ԱՆԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում վերջերս տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը: Կառավարության պաշտոնական կայքում կարդում ես այս մասին տեղեկատվությունը ու չգիտես` որ երկրում ես ապրում` անիրակա՞ն, թե՞ իրական Հայաստանում: 
Եթե իրական Հայաստանում, ապա ի՞նչ խոսք կարող է լինել գյուղական կարողությունների ստեղծման եւ ֆերմերների համար շուկայավարման հնարավորությունների ապահովման մասին, երբ նույնիսկ եղած ջերմոցային տնտեսությունները բնական գազի բարձր սակագների եւ սպասվող թանկացման, վարկերի բարձր տոկոսադրույքների, երբեմն անորակ, չգիտես թե ինչպես Հայաստան ներկրված սերմերի եւ այլ պատճառներով, մեկը մյուսի հետեւից սնանկանում, կազմաքանդվում են, որոշների տերերն էլ, մինչ բանը դրան կհասնի, իրենց բիզնեսը տեղափոխում են Ռուսաստան:
Եվ միայն գյուղատնտեսության ոլորտում չէ, որ բախվում ենք իրական եւ անիրական Հայաստանի խնդրին: ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակել է երկրի տնտեսական զարգացման 2012թ. կարեւոր ցուցանիշները, որոնք նույն օրն արդեն ամփոփել էր Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7.2 տոկոս` 0.2-ով ավելի, քան երկրի նախագահը կառավարությանն առջեւ դրել էր որպես թիրախային ցուցանիշ: Այս չնչին գերազանցումը, դատելով ամենից, բավական ոգեւորել է վարչապետին, որը նշել է, որ  2013թ. համար ծրագրել են 6.2 տոկոս տնտեսական աճ:
Խոսք չկա, ՀՆԱ-ի աճ ապահովելու, այդ մասին ի լուր աշխարհի հայտարարելու, ինչպես նաեւ քաղաքական հակառակորդների բերանը փակելու համար իսկապես փայլուն մեթոդ է ընտրված. նախագահը կառավարության առջեւ ի սկզբանե դնում է համեստ, ՀՀ տնտեսական զարգացման հրամայականներին չհամապատասխանող ՀՆԱ-ի ցուցանիշ, կառավարությունը հասնում է դրան, եւ ստացվում է, որ երկրում ամեն ինչ լավ է, համենայնդեպս, վատ չէ… սակայն արդյունքում գնալով ավելանում է աղքատության մակարդակը: 
Ինչ վերաբերվում է 2013թ. համար ծրագրված 6.2 տոկոս տնտեսական աճին հասնելուն, ապա Տիգրան Սարգսյանն իզուր է գործընկերներին հիշեցնում, որ պետք է բավական լարված աշխատանք կատարեն այն իրականություն դարձնելու համար: Վարչապետին եւ կառավարությանը դրա բազմաթիվ հնարքներ, մեթոդներ են հայտնի, երբ այդ տնտեսական աճը փաստաթղթերով կարողանում են ապացուցել, բայց դրանից բնակչության գերակշիռ մեծամասնության կենսամակարդակի բարելավում չի լինում: Ինչ-ինչ, բայց բյուջեի եկամտային մասն ապահովելու հարցում մտահոգվելու կարիք ընդհանրապես չկա, ախր դա այնքան հեշտ է. կառավարությունը վերցնում եւ ավելացնում է ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը, իհարկե, անտեսելով,  որ  դրա հետեւանքով ատամնաբույժները եւ ատամնատեխնիկներն իրենցից գանձվող հավելյալ գումարները, ի վերջո, հանելու են նշված ծառայություններից օգտվողների գրպանից, որոնց մեծ մասը բավարար վաստակ չունեցող քաղաքացիներ են: Ի՞նչ անեն մարդիկ, ատամը ցավի, ատամնաբույժի չդիմե՞ն: 
Վերը նշված իրողությունը անտեսելով՝ կառավարությունը նույն նիստում մերժել է ««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում լրացումներ կատարելու առաջարկը, որը ներկայացրել էին ԱԺ մի խումբ պատգամավորներ: Կառավարության եզրակացության համաձայն` նախագծի ընդունումը ենթադրում է ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեության հարկային բեռի էական նվազեցում, ինչն ընդունելի չէ: Հենց այսպես: 
Այս նույն տրամաբանությամբ կառավարությունը վաղը կամ մյուս օրը կարող է բարձրացնել նաեւ մյուս բժիշկների, տաքսիստների, վարսահարդարների, ավտովերանորոգողների, հեռուստացույցներ եւ կենցաղային տեխնիկա նորոգողների եւ այլոց հարկային բեռը: Այսպիսով, ժողովրդից գումարներ քամելով, կարող է ապահովել բյուջեի եկամուտները, նախանշված ցուցանիշները դեռ մի քիչ էլ գերակատարել եւ ինքնագոհ հայտարարել այդ մասին: Երբ ՀՀ նախագահը վարչապետից բացատրություն չի պահանջում, թե ինչու են պետության իրական շատ հարստություններ մի կողմ թողած՝ բյուջեի եկամուտներն ապահովում այս կերպ` ժողովրդի գրպանի ու կենսամակարդակի հաշվին, մնում է, որ այդ բացատրությունը ժողովուրդը պահանջի Տիգրան Սարգսյանի կառավարությունից ու նրան ցույց տա իր տեղը:
Անդրադառնալով պետության իրական հարստություններին՝ չենք կարող չնկատել, որ կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կարծես այդ հարստությունների թշնամին լինի: Կենտրոնական բանկում ոսկե ձուլածոներով պահվող պահուստների խայտառակ վաճառքը կարծես քիչ էր, հիմա էլ պատրաստվում են Երեւանի ոսկերչական գործարանն ինչ-որ մեկին սեփականաշնորհել: Անհասկանալի է, թե գործադիրն ինչու է օտարում պետության «ածան հավին»` դեմ գնալով տրամաբանությանն ու ողջախոհությանը, երբ ճիշտ հակառակը` երկրի տնտեսությունը պետք է փորձեր ոտքի կանգնեցնել հենց այսպիսի ձեռնարկությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում ներդրումներ կատարելով, մարքեթինգով զբաղվելով եւ, ի վերջո, շահույթ ստանալով: 
Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշելով, որ պետական մասնակցությունը հիշյալ ընկերությունում 80% է, վարչապետը կառավարության փետրվարի 28-ի նիստում արծարծել է ձեռնարկության սեփականաշնորհման հարցը: Եվ սա` այն դեպքում, երբ օրենսդրորեն արգելված չէ, որ որեւէ ընկերությունում պետական բաժնեմասը 80 կամ, թեկուզ, 100 տոկոս լինի: ՀՀ Սահմանադրությամբ սեփականության բոլոր ձեւերը, այդ թվում եւ` պետական, գոյության հավասար իրավունք ունեն: 
Ավելին, արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի իրական արժեքը նվազեցնելու ուղղությամբ, ինչը, կարծում ենք, դեմ է պետական շահի տրամաբանությանը: Հիմք ընդունելով նշված ընկերության 2011թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը որոշել է թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս