Քոչարյանի իշխանությունն անցել է ստի և կեղծիքի միջով, Սարգսյանի համակարգն էլ ոչ մի բանով չի տարբերվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում ստախոսությունը եւ առանց իրենց հաշիվ տալու հայտարարություններ անելը դարձել է գործելաոճ: Այս երեւույթը Հայաստանի քաղաքական դաշտում արմատավորվեց եւ համընդհանուր երեւույթ դարձավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո:

Այսօր շատերը կհիշեն, թե ինչպես էին ԵԿՄ-ականները 2000 թվականի մարտին Մանվել Գրիգորյանի եւ այն ժամանակ ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանից պահանջում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ ԱԱԽՔ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը: Սակայն հայտարարության հեղինակները մի քանի օր անց մոռացան իրենց պահանջի մասին եւ դրանից ընդամենը երկու ամիս անց անտարբեր հետեւում էին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հաշվեհարդար տեսնում իրենց Սպարապետի եղբոր` Արամ Սարգսյանի հետ, որը հոկտեմբերի 27-ից հետո զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, եւ այդ պաշտոնից հեռացվեց 2000 թվականի մայիսի 1-ին: Դրանից հետո Անդրանիկ Մարգարյանը դարձավ ՀՀ վարչապետ, իսկ ԵԿՄ-ականները տարբեր պաշտոններ եւ արտոնություններ ստացան:

Ռոբերտ Քոչարյանի ողջ իշխանությունն անցել է ստի եւ կեղծիքի միջով, բավական է նշել, որ նա՝ որպես ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող, ամեն անգամ ստիպված էր ժողովրդավարության, իրավական պետության պաշտպանի դիրքերից հանդես գալ, իսկ գործնականում նրա գործունեության ողջ իմաստը հերթական միլիոնը կուտակելն էր, եւ նա պատրաստ էր հաշվեհարդար տեսնել, ընդհուպ ֆիզիկապես ոչնչացնել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեին իր ճանապարհին կանգնել: Այսինքն՝ հրապարակային դաշտում նա երկրի ղեկավար էր, իսկ իրականում մաֆիայի պարագլխի համբավ ուներ, եւ սա Հայաստանում գիտակցում էին բոլորը` պետական ծառայողից սկսած մինչեւ դաշտում հունձ անող գյուղացին:

Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած իշխանական համակարգը նույնպես նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ավելին՝ այս մարդիկ այլեւս վատ չեն զգում, որ այսօր հրապարակային ելույթում կամ լրագրողների ներկայությամբ ամենայն պատասխանատվությամբ հայտարարություններ են անում, իսկ հաջորդ օրը հակառակ գործողությունը կատարում: Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած իշխանության ստախոսության գագաթնակետը կարելի է համարել երկու իրադարձություն՝ մեկը գազի թանկացումը բացառելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունն էր, որը հնչել էր 2013-ի մարտի 18-ին հեռուստալրագրողների հետ հանդիպման ժամանակ, դրանից ընդամենը երեք ամիս անց գազը թանկացավ: Իսկ կեղծարարության մյուս, այսպես ասած, աշխարհացունց դեպքին մենք ականատես եղանք այս տարվա փետրվարի 12-ի հայտնի իրադարձությունների ժամանակ: Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ «խաչակրաց արշավանք» ծավալեց, որին միացավ ողջ իշխանական համակարգը: Ծառուկյանին ինչում ասես չմեղադրեցին, իսկ երբ նա «կապիտուլացիա» կնքեց, դրանից հետո նա կրկին դարձավ իշխանությունների սիրելին: Նման պայմաններում մնում է միայն պատկերացնել, թե Հայաստանի բնակիչը ինչ նողկանքով պետք է վերաբերվի տվյալ պաշտոնյաներին եւ իրեն ինչ-որ պահի ազգի առաջնորդ երեւակայած անձին ու նրա թիմակիցներին:

Սակայն իշխանությունների պահվածքը ինչ-որ տեղ հասկանալի է, նրանք այդպես են վարվում՝ իրենց իշխանությունը պահելու համար, բոլորի համար վաղուց փաստ է, որ վերջին 15 տարիներին Հայաստանում ձեւավորված իշխանական համակարգը մեր պետության համար դարձել է չարիք, եւ դրա գոյության պայմաններում երկիրը անընդհատ կորցնելու է՝ անկախ նրանից, թե համակարգի գլխին ով է կանգնած` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Պողոսը:

Ամենատարօրինակն այն է, որ վերջին 15 տարիների ընդդիմությունները եւս իրենց գործունեությամբ եւ որակական հատկանիշներով իշխանություններից չեն տարբերվել: Ըմդդիմությունը մշտապես խոստացել է Հայաստանը փրկել այն չարիքից, որը կոչվում է իշխանական համակարգ, դրան տարբեր անուններ է տրվել՝ «ղարաբաղյան կլան», «քրեաօլիգարխիկ համակարգ» եւ այսպես շարունակ: Ընդդիմադիր գործիչների կեղծավորություններին անվանական անդրադառնալուց ձեռնպահ ենք մնում: Բայց եթե մի պահ մտովի վերհիշեք նրանց ու իրենց ելույթները, ապա կհամոզվեք, որ նրանք իրենց կեղծավորությամբ որեւէ կերպ չեն տարբերվում իշխանություններից: Այսինքն՝ ընդդիմությունը եւս Հայաստանի բնակչությանը մշտապես վերաբերվել է որպես գործիքի եւ երբեք իրեն հաշիվ չի տվել, որ իր այս կամ այն հայտարարության համար վաղն ինքը մարդկանց պետք է հաշիվ տա:

Նույն ընդդիմադիր գործիչները երբեք վատ չեն զգացել իշխանությունների այս կամ այն ներկայացուցչի հասցեին ամենավերջին վիրավորական որակումները տալուց եւ հետո նրանց հետ «աշխատելուց»: Նրանց թվացել է, որ կարեւորն այն է, որ իրենք իշխանությունների հասցեին ամենավերջին հայհոյանքը տալով՝ իբրեւ արմատական ընդդիմություն ներկայանան՝ առանց հաշվի առնելու, թե այդ ամենը հետագայում մարդիկ ինչպես կգնահատեն, երբ հեռուստացույցով տեսնեն, թե ինչպես են իրենք այդ նույն չարիքների հետ «աշխատում»: Իսկ երբ ՀՀ քաղաքացիներն այդ նույն, իբր թե ընդդիմադիրներից երես են թեքել, վերջիններս այդպես էլ չեն ընդունել, որ մարդիկ ընդամենը իրենց գործունեության գնահատականն են տալիս:

Այսինքն՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմադիր գործիչները, որոնք հավակնում են իշխանության գալ, սկսեն գործել հնարավորինս ազնիվ: Ժամանակն է, որ ընդդիմադիրները հրապարակային հայտարարություն անելուց իրենց հաշիվ տան, թե ինչ են ասում եւ արդյոք կարող են իրենց ասածներն իրագործել կամ ապացուցել, որպեսզի իրենց պահվածքով մեխանիկորեն չդառնան իշխանությունների կեղտերը «մաքրող»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս