«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Օհանյանի կնոջ եւ մեր դատական վեճում երեկ նախապատրաստական փուլն ավարտվեց։ Կողմերը երեկ մեկական ապացույց էին բերել դատարան, որոնցով ապացուցելու էին իրենց ճշմարտացիությունը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածն իրեն զրպարտող տեղեկություններ է պարունակում, իսկ մենք կարծում ենք, որ դա այդպես չէ, եւ որ 2002 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ տեղեկությունները հաղորդել ենք՝ հղում կատարելով այլ ԶԼՄ-ների, գործել ենք բարեխիղճ եւ նպատակ չենք ունեցել զրպարտելու տիկնոջը։ Տվյալ դեպքում խոսքը hzham.am կայքի մասին է, որին Ռուզաննա Խաչատրյանը նույնպես դատի է տվել։ Երեկ նախարարի կնոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, որպես զրպարտության ապացույց, դատավորին եւ պատասխանողին ծրարով ներկայացրեց հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանի տված մի հարցազրույցի տեսաերիզ, որը, ըստ Մեժլումյանի, ապացուցում է, որ «հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ է»։
Ի դեպ, փաստաբանը բոլորին զարմացրեց, ներառյալ նախագահող դատավոր Ռուբեն Վարդազարյանին, ծրարի վրայի գրառումով․ «Զրպարտության իրեղեն ապացույց»։ Բանն այն է, որ «զրպարտություն» հասկացությունը քաղաքացիական իրավունքի տիրույթից է, իսկ իրեղեն ապացույցները՝ Քրեական օրենսգրքից։ Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատավորին եւ մյուս կողմին ներկայացրեց Ռուզաննա Խաչատրյանի ՖԲ էջի գրառման լուսանկարը։ Այս «գրառում-հոդվածիկը», որը հրապարակվել է մեր հոդվածներից առաջ, կոչվում է «Կապույտի վրա ճանճեր չեն նստում» (տիկինը, հավանաբար, կարծում է, թե ինքը ջինջ կապույտ երկինք է, իսկ լրագրողները՝ ճանճեր)։ Ըստ Եգորյանի, այն էական հանգամանքների մասին է վկայում։ Մեկն այն է, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածն իրոք անդրադառնում է հանրությանը հուզող հարցի, որի շուրջ կան խոսակցություններ։
Այս մասին գրում է ինքը՝ Ռուզաննա Խաչատրյանը․ «Թերեւս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաեւ մարդասպանության համար գաջի գործարանի տարածքում»։ Այս նյութից վեճի առարկա հոդվածում մեջբերում կա, ի հիմնավորում նախարարի կնոջ դիրքորոշման։ «Սա նշանակում է, որ Սյուզան Սիմոնյանի հոդվածը համապատասխանում է բարեխիղճ լրագրության չափանիշներին»,- ասաց Տիգրան Եգորյանը։ Հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին, դատարանը կանցնի բուն դատաքննությանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: