Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը կողմ քվեարկեց նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը: Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը նախագիծը հանրաքվեի դնելու օր նշանակեց դեկտեմբերի 6-ը: Եւ պետք է նկատենք, որ ի տարբերություն մայրաքաղաքային պաշտոնյաների` մարզերում նույնիսկ գյուղապետերը տեղյակ չեն, թե երբ է նշանակվել հանրաքվեի օրը:
Այս թեմայի շուրջ «ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանի եւ Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանի հետ:
Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյան
-Պարո՛ն Ավագյան, դեկտեմբերի 6-ին Հայաստանում նշանակվել է Սահմանադրության հանրաքվեի օր…
-Ձեզանից եմ առաջին անգամ տեղեկանում: Ինձ չեն տեղեկացրել, գիտեի, որ օր պետք է նշանակվեր:
-Ինչպե՞ս են գյուղի բնակիչները տրամադրված Սահմանադրության հանրաքվեին մասնակցելուն:
-Գյուղում ամեն ինչ հանգիստ է: Փոքր գյուղ է, մենք մարզկենտրոնից 30-40 կմ հեռավորության վրա ենք գտնվում եւ Սահմանադրության հանրաքվեից ցնցումների մեջ չենք ընկնում: Ընդհանրապես, մարդիկ չեն խոսում այդ մասին: Եթե գտնում են, որ այս փոփոխությունը օգտակար կլինի իրենց համար, ապա այո, կքվեարկեն:
Բնունիսի գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյան
-Պարո՛ն Հովհաննիսյան, Բնունիսի բնակիչները ի՞նչ մտահոգություններ ունեն կապված Սահմանադրության հանրաքվեի հետ:
-Մեր գյուղում սովորական մթնոլորտ է: Քարոզարշավի ժամանակ մարդիկ իրենց հարցերի պատասխանները կստանան: Հիմա այնքան զբաղված են մարդիկ, աշուն է, բերքահավաք է, ժամանակ էլ չունեն, որ ծանրութեթեւ անեն: Գյուղացին միայն իր հոգսերի մասին է մտածում:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ