ՊԱՀԱՆՋԵՑ 13 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: 
Այս քրգործով դատաքննության փուլն արդեն ավարտվել է, եւ սկսվել են դատական վիճաբանությունները: Մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը հանդես եկան մեղադրական ճառով: Շուրջ 60 էջ կազմող մեղադրական եզրակացությունը սկզբից ընթերցում էր Հայկ Հարոյանը, հետո՝ Հարություն Հարությունյանը: Ընթերցումը սկսվեց ժամը 11-ին եւ ավարտվեց ժամը 15-ին՝ չհաշված մեկժամյա ընդմիջումը: Մեղադրական ճառը մեղադրողներն ընթերցեցին միապաղաղ ձայնով, դրանում շատ էին նույն փաստերի կրկնությունները: Այդ պատճառով լեփ-լեցուն դահլիճում 5-6 հոգի քնել էին: Միապաղաղ մթնոլորտը փոքր-ինչ խախտվեց, երբ դատավոր Սամվել Մարդանյանը մաստակ ծամելու համար դիտողություն արեց «Սիվիլնեթ»-ի երիտասարդ լրագրողուհուն: Աղջիկն ասաց, որ ինքը ծամոն չի ծամում: Քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը հայտարարեց, որ աղջիկն իրավունք ունի ծամոն ծամելու, եւ դատավորը պարտավոր է դիմել «դուք»-ով: Դատավոր Մարդանյանն այս անգամ դիմեց «դուք»-ով: Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Գրիգորյանը նիստի ընթացքում փորձեց դահլիճ բերել արդար դատավարություն պահանջող պաստառներ, սակայն դատական կարգադրիչները թույլ չտվեցին: 
Պետական մեղադրողների ճառի հիմնական բովանդակությունն այն էր, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետն ավարտած Արտակ Նազարյանը, հիմնական աշխատանք չունենալով, դարձել է պայմանագրային զինծառայող: Ծառայակիցները նրան բնութագրել են որպես բարի, կարեկից անձնավորություն, որը, սակայն, դասակի հրամանատարի, հենակետի ավագի իր աշխատանքում որոշակի թերություններ է ունեցել: Համաձայն մեղադրանքի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտած, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկանը հակակրանք է տածել Ա. Նազարյանի հանդեպ, նսեմացրել նրա արժապատվությունը: Ընդ որում, դա արել է զինվորների աչքի առաջ: Հակոբ Մանուկյանը տարբեր առիթներով մի քանի անգամ կռվի է բռնվել Արտակ Նազարյանի հետ, հարվածներ հասցրել նրան: Առաջադրված մեղադրանքի  համաձայն՝ Նազարյանին նսեմացրել, հարվածել են նաեւ հարեւան հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը եւ Նազարյանի ենթակա ժամկետային զինծառայողներ` Մխիթար Մխիթարյանը, Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը: Մեղադրողները հայտարարեցին, որ Նազարյանը, ունենալով ներփակ բնավորություն եւ չկարողանալով հաշտվել իր իդեալների կործանման հետ, դիմել է ինքնասպանության: Իսկ Արտակի հարազատները ցուցմունք էին տվել, որ Նազարյանը, լինելով հավատացյալ, չէր կարող ինքնասպանություն գործել: Մեղադրողներն իրենց ճառում պահանջեցին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համակցությամբ կապիտան Հ. Մանուկյանին դատապարտել 13, լեյտենանտ Վ. Հայրապետյանին, ժամկետային զինծառայողներ Ա. Հովհաննիսյանին, Մ. Մխիթարյանին 4-ական, իսկ ժամկետային զինծառայող, ներկայում զորացրված Հ. Կիրակոսյանին` 2 տարվա ազատազրկման: Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 26-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս