«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրանի առաջին փոխնախագահ Էսհադ Ջահանգիրիի այցը Հայաստան մեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէ շարքային իրադարձություն համարել։ Պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում է տեղի ունենում այս այցը։
Ընդամենը երկու օր առաջ Իրանի խորհրդարանը վավերացրեց այդ երկրի դեմ միջազգային պատժամիջոցների վերացման վերաբերյալ համաձայնագիրը։ Իրանը փորձելու է ոչ միայն վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում, այլև մեծացնել այն՝ դառնալով տարածաշրջանային լրջագույն խաղացող։ Եվ Իրանի առաջին փոխնախագահի՝ այդ երկրի փաստացի վարչապետի այցը Հայաստան պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Պատահական չէ, որ Ջահանգիրիին այցի ընթացքում ուղեկցում է հսկայական պատվիրակություն բաղկացած նախարարներից, այլ բարձրաստիճան պաշտոնյաներից և գործարարներից։ Տարածաշրջանային նոր կարգավիճակ ձեռք բերելու հարցում Իրանի համար Հայաստանը, իհարկե, կարևոր նշանակություն ունի։ Բայց հարց է, թե կկարողանա՞ արդյոք Հայաստանը օգտվել այս իրավիճակից ու ստանալ հնարավոր առավելագույնը։ Մինչ օրս Իրանի հետ գոնե տնտեսական հարաբերություններում Հայաստանը իրեն դրսևորել է ոչ այնքան վստահելի գործընկեր, որը տապալել է հայ-իրանական մի քանի ծրագրեր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: