ՊՈՒՏԻՆԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փետրվարի 18-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն իր առաջին արտերկրյա այցը կատարեց հենց ՌԴ, այն երկիրը, որի նախագահն առաջինն էր շնորհավորել նրան՝ ընտրությունների հաջորդ իսկ օրը զանգահարելով: 
Իր խոսքի սկզբում Պուտինն անդրադարձել է նախագահական ընտրություններին, միայն թե նշել է, որ Ս. Սարգսյանի ստացած ավելի քան 60 տոկոս քվեն լավ արդյունք է: Նկատենք, որ ըստ պաշտոնական արդյունքների՝ նախագահական ընտրություններում Սարգսյանը ստացել է 58 տոկոս, եւ Պուտինի շեշտադրումը “60 տոկոսից ավելի” ձայն ստանալու մասին, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Ու սա այն դեպքում, երբ Երեւանի կենտրոնում հացադուլ է հայտարարել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կես միլիոն քվե է ստացել: Խոստովանենք՝ նման շեշտադրումներն այնքան էլ գեղեցիկ չեն հնչում, մանավանդ եթե ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, ու նման դեպքերում արտահայտությունների մեջ զգուշությունը չի խանգարում: Ի վերջո, ՌԴ-ն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: 
Սակայն մյուս կողմից ակնհայտ է՝ ՌԴ-ն իր հերթին, արեւմտյան երկրներն իրենց հերթին, “շոյում են” Սերժ Սարգսյանին որոշակի քաղաքական շահի դիմաց: Ընդ որում, եթե արեւմուտքը չի թաքցնում իր նպատակները՝ լեգիտիմություն ԼՂ խնդրի ու հայ-թուրքական հարցերի կարգավորման դիմաց, ապա ՌԴ-ի դեպքում ակնարկները միայն տողատակով են. դրանք հնչել են նաեւ այս անգամ: 
Պատահական չէ, որ Պուտինն առաջինը շեշտել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. “Անցյալ տարի մենք ավելի քան 20 տոկոս ապրանքաշրջանառության աճ ենք ունեցել: Եվ ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական շրջանառության մեջ վստահորեն պահպանել առաջին տեղը: Պետք է նշել, որ մենք առաջին տեղն ենք զբաղեցնում նաեւ Հայաստանում օտարերկրյա ներդրումների առումով՝ ավելի քան 3 մլրդ դոլար, եւ այս գործընթացը շարունակվում է: Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր”,-ասել է նա: 
Այլ կերպ ասած՝ Պուտինը հասկացնում է, որ Հայաստանի տնտեսությունը շատ բանով կախված է ՌԴ-ից: Ընդ որում, այս միտքը նա ասել է նաեւ այլ առիթների, օրինակ՝ նախորդ տարվա ԱԺ ընտրություններից հետո՝ օգոստոսին, Ս. Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ էլ Պուտինը հասկացրել էր, որ Հայաստանին այսօր իրականում ՌԴ-ն է պահում, մասնավորապես իր երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների միջոցով, որոնք տարեկան 1 մլրդ դոլար են ուղարկում Հայաստան: Այս հանդիպման ժամանակ եւս Պուտինը ,թեթեւակիե հիշատակել է ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին: “Պակաս ակտիվորեն չեն զարգանում մեր կապերը քաղաքական ոլորտում,-ասել է նա եւ հավելել,-այդ ամենը շատ լավ նախադրյալներ է ստեղծում մեր հարաբերությունների ամրապնդման համար, առաջին հերթին մարդկանց միջեւ, հումանիտար ոլորտում: Այստեղ կարեւոր դեր են խաղում ՌԴ-ում ապրող հայկական սփյուռքի միավորումները: Մեզ մոտ հայեր շատ կան, Դուք գիտեք: Նրանք մեր երկրի օրինավոր եւ արդյունավետ աշխատող քաղաքացիներ են եւ շարունակում են շատ սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետե: Սա՝ հանդիպման պաշտոնական մասի առումով: 
Իսկ փակ դռների հետեւում քննարկվել է հարցերի շատ ավելի լայն շրջանակ:
“Ժողովուրդ”-ի՝ նախագահական նստավայրի աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ եւս խոսվել է Մաքսային միության ու Եվրասիական միության վերաբերյալ, քննարկվել է նաեւ ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի սակագնի խնդիրը: Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ս. Սարգսյանին չի հաջողվել որեւէ կերպ համոզել, որ ռուսական կողմը չգնա գազի սակագնի կտրուկ բարձրացման. այս հարցի վերաբերյալ պաշտոնական Մոսկվան անդրդվելի է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 497 համար




Լրահոս