10 տարի շարունակ դժգոհեցինք Վարդան Օսկանյանի պաշտոնավարումից եւ արդյունքում, Սփյուռքի նախարարության «Տուն արի» նախաձեռնության հետեւանքով Հայաստան վերադարձավ 30 տարի բացակայած Էդուարդ Նալբանդյանը:Ներկայիս նախարարը իր գործունեության երեք տարիների ընթացքում հասավ եւ անցավ «Սիվիլիթասի» ղեկավարին` թույլ տված սխալների, դիվանագիտական պարտությունների, Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ միջազգային կառույցների ու պետությունների բացասական գնահատականների քանակների առումով: Անցած տարվա ընթացքում հայկական դիվանագիտության միակ հաջողությունը Սերժ Սարգսյանի համար կազմակերպված այցերն էին օվշորների հայրենիք Կիպրոս եւ տնտեսական քաոսի մեջ գտնվող Հունաստան: Թերեւս, ավելի նպատակահարմար եւ արդյունավետ կլիներ նախագահի փոխարեն վերոհիշյալ երկրներ գործուղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին: Ձախողման գագաթնակետը ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծումն էր, երբ նախաձեռնողական արտաքին քաղաքականության ճարտարապետները չկարողացան քվեարկության ժամանակ գեթ մեկ «դեմ» ձայն ապահովել: Չի բացառվում, որ այս միտումը շարունակվի, եւ առաջիկայում Ադրբեջանի կողմից ներկայացված տխրահռչակ բանաձեւի նածագիծը կրկին մտնի ՄԱԿ-ի օրակարգ: Ամենայն հավանականությամբ` հանձնաժողովի վերստեղծումը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում դիտարկվել է նախաձեռնողական քաղաքականության տեսանկյունից: Որքան շատ հանձնաժողով` այնքան շատ մարդ կիմանա Արցախի հիմնախնդրի մասին, որքան շատ հանձնաժողով` այնքան մեր դիվանագետները` նախարարի գլխավորությամբ, կստանան նորանոր հնարավորություններ` պատմելու նախաձեռնողական քաղաքականության առավելությունների մասին: Թեպետ, մյուս կողմից էլ, հայոց դիվանագիտությունը հո պարապ չէր նստելու ու սպասելու Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ավարտին: Պետք էր չէ՞ զբաղվել որեւէ գործով:Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հասան նրան, որ ոչնչացրեցին Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմ, միջազգայնորեն ճանաչված մանդատը, ապա Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալաբանդյանի նախաձեռնողական քաղաքականությունն այսպես շարունակվելու դեպքում կհանգեցնի նրան, որ արդեն Հայաստանն էլ կդադարի բանակցությունների կողմ լինել: Եւ եթե իշխանությունները մինչ օրս դեռ չեն հանձնել Արցախին հարակից ազատագրված տարածքները, ապա դրա համար պարտական ենք բացառապես ռուս-ամերիկյան, ռուս-թուրքական եւ ամերիկա-իրանական աշխահաքաղաքական հակասություներին:Ինչեւէ, ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի մտահոգությունը` կապված Ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող լարվածության հետ, խորապես անհանգստացնում է նաեւ հայ ժողովրդին` հաշվի առնելով մեր դիվանագիտության մասնագիտական պատրաստվածությունը: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԱՍՏՎԱԾ Է՛Լ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ