Մտավախություն չունեն. դատարանի նախագահների համար Սուրիկ Խաչատրյանի մտերիմի գործը շարքային գործ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու գործը շարքային գործ է: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա այդպես հավաստիացրեց` հավելելով, որ այդ գործի հետ կապված որեւէ մտավախություն չունի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2015թ մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր թիմակիցների հետ վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ:

Արդյունքում, տեղի ունեցած ծեծի գործով 5 անձի մեղադրանք էր առաջադրվել, որոնցից Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանքի տակ հայտնվեցին Յուրի Մանուչարյանը, մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նրա վարորդի որդին` Դերենիկ Ղեւոնդյանը, եւ եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիս Խաչատրյանը: Սակայն ինչպես եւ նախորդ գրեթե բոլոր դեպքերում, այս անգամ եւս Սյունիքի մարզպետի հարազատներին կալանքի տակ պահելու «շոուն» կարճ տեւեց:

Հոկտեմբերի 1-ին ազատ արձակվեց Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ավելին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Օրերս էլ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց մարզպետի վարորդի որդուն` Դերենիկ Ղեւոնդյանին:
Եվ եթե Տիգրան Խաչատրյանի ազատ արձակումը հարթ անցավ, ապա նրա վարորդի որդու նկատմամբ այդպիսի որոշումն արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը «շատ համարեց»` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանի որոշումը բողոքարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Ինչ ավարտ կունենա Սուրիկ Խաչատրյանի մերձավորների ազատ արձակման շուրջ իրավապահ համակարգի ներսում ծագած այս հակամարտությունը, դժվար է ասել: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս ամիսներ առաջ Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի մասնակից Դերենիկ Ղեւոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոցը էր կիրառել կալանավորումը: Սակայն նախօրեին քննիչի միջնորդությունը` կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ, դատարանի կողմից մերժվեց, փոխարենը բավարարվեց Ղեւոնդյանի պաշտպանի միջնորդությունը` խափանման միջոց սահմանելով գրավի դիմաց ազատ արձակումը: Ինչ փոխվեց այս երկու ամսվա ընթացքում, կամ ում հրահանգով դատարանի որոշումը փոխվեց:

-Որոշմանը, որ ծանոթանաք, այնտեղ ամեն ինչ պարզ գրված է: Քննիչի միջնորդությունն էլ է բավարարվել, պաշտպանինն էլ: Մնացած հանգամանքների վերաբերյալ ես որեւէ տեղեկություն չունեմ:

-Այդ դեպքում ինչո՞ւ այն ժամանակ գրավ չկիրառեցիք, սակայն հիմա որոշեցիք գրավի դիմաց ազատ արձակել: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է: Եթե նկատի առնենք, որ տուժողների ցուցմունքներում ոչինչ չի փոխվել, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչի հիման վրա է դատարանի գործողություններում այդպիսի փոփոխություն եղել:

-Ամեն ինչ որոշման մեջ կա, կարող եք ստանալ եւ տեսնել, թե ինչ է փոխվել:

-Այս աղմկալի ծեծը դարձել է երկու իրավապահ մարմինների գզվռտոցի պատճառներից, եւ հիմա երկու կառույցներն իրենց անկարողությունը «բարդեցին» դատարանի վրա: Ասել է թե՝ քննիչը միջնորդել է կալանավորել, դատարանն էլ որոշել է գրավի դիմաց ազատ արձակել:

-Ախր… դատարանի որոշումը որ կարդաք, այնտեղ պարզ, հստակ նշված է:

-Դուք՝ որպես դատարանի նախագահ, բացատրեք, հասկանանք:

-Ինչ ասեմ, դրա համար իրավաբանություն է պետք, չգիտեմ: Ամեն կալանքի երկարացման ժամանակ քննիչը պարտավոր է նոր հիմքեր, էս-էն անի… դատավորը ամեն ինչ գրել է, որ կարդաք, Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք:

-Իսկ կարող է՝ Սուրիկ Խաչատրյանն է այլընտրանքային ճանապարհով Ձեզ համոզել, որ այդպիսի որոշում կայացվի:

-Այնպիսի բան եք ասում՝ դատարանին կաշառել… որ անգան հաճելի չէ այս խոսակցությանը մասնակցելը:

-ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է որոշումը: Սա Ձեզ չի՞ մտահոգում:

-Իրենց իրավունք է, դատարանի որոշման հետ համամիտ չլինելու դեպքում դատախազը իրավունք ունի բողոք ներկայացնել, օգտվել են իրենց իրավունքից:

-Մտավախություն չունե՞ք, որ բողոքարկման արդյունքում որոշում կայացրած դատավորը կհայտնվի աննախանձելի վիճակում:

-Բացառվում է, եթե որոշումը կարդաք, Ձեզ համար հասկանալի կլինի ամեն ինչ, որոշման մեջ ամեն ինչ պատճառաբանված է: Որոշումը կարդացեք, ասելու բան չունեմ:

Հ. Գ. Նկատենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանի նախագահը նշեց, որ երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում, պարտավոր է նաեւ նոր հիմքեր ներկայացնել: Ասել է թե` դատարանի նախագահը որոշման մեղքը գցեց քննիչի վրա:

Իսկ մեղավոր է քննիչը, թե ոչ, կորոշի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ իր համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու գործը շարքային գործ է:

Մեր այն հարցին, թե մտավախություն չունե՞ն. մի կողմում Սյունիքի մարզպետի մտերիմի հարցն է, իսկ մյուս կողմում՝ դատախազության բողոքը, ի վերջո, դատարանից կողմերից մեկը պարտվելու է, ավելին՝ հաշվի առնելով նախորդ փորձերը՝ մարզպետը կարողացել է իրավապահ համակարգին համոզել եւ իր հարազատներին ջրից «չոր դուրս» բերել, դատարանի նախագահն ասաց. «Մտավախություն չունենք: Իմ նկատմամբ որեւէ ճնշում կամ այլ բան չկա»:

Քնար Մանուկյան




Լրահոս