ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը մարտի 11-ին դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները, կա՛մ Ր. Հովհաննիսյանին ճանաչել հաղթած թեկնածու:
Հարց. Ի՞նչ սպասելիքներ ունեք Սահմանադրական դատարանից, արդյո՞ք կբավարարի թեկնածուների պահանջներից առնվազն մեկը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես կոորդինացնում էի միասնական շտաբի աշխատանքները, ինձ հաջողվեց հասնել նրան, որ միասնական շտաբի մաս կազմող բոլոր կուսակցությունները միասնաբար՝ ի դեմս ԱԺ պատգամավորների, անհրաժեշտ թվաքանակի ստորագրություններ հավաքեցինք եւ դիմեցինք ՍԴ: Խնդրեցինք անհրաժեշտ փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում` նպատակ ունենալով ճշտել, թե ովքեր են մասնակցել ընտրությանը, ինչ թվաքանակով, իսկ արդյունքում ՍԴ-ն մերժեց մեր հայցադիմումը: Մենք ուզում էինք բացառել երկակի քվեարկության փաստը, մեռյալ հոգիների` ընտրությանը մասնակցելու հնարավորությունը, ինչը գիտենք, որ ընտրախախտումների հիմնական օգտագործվող մեխանիզմներից մեկն է: Հաշվի առնելով այս փորձը՝ կարող եմ ասել, որ ոչ մի սպասելիք չունեմ, եւ ՍԴ-ի այդ որոշումը լինելու է իշխանության թեկնածուի օգտին:
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագետների միության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես ոչ մի սպասելիք: Մեր ՍԴ-ն հիմնադրման օրվանից անկախ չէ: Ես չեմ վստահում նրա կայացրած ոչ մի դատավճռի: Արդարությունից խոսելիս կհիշատակեի Պեպոյի մենախոսությունից մի հատված. «Բաս քու խղճի դավթրո՞ւմն էլ չի գրված»:
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
հաղորդավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի սպասելիք չունեմ: ՍԴ-ն արդեն վաղուց դարձել է վարչական գործիք, որն օգտագործվում է իշխանությունների կողմից: Մնացածը թատերական ներկայացում է, որն իրագործվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հմուտ բեմադրությամբ:
ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ
ՀԱԿ անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ