Արմեն Մարտիրոսյանն Իվետա Մուկուչյանին չի ճանաչում, «Եվրատեսիլ»-ով էլ չի հետաքրքրվում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուի` «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակիցն Իվետա Մուկուչյանն է: «Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: Նրա` մրցույթին մասնակցության հարցը քննարկվում էր դեռեւս տարիներ առաջ, եւ, վերջապես, այս տարի այն հաստատվեց: Գերմանաբնակ երգչուհու` մրցույթում ներկայացված լինելու փաստին հայ հանրությունը մեծ մասամբ դրական արձագանքեց. համենայն դեպս, այդ մասին են վկայում սոցցանցերում ծայր առած քննարկումները:

iveta-mukuchyan

«Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թոհուբոհով անցած դեմքերից հետաքրքրվեց` ինչ կարծիք ունեն նրանք Իվետա Մուկուչյանի կատարողական որակների մասին եւ որքան են գնահատում մրցույթում հաջողություն գրանցելու նրա շանսերը:

«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը ներկայացրած եւ 4-րդ տեղը զբաղեցրած երգիչ Արամ MP3-ը Իվետայի ելույթի հետ մեծ հույսեր է կապում: «Շուրջ 8 տարի է` նրան ճանաչում եմ «Հայ Սուպեր-սթար»-ից: Շնորհքով, տաղանդավոր, գեղեցիկ արտաքին տվյալներով երգչուհի է, վստահ եմ, որ լավ է ելույթ ունենալու, հատկապես, որ երբեք չի դավաճանում իր ոճին, ինքն էլ շատ աշխատասեր է: Նա բազմիցս ներկայացել է ամենատարբեր ժանրերում, եւ այդ փորձն իրեն շատ կօգնի»:

aram mp3

Երգչի խոսքով` բացի այս ամենից՝ Իվետան նաեւ շատ համարձակ է, ինչը եւս կարեւորվում է այս մրցույթում. «Մնում է` երգը լավը լինի…Կարծում եմ` այդպես էլ կլինի»,-հավելեց նա:

Արամ MP3-ը Իվետայի դեպքում պատկերացնում է համարձակ, հետաքրքիր պոռթկումներով կատարում. «Իմ պատկերացմամբ` նրա ներկայացրած երգը պետք է ողողոված լինի 21-րդ դարի երաժշտական էլեմենտներով, գործիքավորումն էլ պետք է ժամանակին համընթաց լինի»,-ընդգծեց նա:

Մեր հարցին, թե արդյոք նպատակահարմար է «Եվրատեսիլ»-ին հայկական էլեմենտներով երաժշտություն ներկայացնելը, Արամ MP3-ը պատասխանեց. «Տարիների փորձը ցույց տվեց, որ դա այդքան էլ կարեւոր չէ մրցույթում, երբ Եվրոպայում հնչում է Հայաստանի անունը, դա արդեն մեծ բան է: Ես ամենեւին չեմ կարծում, թե հայկական էլեմենտների օգտագործումը սխալ է, պարզապես դրանք հարկավոր է ճիշտ կիրառել, արհեստական կերպով չմտցնել երգի մեջ. այդ «սոսնձումը» մարդկանց մոտ նյարդային ջղաձգումներ է առաջացնում»:

armen

Իսկ, ահա, «Եվրատեսիլ-2006»-ին Անդրեի «Without Your Love», «Եվրատեսիլ-2010»-ին Եվա Ռիվասի «Apricote stone» եւ «Եվրատեսիլ-2015»-ին «Genealogy» խմբի ներկայացրած «Face the Shadow» երգերի երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանն անգամ տեղյակ չէր, թե ով է այս տարի «Եվրատեսիլ» մրցույթի մեր պատվիրակը: Ավելին` երբ մենք նրան տեղեկացրինք, երգահանը նշեց, որ չի ճանաչում Իվետա Մուկուչյանին: «Հիմա ուրիշ գործերով եմ զբաղված, այդ իրադարձություններից տեղյակ չեմ, ինձ ժամանակ տվեք` ծանոթանամ»,-ասաց նա:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը զուգահեռաբար հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում աշխարհի բոլոր ծայրերից հետաքրքիր աշխատանքների: Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք այս տարի եւս պատրաստվում է երգ գրել եվրատեսիլի համար. «Անկեղծ ասած` արդեն չեմ ուզում, նախորդ տարի էլ շատ չէի ուզում…Վատ բան չեմ ուզում ասել, ժողովուրդը սիրում է այս մրցույթը, բայց չեմ ուզում…»,-ասաց նա` հավելելով, որ եթե նորից ընկերներն իրեն խնդրեն, «ստիպեն», այդ դեպքում, գուցե, համաձայնի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս