեւս պիտանի չէ բնակության համար: Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը կարող է եւ պատրաստ է բնակարան գնել հիպոթեքով, սակայն կա երկու էական խանգարող հանգամանք՝ սկզբնական մուծումը եւ եկամուտների մասին տեղեկանքը: Հաշվի առնելով այն, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը աշխատում է արտերկրում, մեզ անհրաժեշտ է տնակների բնակիչների համար ստեղծել առանց տոկոսների, երկարաժամկետ՝ 10-15 տարի ժամկետով, առանց նախնական մուծումների եւ առանց եկամուտների մասին տեղեկանքի հիպոթեքային ծրագիր: Հասկանալի է, որ բանկային համակարգը չի կարող առաջարկել նման վարկային պրոդուկտ, ուստի մեզ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որից էլ պետք է ֆինանսավորվի բնակարանների գնման գործընթացը: Հիմնադրամը կկոչվի «Գյումրին առանց տնակների», որը պետք է համապատասխանի հետեւյալ պահանջներին՝

Ա. Ցանկացած չարաշահում բացառելու եւ հիմնադրամի նկատմամբ լուրջ վստահություն ստեղծելու համար հիմնադրամի կառավարման խորհուրդը պետք է լինի պետական եւ համայնքային կառույցներից անկախ մարմին եւ կազմված լինի հանրային վստահության մեծ պաշար ունեցող անձանցից, հասարակական կազմակերպություններից, լրատվական դաշտից, հոգեւոր դասից, հայրենակցական միություններից, մշակութային գործիչներից, ինչպես նաեւ՝ մեկական ներկայացուցիչ քաղաքապետարանից եւ մարզպետարանից:

Բ. Հիմնադրամի կառավարման խորհուրդը պետք է օժտել հիմնադրամի մուտքերի եւ ելքերի նկատմամբ լիակատար վերահսկողությամբ:

Գ. Ցանկացած տիպի չարաշահում կամ նույնիսկ չարաշահման կասկած բացառելու համար կառավարման խորհուրդը պետք է լինի բաց, պարբերաբար հանդես գա հաշվետվություններով, որոշումներն ընդունի կոնսենսուսով եւ ժամանակ առ ժամանակ ենթարկվի ռոտացիայի:

Դ. Հիմնադրամի սկզբնական գումարն ապահովելու համար պետք է դիմել մեր համաքաղաքացիներին եւ հայրենակիցներին՝ Հայաստանում եւ սփյուռքում, հատկացումներ անել քաղաքային բյուջեից: Հիմնադրամը պետք է իրականացնի դրամահավաք-մարաթոններ, կազմակերպի բարեգործական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, աշխատի բարեգործների հետ: Լավ մեկնարկի համար ինքս պատրաստ եմ բնակարան նվիրել տնակում բնակվող բազմազավակ մեկ ընտանիքի, ինչպես նաեւ, որպես քաղաքապետ, հիմնադրամին տալ ամբողջ աշխատավարձս եւ նվիրատվություններ անել ընտանիքիս պատկանող բիզնեսից: Հուսով եմ, որ այդպես կվարվեն նաեւ մեր պաշտոնյաների եւ պատգամավորների մեծամասնությունը որպես լավ օրինակ:

Ե. Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին առանց տոկոսների, 10 կամ 15 տարվա ընթացքում մարելու պայմանով: Հետ վերադարձված գումարները եւս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը եւ տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150 բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդիի էֆեկտ:

  1. Գիտեմ, որ մեր համաքաղաքացիներից շատերը չունեն նույնիսկ ամսական 30-40 հազար դրամ վճարելու հնարավորություն, բնականաբար, դա չի կարող եւ չպետք է պատճառ հանդիսանա նրանց տնակներում թողնելու համար: Ամենածայրահեղ պայմաններում գտնվող գյումրեցիների համար պետք է ձեւավորել սոցիալական բնակարանների ինստիտուտ: Բնակարաններ, որոնք չեն լինի սեփականություն, բայց մարդը եւ իր ժառանգները կարող են ապրել անժամկետ, նորմալ մարդկային պայմաններում, իսկ երբ ունենան ֆինանսական հնարավորություն, կարող են պայմանագիր կնքել եւ գնել այդ բնակարանները:
  2. Պետք է ձեւավորել հայտնի գյումրեցիներից եւ ոչ միայն գյումրեցիներից կազմված ծրագրի դեսպանների ինստիտուտ, որոնք ներկայացնելու են ծրագրի նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես՝ օգնեն դրամահավաքների կազմակերպմանը:
  3. Անհրաժեշտ եմ համարում թույլ չտալ նոր տնակների տեղադրում եւ այս հարցում լինել խիստ ու հետեւողական:
  4. Նաեւ պետք է իրականացնել չբնակեցված տնակների ապամոնտաժման ծրագիր՝ դրանց տերերին տրամադրված որոշակի փոխհատուցման դիմաց:

Սիրելի՛ գյումրեցիներ, իհարկե, սա ընդհանուր բովանդակությունն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք՝ մեր քաղաքի կարեւորագույն խնդիրը լուծելու համար:

Սպասում եմ ձեր արձագանքներին եւ առաջարկներին:

Հարգանքով՝ ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան:




Լրահոս