«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը յուրահատուկ երկիր է, հայ ժողովուրդն էլ՝ աշխարհի ամենայուրահատուկ ժողովուրդը: Այստեղ՝ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս՝ աշխարհում, հայերն իրենց հանապազօրյա կյանքով ու գործունեությամբ ապացուցում են ժողովրդական իմաստնություններն ու բանահյուսական դարձվածքները: «Տաշած քարը գետնին չի մնա», «Կարմիր կովը կաշին չի փոխում», եւ այլն:
Մենք աշխարհի ամենասկզբունքային ազգն ենք՝ այն պարզ պատճառով, որ սկզբունք չունենք, բացի մեր անսկզբունքայնությունն ու հարմարվողականությունն արդարացնելու համար հորինված լալահառաչ պսեւդոհայրենասիրական տեքստերից: Շաբաթվա կենտ օրերին արեւմտամետ ենք, զույգ օրերին՝ ռուսամետ, շաբաթ-կիրակին էլ անցկացնում ենք Իրանի ու Չինաստանի հետ հիպերնախագծեր իրականացնելու դատարկաբանությամբ: Ազգովի՝ ընդհանուր առմամբ, եւ անհատապես: Երեկ ուրբաթ էր, սովորական ուրբաթ: Բայց քանի որ մենք արտասովոր ազգ ենք, անգամ ամենասովորական ուրբաթները կարող ենք վերածել իսկական տոնի, հրավառության: Ոչ, երեկ որեւէ օլիգարխի վարորդի հարսանիք չի կայացել, նույնիսկ որեւէ վարչության պետ չի նշանվել… երեկ ընդամենը հայտնի է դարձել, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտածողությամբ՝ կոսմոպոլիտ, կյանքով՝ հանրապետական, այսինքն՝ հարմարվողական Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Այո, այո, սա նույն Տիգրան Սարգսյանն է, ով իբրեւ թե իր արեւմտամետությամբ վարկեր էր ներգրավում միջազգային կազմակերպություններից, նա նույն այն Տիգրան Սարգսյանն է, ով աշխատանքային ժամերին դատողություններ էր անում մտքի հեղափոխության մասին:
Այո, խոսքը նույն Տիգրան Սարգսյանի մասին է, ով մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ն ապրում էր Հայաստանի եվրոպական տեսլականով, իսկ սեպտեմբերի 3-ից հետո հայտնաբերեց, որ իր ապրածը տեսիլք էր, եւ իսկույն տոգորվեց եվրասիականության մոլուցքով:
Այնքան տոգորվեց, մինչեւ պաշտոնանկ արվեց վարչապետի պաշտոնից եւ նշանակվեց ոչ թե՝ Չելյաբինսկում ՀՀ հյուպատոս, այլ՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան: Փաստորեն, Վաշինգտոնը Հայաստանի պաշտոնյաների համար ցատկահարթակ է՝ եվրասիական կարիերա անելու ճանապարհին: Իրականում խնդիրը, իհարկե, Տիգրան Սարգսյանի անձը չէ: Նրան այդ պաշտոնում ներկայացրել է Հայաստանի իշխանությունը, որի արժանի ներկայացուցիչն է Տիգրան Սարգսյանը:
Նա, իհարկե, կարող էր այնքան ինքնուրույնություն ունենալ, որ հրաժարվեր այդ մեծահոգի առաջարկից՝ հղում անելով գոնե իր ցուցադրական եվրոպականությանը: Բայց ոչ, ինչո՞ւ հրաժարվել մի աշխատանքից, որը ստեղծվել է մի ամբողջ Վլադիմիր Պուտինի կայսերապաշտական նկրտումները բավարարելու համար: Կարելի է ոչ միայն չհրաժարվել, այլեւ այդ հնարավորությունն օգտագործել ըստ արժանվույն: Այնպես որ, առաջ՝ դեպի Եվրասիական միություն, Տիգրան Սուրենովիչ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: