ՀՌԱԿ-ում «խառը» իրավիճակ է. կուսակցությունում բաներ են փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Չեխիայում հաստատված ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը:

-Պարո՛ն Առաքելյան, նոյեմբերի 19-ից 23-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունենալու «Ռամկավար ազատական կուսակցության» 27-րդ համագումարը, Դուք մասնակցելո՞ւ եք կուսակցության համագումարին, արդյո՞ք որեւէ ձեւով այդ աշխատանքներին ներգրավվելու եք:

-Բնականաբար ոչ, քանի որ 2012 թվականի ամռանը ՀՌԱԿ-ը ենթարկվելով պետականորեն կազմակերպված տեռորի՝ հայտարարեց, որ բոլոր կառույցները դադարեցնում են իրենց գործունեությունը հայրենիքում: Եվ այս պայմաններում հնարավոր չէ պատգամավոր ընտրել ու մասնակցել ՌԱԿ 27-րդ պատգամավորական Ժողովին:

-Իսկ ՀՌԱԿ ներկայացուցիչները մասնակցե՞լ են սփյուռքի կուսակցության համագումարներին:

-Իհարկե, մասնակցել են, ինքս 2003-ից սկսած մասնակցել եմ, իսկ 2006 թվականից ղեկավարության մաս կազմել: Ավելին ասեմ՝ 2009 թվականին Հորդանանում տեղի ունեցած համագումարում ընտրվել եմ փոխատենապետ: Իսկ ինչո՞ւմ է կայանում Ձեր այս հետաքրքրությունը:

-Նախօրեին ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարել է.«Մենք չենք մասնակցում, որովհետեւ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը», առանձին կազմակերպություն է: Նույն անունը կրող եւ սփյուռքի ռամկավարների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող, եւ մենք չենք մասնակցում, այսինքն՝ մենք պատգամավորներ չենք ուղարկում: Այդպես է, ՀՀ օրենքը թույլ չի տալիս դրսից ղեկավարվել, 24 տարի առաջ, երբ որ ստեղծվեց կուսակցությունը, այդպես էր եւ մինչեւ հիմա մնում է այդպես»:

-Դե լավ էլի, մեծ մարդ է, բան է ասել, Դուք էլ ֆիքսվել եք…

-Ստացվում է, որ Հ. Ավետիքյանի հայտարարությունը իրականության հետ կապ չունի՞, եթե Դուք հայտարարում եք, որ միշտ մասնակցել եք սփյուռքի կուսակցության աշխատանքներին եւ դեռ ընտրվել եք ղեկավար կազմում:

-Որպեսզի Ձեզ համար պարզ լինի, նշեմ, որ համաձայն սփյուռքի կուսակցության կանոնադրության՝ 2006-ից հետո ՀՌԱԿ-ին հատկացվել էր բացառիկ հնարավորություն ունենալ 7 պատգամավոր, եւ իմ նշած հորդանանյան համագումարին հենց 7 պատվիրակով էլ մասնակցել ենք, կարող եմ ֆոտո եւ տեսաժապավեններ ներկայացնել: Իսկ որ ծերուկ-բենամուկը վաղուց անտանելի է դարձել, դա փաստ է:

-Բայց հնարավո՞ր է՝ առաջիկայում Հ. Ավետիքյանը սփյուռքի անունից հանդես գա սահմանադրական փոփոխությունների օգտին:

-Ինքը ասեց, ու ժողովուրդն էլ հերթեր գոյացրեց ընտրատեղամասերի առջե՞ւ: Ողորմելի է վարչակազմը, եթե մնացել է այդ ծերուկի աջակցությանը, որի քարոզչությունը իրականում հենց հակաքարոզչություն էլ կլինի, թող հայտարարի, ավելի լավ:

-Հ. Ավետիքյանը նշել է նաեւ, որ ըստ իրենց կուսակցության կանոնադրության՝ համագումարներն անց են կացվում 3 տարին մեկ անգամ, ուստի հաջորդը լինելու է այս ամսվա վերջին: Բայց «Կուսակցությունների մասին» օրենքի հոդված 18-ի 1-ին կետով հստակ ամրագրված է. «Կուսակցության բարձրագույն մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտական գործող մարմինը առնվազն 2 տարին մեկ անգամ»: Այդ դեպքում ինչպե՞ս է Հ. Ավետիքյանի նորաստեղծ կուսակցությունը գրանցվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, երբ նման սխալ կա կանոնադրության մեջ:

-Դե, այդ ծերուկը «այնքան է գործ տվել» իր վախվորած կյանքում, որ հիմա սկսել է ինքն իր հանդեպ «գործ տալ»: Եթե ասում է, որ համագումար չի հրավիրվել անցյալ տարի, ապա կուսակցությունն արդեն օրենքից դուրս է: Բայց ո՞վ է դրան ուշադրություն դարձնում, կամ ում է պետք նա իր «անորսալի Ջո»-ի կարգավիճակով: Իսկ նրան կուսակցապետ հաստատողը մի ղզիկ էր, որը գանձագողի քավորությամբ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:

-Ի՞նչ եք կարծում՝ ՀՌԱԿ-ը երբեւէ կարո՞ղ է վերադառնալ քաղաքական համակարգ եւ զբաղեցնել իր պատվավոր տեղը գոնե ավանդական կուսակցությունների շարքում:

-Միանշանակ: Ինձ լավատեսություն է տալիս այն, որ իմ ատենապետության տարիներին առաջին անգամ Հայաստանում եւ Արցախում կազմակերպեցինք երիտասարդական բանակումներ, որտեղ սփյուռքահայ երիտասարդները հաց կիսեցին հայ զինվորի հետ, կուսակցություններ միավորվեցին ՀՌԱԿ-ին: Նաեւ խիստ որոշակի բաշիբոզուկների սպասվելիք անփառունակ ապագան:.

-Պարո՛ն Առաքելյան, ստացվում է, որ Հայաստանից Ձեր հեռանալուց հետո սա սփյուռքի առաջին համագումարն է, որին ՀՌԱԿ ներկայացուցիչ ներկա չի լինելո՞ւ:

-Ո՛չ, 2012 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցավ համագումար, որտեղ ՀՌԱԿ-ը ներկայացված չէր, ծերուկ-բենամուկի տվայտանքներն էլ այդ օրերին աննկատ մնացին սփյուռքի կողմից, իսկ ավելի պարզ արհամարհվեցին:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ ամենի պատճառը: Զարմանալի է նաեւ, որ Հակոբ Ավետիքյանը ինքը սփյուռքահայ է, կուսակցական է դարձել սփյուռքում, բայց արհամարհվո՞ւմ է հենց սփյուռքյան ղեկավարության կողմից:

-Մեղավորը ինքն է: Նա գանձագող նախկին վարչապետի անմիջական ցուցումով ստալինյան մեթոդներով 2009-ից պայքար բացեց ՀՌԱԿ-ի դեմ` անանուն մեղադրանքներ տպագրելով Արա Աբրահամյանի անձնական օգտագործման «Ազգ» թերթում, վարչակազմն էլ, օգտվելով դրանից, անցավ բռնաճնշումների. տեղի ունեցան 50-ից ավել ընկերների բազմակի հարցաքննություններ, որոնցից ոստկանները ցանկանում էին իմ դեմ ցուցմունք կորզել, եղան խուզարկություններ մեր գրասենյակներում եւ իմ տանը, եղավ ձերբակալություն, բնականաբար, այդքանից հետո սփյուռքի կուսակցությունը զզվանքով սկսեց վերաբերվել Ավետիքյանին, չնայած մինչ այդ էլ նույնն էր:

-Իսկ ի՞նչ էին իրավապահները փնտրում այդ խուզարկությունների ժամանակ:

-Դե, դա մի կապիկություն էր, որի իրական նպատակն էր գտնել նաիրիտյան իմ բացահայտումների սկզբնաղբյուրը:

-Բայց ինչ-որ բան կարողացա՞ն գտնել:

-Հետագայում, իհարկե, գտան՝ 7 բաց ֆաքսերի տեսքով, բայց արդեն մամուլի էջերում միայն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս