Կարծես թե արդեն սովորույթ է դառնում այն, որ մեր երկրում պաշտոնյաները գյուղացիների ձայնը լսում են միայն այն դեպքում, երբ նրանք դիմում են ծայրահեղ քայլերի եւ փակում են այս կամ այն մայրուղին: Խաղողագործների պարբերական բողոքի ակցիաներին հաջորդեց Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների ընդվզման դրսեւորումը` դարձյալ միջպետական ճանապարհի փակման տեսքով:
Երեկ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները սմբուկի եւ լոլիկի մթերման ցածր գների եւ վարկային մեծ պարտավորությունների պատճառով փակել էին Երեւան-Արմավիր միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին լուծել պտուղ-բանջարեղենի մթերման հետ կապված խնդիրները, բանակցել բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, որպեսզի վերջիններս սառեցնեն վարկերի տոկոսադրույքները, քանի որ այս տարի ընդհանրապես չեն կարողացել բերք իրացնել: Բողոքող գյուղացիների խոսքերով՝ սմբուկ, լոլիկ մթերող կազմակերպությունները մեկ կիլոգրամի դիմաց առաջարկում են 40 դրամ, ինչը, բնականաբար, գյուղացիների համար անընդունելի գին է:
Բողոքող գյուղացիների հետ հանդիպման գնացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «ԱԳԲԱ կրեդիտ Ագրիկոլ» բանկի Էջմիածնի եւ Արմավիրի մասնաճյուղերի կառավարիչներին, «Նոյան» բնական հյութերի գործարանի տնօրենին եւ մի քանի արշալույսցիների հրավիրել էր մարզպետարան՝ խորհրդակցության:
Օրվա վերջում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ բանկի ներկայացուցիչները խոստացել են բոլորի հետ անհատական աշխատել, անգամ վարկավորման խնդիր կարգավորել: ««Նոյան» գործարանի տնօրենը պատրաստակամություն հայտնեց 1500 տոննա լոլիկ մթերել՝ 40 դրամով: Իսկ սմբուկի մասով Պռոշյանի գործարանը, նաեւ «Նոյան»-ը, պատրաստ է օրական 5-10 տոննա մթերել՝ 30 դրամով»,- ներկայացրեց մարզպետը:
Թեեւ նշված գինը չափազանց ցածր է, այնուամենայնիվ, գոնե խնդրին ինչ-որ լուծում է, եւ գոնե մարզպետը ինչ-որ քայլեր անում է: Մինչդեռ մեր Կառավարությունում կան բազմաթիվ օղակներ, որոնց անգործության արդյունքում է այսօր նման պատկեր ստեղծվել: Ինչպես հայտնի է՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ ՀՀ Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի բնակիչները կանգնած են խաղողի մթերման հետ կապված դժվարությունների առաջ: Մինչ բոլորը շտապում են քարկոծել գյուղատնտեսության նախարարությանը, նկատենք, որ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես իր մասով ոչինչ չի ձեռնարկում, այնինչ ստեղծված իրավիճակը զգալի չափով նաեւ այս կառույցի վատ աշխատանքի արդյունքն է:
Հենց այս գերատեսչության գործառույթն է տնտեսության կազմակերպումը, մասնավորապես այն, որ ձեռնարկությունները բնականոն զարգանան, ապրանք արտահանեն: Այս ամենի հետ կապված քաղաքական խնդիրները պետք է լուծի հենց էկոնոմիկայի նախարարությունը եւ քայլեր ձեռնարկի գործարար դաշտի բարելավման եւ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Սակայն ինչ է անում վերջինս: Ոչինչ: Եւ սրա վառ ապացույցն է երկրում առաջացած պատկերը. գյուղացին օրերով հերթ է կանգնում գործարանի մուտքի մոտ, վերջինս հրաժարվում է այն մթերել, քանի որ արտահանել չի կարողանում եւ այսպես շարունակ:
Այսպիսով, այսօր կարելի է հստակ ասել, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տվյալ կառույցը պարզապես պարապուրդի է մատնվել: Մինչդեռ մինչ ԵՏՄ-ին անդամակցելը Կառավարությունում անընդմեջ հայտարարում էին, թե 170 միլիոնանոց շուկան բացվելու է մեր գործարարների առաջ, եւ հատկապես մեծ զարգացում է ապրելու գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը: Նաեւ հավաստիացումներ էին տրվում առ այն, որ արտահանման եւ ներմուծման հետ կապված խնդիրները մեծ արագությամբ կլուծվեն, իսկ բոլոր տեղական արտադրողներն էլ կկարողանան անարգել մեծ քանակությամբ արտադրանք արտահանել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Սակայն ինչպես տեսնում ենք` Կառավարության բոլոր խոստումները գրոշի արժեք անգամ չունեցան, եւ այսօր կոտրած տաշտակի առաջ են կանգնած ինչպես գյուղացիները, այնպես էլ նրանց բերքը մթերելու միջոցներ չունեցող արտադրողները:
Եվ, ահա, այս իրավիճակում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իրեն այնպես է պահում, կարծես մեր երկիրը Գերմանիայի կամ Սինգապուրի էկոնոմիկան ունի: Նախարարը բառացիորեն մատը մատին չի խփում, մինչդեռ ստեղծված իրավիճակում նա պետք է շուրջօրյա աշխատեր` գոնե նվազագույն ելքեր փնտրելու նպատակով: Իսկ Ճշմարիտյանն իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես 2012-2014 թվականներին, երբ ԱԺ պատգամավոր էր. այսինքն` որեւէ նախաձեռնություն չի ցուցաբերում, մշտապես ստվերում է, իսկ լրագրողների հարցերին էլ թերանում է պատասխանել:
Էկոնոմիկայի նախարարին ամենեւին չի հուզում այն, որ երկրում սնանկացող ընկերությունների թիվն օր օրի ավելանում է: Ընդհանրապես, տպավորություն է, որ էկոնոմիկայի նախարարությանը չեն վերաբերում տնտեսության որեւէ ճյուղում, առավել եւս` գյուղատնտեսությունում առկա խնդիրները:
Այնինչ` պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին մի քանի տարիներին ՀՆԱ-ի մեծ մասը բաժին է ընկել հենց գյուղատնտեսությանը: Ու հնարավոր բոլոր տեսակի աճերը պաշտոնական վիճակագիրները «նկարում են» հենց գյուղատնտեսության միջոցով: Իսկ այդ ցուցանիշներով էլ առավելապես գլուխ է գովում Ճշմարիտյանը, որը, սակայն գինու, կոնյակի գործարանների արտադրանքի իրացման համար նոր շուկաների ձեռք բերման կամ գոնե եղածների պահպանման ուղղությամբ որեւէ բան չի անում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կոնյակի, գարեջրի արտադրության ծավալները շարունակ նվազում են, եւ դրա պատճառներից մեկն էլ արտահանման ծավալների անկումն է: Հենց այս հարցը կարգավորելու դեպքում միայն գյուղացին այսօր կարող էր չառնչվել մթերման հետ կապված խնդիրներին:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ակտիվ խոսակցություններ էին գնում այն մասին, որ առաջիկայում էկոնոմիկայի նախարարությունում սպասվում են լուրջ կառուցվածքային փոփոխություններ: Նշվում էր, որ նախարար Ճշմարիտյանի անարդյունավետ գործունեությունից դժգոհություններ ունի նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հուսանք, որ վերամշակող գործարանների մուտքերի մոտ ստեղծված պատկերը իշխանություններին կստիպի հասկանալ, որ Կարեն Ճշմարիտյանը տեղում չէ:
Սյունէ Համբարձումյան