«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այո-ի քարոզարշավը ԲՀԿ-ն ինչ-որ մեկի վրա չի թողնելու, իրենք աշխատելու են թիմով. մարզեր են գնալու միասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդանյանը նաեւ անդրադարձավ իր` կուսակցական գործերից մեկուսանալու մասին խոսակցություններին:
-Պարո՛ն Վարդանյան, հոկտեմբերի 10-ից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը: ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ ուժերի շարքում է: Ինչպե՞ս եք մասնակցելու այո-ի քարոզարշավին:
-Ես անպայման մասնակցելու եմ քարոզարշավին, բայց որեւէ պարտավորություն մեկի վրա դրված չէ, բոլորս էլ մարզեր ենք գնալու, որպեսզի հանրությանը բացատրենք, խոսենք, թե իրենից ինչ է ներկայացնում այս հանրաքվեն:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում Դուք կուսակցական աշխատանքներին չեք «խառնվում» ու այս դեպքում եւս որեւէ գործունեությամբ չեք զբաղվելու: Արդյո՞ք դա այդպես է, արդյո՞ք այլեւս կուսակցական աշխատանքներին չեք մասնակցելու:
-Կուսակցությունում մի հոգու վրա դրված չի լինելու այդ ամենը, կուսակցության քաղխորհրդի անդամները, ակտիվիստները, հնարավոր է՝ խմբերի բաժանվեն եւ մասնակցեն ամբողջ գործընթացին: Այնպես չէ, որ այս գործը կարող է իրականացնել մի հոգի, ու հենց այդ մի հոգուն էլ վստահվելու է ամբողջ աշխատանքը: Կուսակցությունում ամեն մեկն իր աշխատանքն է կատարում, բոլորն էլ իրենց մասնակցությունն ունեն: Չգիտեմ՝ որտեղից են այդ տեղեկությունները, բայց մենք աշխատում ենք միասին՝ ամեն մեկս մեր գործը կատարելով: Կուսակցությունում այդ հարցի հետ կապված որեւէ խնդիր, կոնֆլիկտ չկա, մարզային հանդիպումներին էլ ես մասնակցում եմ, ու պարտադիր չէ, որ բոլոր հանդիպումներին բոլորը ներկա գտնվեն: Խմբերով մասնակցում ենք հանդիպումների, օրինակ՝ մի քանի օր առաջ հանդիպում ենք ունեցել ԲՀԿ բոլոր կառույցների ղեկավարների հետ, խորհրդի անդամների հետ: Չկա նման բան, որ կուսակցությունում ինչ-որ տարաձայնություններ լինեն՝ հանդիպումների, մարզեր գնալու հետ կապված:
-Նշվում է, որ ԲՀԿ-ում որոշում է կայացվել Թամար Պողոսյանին վստահել ողջ մարզային աշխատանքը, ինչի պատճառով Դուք որոշել եք այլեւս կուսակցական գործունեությամբ չզբաղվել: Արդյո՞ք կուսակցությունից նեղացել եք:
-Ո՛չ ես, ո՛չ էլ Թամար Պողոսյանը անփոխարինելի չենք, մենք մեզ մոտ աշխատում ենք թիմային սկզբունքով, թիմային կազմակերպվածությամբ, մենք թիմով էլ կգնանք ու քարոզարշավը կանցկացնենք: Շատ հնարավոր է՝ բաժանումներ լինեն, ամեն մեկս մի մարզում լինենք, սա նշանակում է, որ քարոզարշավը չի դրվելու ինչ-որ մի անձի վրա: Ես չեմ տեսնում կուսակցությունում միակին, որը մենակով կկարողանա այս խնդիրը կարգավորել: Միանձնյա քարոզարշավ չի լինում, դա թիմային աշխատանք է, որը պետք է իրականացնել միասին՝ արդյունք ունենալու համար, ի վերջո, մենք պետք է միասին հանրությանն ասենք, թե ինչի համար են անհրաժեշտ այս փոփոխությունները: Կուսակցական աշխատանքը դա է, երբ մենք միասին ենք ու թիմով ենք անում այն, ինչը պետք է: Միայնակ որեւէ մեկը, որեւէ մարզ, գյուղ, քաղաք չի գնալու, գնալու ենք թիմերով, իսկ հարկ եղած դեպքում բոլորս միասին ենք գնալու:
-Իսկ ի՞նչ եք կոնկրետ Դուք անելու քարոզարշավի ժամանակ, ո՞րն է լինելու այն տարածքը, որտեղ պետք է այո քարոզեք:
-Ես չեմ կարծում, որ կուսակցությունում կոնկրետ անձի վրա ինչ-որ պարտավորություն դնեն, ու հենց այդ մեկն էլ պատասխան կտա: Մենք ունենք թիմ, անում ենք թիմային աշխատանք, բոլորս էլ միասին կփորձենք աշխատել, բոլորս էլ կաշխատենք այնպես, որ հանրությունը տեղեկանա, թե ինչի համար է պետք հանրաքվե իրականացնել: Պետք է ժողովրդին ասենք, թե որն է այս Սահմանադրության առավելությունը, մենք դա ենք ներկայացնելու: Պառլամենտական մոդելն ավելի արդյունավետ կաշխատի, ժողովրդի վիճակն էլ կլավանա, մենք ներկայացնելու ենք դրական կողմերը, իսկ եթե կլինեն բացասական կողմեր, կխոսենք նաեւ դրա մասին: Մենք ներկայացնելու ենք այն, ինչ կա, մենք խոսելու ենք այնպես, որ բոլորի համար հասկանալի լինի, թե իրենից ինչ է ներկայացնում նոր Սահմանադրությունը, ու ինչու ենք ցանկանում, որ այն փոփոխվի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ