Դեռեւս 2011 թվականի հունվարի 1-ից մեր երկրում ներդրվեց «Երեխայի առողջության պետական հավաստագիր» ծրագիրը, ինչի հետ մեկտեղ կրկնակի բարձրացան մինչեւ յոթ տարեկան երեխաների համար հիվանդանոցային բուժսպասարկմանը հատկացվող պետական վճարները. 2011թ. հունվարի 1-ից երկրի առողջապահական բյուջեում լրացուցիչ ավելացավ 3,13 մլրդ դրամ:
Ըստ առողջապահության նախարարության՝ երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցմամբ եւ բուժանձնակազմի աշխատավարձերը շուրջ 2 անգամ բարձրացնելով՝ բարելավվել է երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը եւ որակը, կրճատվել են հիվանդանոցներում մանկական մահացության դեպքերը եւ նվազեցվել համակարգում տեղ գտած ոչ պաշտոնական վճարումները:
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքերով՝ երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմամբ ՀՀ-ում բժշկական օգնությունը եւ սպասարկումը երեխաների համար իրականացվում է անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
«Առողջության պետական հավաստագրի ներդրումը ձեւաթղթի մշակում եւ բաժանում չէ, դա ամբողջ մի ծրագիր է, որը մշակելիս հաշվի են առնվել ողջ համակարգի գրեթե բոլոր գործառույթները: Այս ձեւաթուղթը տեղեկատվական թերթիկ է՝ մարդկանց իրազեկելու համար իրենց իրավունքների մասին, բայց այն նաեւ ֆինանսական փաստաթուղթ է: Երբ հավաստագիրն առկա է եւ ներկայացվում է բուժհաստատություն, ներկայացնողը գիտի իր իրավունքը, գիտի, որ իր երեխայի բուժօգնությունն անվճար է, եւ ինքը իրազեկված լինելով՝ չի կատարում լրացուցիչ վճարում: Իսկ չիրազեկված անձինք ավելի շատ են վճարում»,- ներկայացրեց ԱՆ վարչության պետը:
Մասնագետի խոսքերով՝ հավաստագրի ներդրվելուց վեց ամիս անց միջանկյալ գնահատում է արվել, եւ պարզվել, որ 2-3 անգամ մանկական ծառայությունում կրճատվել են ոչ պաշտոնական վճարումները: «Եթե հիվանդանոցային մահաբերության ցուցանիշը մինչեւ հավաստագրի ներդրումը ողջ հանրապետության կտրվածքով կազմում էր 3.3 տոկոս, ապա հավաստագրի ներդրումից հետո այն 1/3-ով կրճատվեց եւ դարձավ 2.1 տոկոս: Հիվանդանոցում առաջին 24 ժամվա ընթացքում մահացած երեխաների ցուցանիշը ավելի քան 4 անգամ կրճատվել է»,- տեղեկացրեց ԱՆ ներկայացուցիչը:
Սակայն «Ընտանիքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էդուարդ Բադալյանը համոզված է, որ այդ հավաստագրերի ներդրումն անիմաստ է. «Եթե 0-7 տարեկան երեխաների բուժումն անվճար է, ապա ինչ իմաստ ունեն այդ հավաստագրերը: Միայն նրա համար, որ ծնողներն իրազեկվե՞ն այդ մասին: Գումարներ են ծախսում՝ միայն իրազեկելու համար»:
Իսկ, ահա, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ պետական միջոցները կարելի էր առանց հավաստագրերի էլ ավելացնել: «Հավաստագիրը այն թղթի կտորը չէ, որ պետք է վկայի, որ դա հիվանդանոցային անվճար օգնություն է այդ տարիքային խմբի համար: Լրացուցիչ հավաստագիր մտցնելու իմաստը ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ: Իրազեկո՞ւմ են ծնողներին: Այդպիսի բան քաղաքակիրթ ոչ մի երկրում գոյություն չունի: Որքան ես եմ տիրապետում՝ չկա»,- նկատեց Մկրտչյանը: Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ պետք է տեղամասային մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը բնակչությանը իրազեկի՝ առանց այդ թղթերի:
Ի դեպ, Մկրտչյանը հիշեցրեց, որ հավաստագրերի գաղափարը համարվում էր Հանրապետական կուսակցության նախընտրական կետերից մեկը: «Սա քաղաքական խնդիր է, այլ ոչ առողջապահական: Այն առողջապահությանը ոչինչ չի տալիս: Սա պոպուլիզմի քաղաքական բղավոցների արդյունք է: Դեռեւս 2012 թվականին հապշտապ տնային տնտեսություններում հարցում էին անցկացրել եւ վիճակագրական հարցման արդյունքում տվյալներ էին բերել, որ կոռուպցիոն ռիսկերը, մահաբերության ցուցանիշները նվազել են: Մասնագիտական վիճակագրության ժամանակ հնարավոր չէ մի տարում որեւիցե փոփոխություն դնել՝ ցանկացած համակարգում եւ հաջորդ տարի վիճակագրական տեսանկյունից հավաստի փոփոխություններ արձանագրել: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Այս դեպքում 2011-ին ներդրվել է, եւ 2012-ին փորձել են գնահատել «նման սրընթաց բարելավումները», ինչը, ըստ իս, վիճակագրական տեսանկյունից կոռեկտ չէ»:
Կոռուպցիոն ռիսկերի նվազման հետ կապված` Մկրտչյանը հղում արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցին, որտեղ հստակ նշաված է, որ հավաստագիրը ներդնելուց հետո էլ բուժհիմնարկներում նկատվում են դրամահավաքության դեպքեր:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը եւս պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի որոշ պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում բուժանձնակազմին առանձնապես չի հետաքրքրում հավաստագիրը, եւ նրանք, միեւնույն է, գումար են պահանջում ծնողից, ինչի դիմաց կտրոն էլ չեն տրամադրում:
Այս ահազանգը մենք փոխանցեցինք մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանին, ով ասաց. «Ես կուզեի, որ հանրությունը տեղեկանար, որ նման դեպքերի համար կա թեժ գիծ ծառայություն՝ 010-52-88-72, եւ զանգահարողը կարող է իր անունը չնշել, բայց ասել, թե որտեղ է նման խնդրի հանդիպել: Եթե օբյեկտիվ հիմքեր լինեն, ապա մենք կարող ենք վարույթ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել: Իսկ եթե գումար են պահանջում, ապա պետք է վճարեն դրամարկղ եւ դրա դիմաց կտրոն վերցնեն, այս դեպքում իրավական խնդիր չկա, եւ մոտեցումն է այդպիսին: Իսկ եթե գումարը դնում են գրպանը, ուրեմն այստեղ խախտում կա: Մենք կարող ենք վարույթ հարուցել միայն փաստեր ունենալու պարագայում»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ