Երեկ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցավ “ՔՀԿ-երի եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներե խորագրով սեմինարը: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։
“Եվրոպական միության՝ “Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն” ծրագրի քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը բացման խոսքում նշեց, որ պետք է հարթակ ստեղծել Հայաստանի ՔՀԿ-երի եւ մեդիայի միջեւ հակակոռուպցիոն գործունեություն ծավալելու համար: Պարոն Սիմոնսը տեղեկացրեց, որ 2012 թվականին ծրագրի իրագործման համար ԵՄ-ի կողմից ֆինանսների նախարարությանն է փոխանցվել շուրջ 15 մլն եվրո, եւ նախատեսվում է առաջիկա չորս տարիների ընթացքում այդ գումարը հասցնել մինչեւ 100 միլիոնի: Ծրագրի թիմի ղեկավար Լոնդա Էսաձեն ընգծեց, որ կոռուպցիան Հայաստանի համար դեռեւս շատ լուրջ խնդիր է հանդիսանում, ինչպես այլ զարգացող երկրների համար: Սեմինարին հրավիրված “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, խոսելով կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մասին, ասաց. “Մինչեւ հիմա որեւէ տեղեկության չկա, թե ինչ է արվել այդ ծրագրի միջոցառումների շրջանակում: Հայտնի չէ՝ որ մասն է արվել, որ մասը՝ ոչե”,- մեջբերում է “Առավոտը”: