Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունը փաստացի հրապարակեց այս պահի դրությամբ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը, այն է՝ 2 միլիոն 548 հազար 654: Իսկ որքան ընտրող կա իրականում, կամ ավելի ճիշտ՝ որքան ընտրող պետք է լիներ ընտրական ցուցակներում, որպեսզի այն արտացոլեր իրականությունը:
Վերջին 15 տարիներին համապետական ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ հանրության շրջանում քննարկվող հիմնական խնդիրը հենց ընտրողների թիվն է: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները տարեցտարի այնպես են խճճում ընտրողների թիվը, որպեսզի այդպես էլ պարզ չդառնա, թե Հայաստանում իրականում քանի ընտրող կա: Այսպիսով իշխանությունները փորձում են քողարկել իրենց կողմից ընտրողների թվի ուռճացման ծավալները:
Սակայն առկա են բազմաթիվ պաշտոնական տվյալներ, որոնց հիման վրա հստակ կարելի է հաշվարկել այն թիվը, որից ավել ընտրողներ իրավունք չունեին ընդգրկվել ընտրական ցուցակներում: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության (ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կողմից հրապարակված)՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների թիվը, կազմել է 3 մլն 5 հազար 500 մարդ: Կրկնում ենք՝ սա Հայաստանի քաղաքացիների թիվն է, որի մեջ մտնում են նաեւ արտագնա աշխատանքի մեկնող մեր այն հայրենակիցները, որոնք տարվա մեծ մասը Հայաստանում չեն, բայց, օրինակ, Ամանորի տոներից առաջ վերադառնում են իրենց օջախներ: Միջազգայնորեն ընդունված չափանիշ է, որ ընտրողները կազմում են ընդհանուր բնակչության 65 տոկոսը, այսինքն՝ վերը բերված քաղաքացիների թվից ընտրողների թիվը կազմում է մոտ 1 միլիոն 950 հազարը: Բայց հասկանալով, որ վերը բերված հաշվարկը որոշ մարդկանց մոտ կասկածներ կարող է առաջացնել, ուստի ընտրողների թիվը հաշվարկենք` օգտագործելով մեզ հասանելի պաշտոնական տվյալները:
Այսպես, 2011 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանի առկա բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 871 հազար 771 մարդ: Ի տարբերություն մշտական բնակչության թվի, որը իր մեջ ներառում է բոլոր ՀՀ քաղաքացիներին, առկա բնակչությունը ներառում է միայն նրանց, որոնք մարդահամարի պահին Հայաստանում են եղել, այդ թվում նաեւ՝ Հայաստանում բնակվող օտարերկրացիները: Բայց այս դեպքում, որպես բարի կամքի դրսեւորում, օտարերկրացիներին ընդհանուր թվից չենք հանի եւ ընդունում ենք, որ առկա բնակչությունն ամբողջությամբ ՀՀ քաղաքացիներ են:
Մարդահամարից հետո անցել է չորս տարի, ուստի 14 տարեկանից բարձր անչափահասներն այսօր արդեն դարձել են ընտրողներ: Մինչեւ 14 տարեկանները, նույն մարդահամարի արդյունքներով կազմում են 554 հազար 380 մարդ: 2011 թվականից մինչեւ այս տարվա առաջին կիսամյակը Հայաստանում մահացել է 125 հազար 173 մարդ: Այսինքն՝ այս տարվա հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների մահացության թիվը վերը բերված տվյալում ներառված չէ, քանի որ պաշտոնական վիճակագրությունն այս ամսվա վերջին նոր միայն այն կհրապարակի:
2011-ից մինչեւ այս տարի Հայաստանից արտագաղթել է առնվազն 230 հազար մարդ: Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 104 հազար մարդ, սակայն, որպես կանոն, նրանց մի մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են, որոնք տարվա վերջին կվերադառնան: Ուստի այս տարվա կտրվածքով արտագաղթի թիվը հաշվարկել ենք 47 հազար մարդ, ինչպես անցած 2014 թվականին: Այսպիսով, երբ առկա բնակչության թվից հանում ենք անչափահասների, մահացածների եւ արտագաղթածների ընդհանուր թիվը` 910 հազար, ստացվում է, որ պաշտոնական տվյալներով ներկայացված առկա բնակչությունից ընտրողների թիվը կազմում է 1 մլն 960 հազար մարդ: Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնական տվյալների հիման վրա եւս ընտրողների թիվը գրեթե հավասար է մշտական բնակչության 65 տոկոսին:
Այսինքն՝ ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շուրջ 600 հազարով ավել է պաշտոնական ցուցանիշների հիման վրա ստացվող ընտրողների թվից:
Հ. Գ. Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն ե՛ւ անձնագրային, ե՛ւ վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվել է սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման եւ ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության եւ համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների եւ դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Տեսնենք՝ ինչ արդյունք կլինի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ