Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր` ձևավորվել է «Նոր Հայաստան» շարժումը, որը պայքարում է ոչ միայն Սահմանադրական փոփոխոխությունների դեմ, այլև իշխանափոխության համար:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը փոխանցեց, որ նոր ձևավորված շարժումից վտանգ չեն տեսնում: «Բոլոր ընտրություններից առաջ որոշակի միավորումներ ստեղծվում են: Դա իրենց գործն է, իրենք էլ իրենց նպատակներն ունեն»,-նշեց նա:
Վերջինիս խոսքով` ոչ ասողների մեջ անգամ կան մարդիկ որոնք նույնիսկ հանրությանը հայտնի չեն: «Ամեն օր «Ոչ»-ի շարժումներում ինչ որ բան փոխվում է, այնպես չէ, որ այդ մարդիկ էլ հստակ գիտեն իրենց կազմը: Տարբեր ժամանակահատվածում իրենց կազմն էլ է փոխվում»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին` Աճեմյանը նշեց, որ դեռ չեն հավաքվել, չեն որոշել, սակայն մոտակա ժամանակներում կուսակցական նիստեր կլինեն և քարոզարշավ կիրականացնեն: «Պետք է մենք ավելի կենտրոնացած աշխատենք, պետք է կարողանանք հասարակության հետ հանդիպումների ժամանակ ճիշտ բացատրել, որպեսզի վերջնական արդյունքում հասարակ քաղաքացին ճիշտ ընտրություն կատարի «այո»-ի և «ոչ»-ի մեջ: Քանի որ շատ հանդիպումներ արդեն ունեցել ենք` կարծում ենք որ մեր այս նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ»,-եզրափակեց իր խոսքը ՀՀԿ պատգամավորը: