ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված փաստաբանական համայնքին, որը տեղադրված է Arm Lawyers-ի ֆեյսբուքյան խմբում:
Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի փաստաբան գործընկերներ,
Վերջին իրադարձությունները բուռն քննարկումների առիթ դարձան, ինչը ցավոք չանցավ բարիդրացիական մթնոլորտում։
Կցանկանայի մի քանի դիտարկում ներկայացնել՝
1. փաստաբանների պալատը՝ բոլոր փաստաբաններինն է։ Ես և խորհրդի անդամները ժամանակավոր ենք և որոշ ժամանակ հետո թողնելու ենք մեր արածների հետևանքները՝ թե լավ, թե՝ վատ-գնահատականը կտան փաստաբանները։
2. Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Նիկոլայ Բաղդասարյանը մեր գործընկերներն են և ունեն իրենց ներդրումը փաստաբանական համայնքի զարգացման հարցում։
3. Փաստաբանների պալատն ունի 1583 անդամ և հնարավոր չէ, որ 1583 փաստաբան մտածեն նույն կերպ կամ գործեն նույն կերպ.
4. Փաստաբանների պալատում պաշտոն զբաղեցնող անձը՝ ՓՊ նախագահ, ՓՊ խորհրդի անդամ և այլն, պետք է պատրաստ լինեն լսելու քննադատություններ, մեղադրանքներ, քանի որ այդ պաշտոնը ստանձնելով, իրենց որոշ ազատություններ (ասել ինչ կուզեն, պահել իրենց ոնց կուզեն) պետք է սահմանափակեն.
5. Ես պարտավոր եմ հեռատեսություն ցուցաբերել և ղեկավարվել փաստաբանների պալատի շահերով.
6. Պատրաստ եմ անձամբ ցանկացած ժամանակ ընդունել մեր խորհրդի անդամներին, կամ մեր փաստաբաններին և պատասխանել իրենց հարցերին։ Յուրաքանչյուրիդ կարծիքը կարևոր է։
Բոլորիս համերաշխության կոչ եմ անում և առաջարկում մտածել փաստաբանական համայնքի զարգացման մասին։
Միաժամանակ, մեր հաջորդ խնդիրը Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման հասնելուն ուղղված պայքարն է։
Հարգանքներով՝
Արա Զոհրաբյան»: