ՀՀ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 16-ին «Հայագրոֆորում» համաժողովի բացմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը», մանրամասնեց վարչապետը: Ողջունելով և շնորհավորելով համաժողովի մասնակիցներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը խորհրդանշական համարեց, որ այս տարի համաժողովի անցկացման օրը համընկել է ՄԱԿի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման օրվա հետ և շնորհավորեց կազմակերպությանը 70 ամյա հոբելյանի առթիվ:
«Մենք մեծապես կարևորում ենք գյուղատնտեսության դերը մեր երկրի տնտեսության կենսագործունեության, գյուղական համայնքների պահպանման և զարգացման, աղքատության հաղթահարման և որ ամենակարևորն է` երկրի պարենային անվտանգության ապահովման գործում», ասաց նա: Կառավարության ղեկավարը նշեց, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։ Իսկ 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ գյուղատնտեսությունն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` վարչապետը նկատեց, որ դրանց լուծման համար պահանջվում է պետական քաղաքականության նոր մոտեցումների կիրառում, օժանդակություն և ներդրումների ներգրավում: ՀՀում արդեն հինգերորդ տարին է, ինչ հոկտեմբերի երրորդ կիրակին պետականորեն նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել գյուղատնտեսության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն», եզրափակել է կառավարության ղեկավարը: Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Արարատի գինու գործարան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանին, «Եվրոթերմ» ՓԲԸ հիմնադիր Էդիկ Ղազարյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝ Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր Գևորգ Նազարյանին, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ տնօրեն Սարգիս Պողոսյանին, «Պրոգրես Ագրո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր Սարգիս Հովսեփյանին և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Աղվան Սահակյանին: