Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը կզգացվի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում: Նման եզրահանգման է եկել «Спорт-Экспресс»-ը, որը ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց բացակայությունը կզգացվի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում:
«Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մխիթարյանը կրկնում է Ջորջ Բեստի և Ռայան Գիգզի ճակատագիրը: Իհարկե, Մխիթարյանին դեռ վաղ է համեմատել այդ լեգենդների հետ, բայց նա հայտնի բրիտանացիներին նման է այնքանով, որ իր մակարդակով գերազանցում է թիմակիցներին հավաքականում: Դա պատուհաս է Մխիթարյանի համար, քանի որ նա Բեստի եւ Գիգզի նման կարող է բաց թողնել բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը: Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը միայն ապացուցեց դա»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընտրական խմբում 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: