«Ժառանգություն» կուսակցությունում, առավել եւս՝ Աժ «Ժառանգություն» խմբակցությունում այս օրերին անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ թե՛ խորհրդարանում, թե՛ կուսակցությունում ժառանգականները «թեւերի» են բաժանվել, ու ամեն մեկն իր դիրքորոշումն է ներկայացնում: Դա ավելի ակնհայտ դարձավ հոկտեմբերի 5-ին՝ Աժ-ում Սահմանադրության նոր նախագծի քվեարկության ժամանակ, երբ խմբակցության երեք պատգամավորները տարբեր կերպ քվեարկեցին: Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ որոշել է «Նոր Հայաստան» ստեղծել ու պայքարել ոչ-ի ճամբարի ներկայացուցիչների հետ:
Ներկայումս «Ժառանգություն»-ը Աժ միակ ընդդիմադիր խմբակցությունն է, որի գոնե երկու անդամ չի ներկայացնում միանման դիրքորոշում: Սահմանադրական փոփոխությունների նախագծին, օրինակ, խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կողմ քվեարկեց, Ռուբեն Հակոբյանը, որը եւս կողմ է Սահմանադրության փոփոխությանը, իր դիրքորոշումը ներկայացրեց կուսակցությունից դուրս գալու որոշմանը զուգահեռ: Իսկ, ահա, Զարուհի Փոստանջյանը, ով պետք է ստանձնի խմբակցության ղեկավարի պաշտոնը, բայց խմբակցությունը չի «հավաքվում», որ նիստ անի ու հաստատի նրա նշանակումը, դեմ է քվեարկել նախագծին: Խմբակցությունից լիովին անկախ եւ մեկուսի գործունեություն է ծավալում Ալեքսանդր Արզումանյանը, որը եւս այս անգամ կողմ քվեարկողների շարքում էր:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա, ըստ հայտարարությունների, դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց դեռեւս այդ դեմ-ի առարկայական դրսեւորումները չեն նկատվում, քանի որ, ըստ կուսակցության պաշտոնական տեղեկատվության, Ր. Հովհաննիսյանը անձնական խնդիրների պատճառով Հայաստանում չէ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է խմբակցությունն իր գործունեությունն իրականացնելու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ:
-Պարո՛ն Պողոսյան, Դուք որեւէ կուսակցության անդամ չեք, սակայն խորհրդարանում կողմ եք քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Ինչպե՞ս եք Դուք իրականացնելու Ձեր այո-ի քարոզարշավը, ո՞րն է լինելու Ձեր գործունեության ձեւաչափը:
-Արդեն մի անգամ նշել եմ, որ տեղյակ չեմ, թե ովքեր եւ ինչ են նախաձեռնում, երբ է դա լինելու, ինչպես են այդ քարոզարշավն իրականացնելու, այդպիսի հատուկ խնդիր չունեմ դրած: Եթե առիթ կլինի երբեւէ խոսելու, ապա անպայման իմ տեսակետները կներկայացնեմ, չեմ դադարի խոսել խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետության մասին:
Իմ առաջարկությունները կապված են եղել քաղաքացիական իրավունքի ամրապնդման, ինչպես նաեւ՝ վերահսկողական ֆունկցիաների մեծացման հետ: Բայց մինչեւ հիմա դեռեւս տեղյակ չեմ, թե ինչ քարոզարշավներ կան, իրականացնողների կամ մասնակիցների վերաբերյալ եւս որեւէ տեղեկություն չունեմ: Այնպես որ, այդպես հատուկ բանի չեմ մասնակցելու, բայց եթե առիթ կլինի իմ դիրքորոշումը ներկայացնելու, անպայման խոսելու եմ, ներկայացնելու եմ:
-Քաղաքական կուսակցություններն արդեն որոշե՞լ են, թե որտեղ են լինելու եւ ինչպե՞ս են իրենց քարոզարշավն իրականացնելու, գուցե այո-ի ճամբարի որեւէ քաղաքական ուժի հետ ինչ-որ մի մարզ, գյուղ մեկնե՞ք՝ Ձեր դիրքորոշումը ներկայացնելու համար, թե՞ նման մտադրություն չունեք:
-Ես կուսակցական խնդիր չունեմ ու ուրախ եմ, որ ինչպես ոչ-ի, այնպես էլ այո-ի ճամբարները նախաձեռնություններ ունեն, թող իրենք էլ անեն այն ամենը, ինչը ցանկանում են: Ըստ օրենքի՝ երկու կողմերին էլ հավասար պայմաններ են ընձեռնվում, հիմա յուրաքանչյուրն ունի հավասար իրավունք, ու ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչպես է իրականացնելու իր քարոզարշավը:
Ես ծրագրեր չունեմ մարզեր գնալու, տեղյակ չեմ, թե մյուսներն ինչպես են դա կազմակերպելու, գուցե կուսակցությունները ներսում նման քննարկումներ իրականացնում են, եթե առիթ լինի, ես իմ դիրքորոշումը կներկայացնեմ: Արդյունավետությունն էլ կգնահատենք հանրաքվեի արդյունքներով:
-Այսօր Ձեր խմբակցությունում իսկական խառնաշփոթ է, այն աստիճան, որ խմբակցության անդամներով չեք հավաքվում՝ նիստ գումարելու եւ խմբակցության ղեկավար նշանակելու համար: Դուք՝ որպես խմբակցության քարտուղար, չեք կարողանո՞ւմ համախմբել խորհրդարանի Ձեր գործընկերներին` միահամուռ որոշում կայացնելու համար:
-Հիմա մեզ մոտ ձեւավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք, որպեսզի սա անցնի: Քանի որ չի ստացվում միասին նստել, հարցեր քննարկել, միասին դիրքորոշումներ ձեւավորել, երեւի ինչ-որ ժամանակ կանցնի, ամեն ինչ կհարթվի: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ