
«Արշակյան եղբայրներ» ընկերությունը, որը երկար տարիներ ուղևորափոխադրումներ է իրականացրել և շահագործել է թիվ 30 և 67 երթուղիները, տևական ժամանակ է, ինչ չի կարողանում վաճառել աճուրդի հանած շարժական գույքը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 14-ին նշանակված աճուրդ-վաճառքը հայտ չլինելու պատճառով չի կայացել: Իսկ հաջորդ աճուրդ-վաճառքը նշանակվել է հոկտեմբերի 30-ին, այն կանցկացվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի շենքում:
Նշենք, որ սնանկացած ընկերությունը աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Մասնավորապես, աճուրդի հանված շարժական գույքը «ԳԱԶ 32213-220» տեսակի դեղին գույնի միկրոավտոբուսներ են, որոնց յուրաքանչյուրի գինը 1.5 մլն դրամի սահմաններում է: