«Հայկական Վերածնունդ» սփյուռքահայ քաղաքացիական կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ՀՀ իշխող ռեժիմի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների առնչությամբ: Ակնհայտ է, որ ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը՝ մոտենալով իր անօրինաբար բռնազավթած նախագահական իշխանության ավարտին փորձում է իշխանությանը կառչել՝ հանրապետության հիմնական օրենքը ըստ իր և իր գլխավորած կուսակցության կարիքների ձևափոխելով:
Ուսումնասիրելով առաջադրված սահմանադրական փոփոխությունները և դրանց վերաբերյալ անկախ փորձագետների կարծիքները եկել ենք այն եզրահանգմանը, որ նշված փոփոխությունները ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը ապահովելու գործիք են, այլ նաև պարունակում են բազմաթիվ տագնապալի ձևակերպումներ, որոնք սահմանափակում են մարդու իրավունքները, նպաստում են միակուսակցական իշխանության հաստատմանը և վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:
«Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների քողի ներքո ռեժիմը ձեռնամուխ է եղել Հայոց պետականության դեմ լայնամասշտաբ խարդավանքի և արկածախնդրության՝ հանուն սեփական նեղ շահերի սպասարկման և արհամարելով դրա աղետալի հետևանքները: Հայաստանաբնակ մեր քույրերին և եղբայներին կոչ ենք անում վճռականորեն մերժել այս վտանգավոր նախաձեռնությունը և զերծ պահել գործող սահմանադրությունը ռեժիմի նենգամիտ ոտնձգություններից:
«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ