Ռոբերտ Քոչարյանը «գլուխը կախ» ռուսներին փաթեթով ձեռնարկություններ է «նվիրել». Հայաստանի կոռուպցիոն գործարքները-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել էր Հայաստանի ամենակոռուպցիոն գործարքները: Այժմ ներկայացնում ենք դրանց մյուս մասը, որոնք տեղի են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ 2000 թվականի մայիսի 1-ին Արամ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանն աստիճանաբար ողջ իշխանությունն հավաքեց իր բռի մեջ: Իշխանական համակարգն իրենով անելուն ուղղված Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիները նշանավորվեցին Հայաստանի էներգետիկ ոլորտին վերաբերվող մի քանի խոշոր գործարքներով:

«Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին առաջին տեղեկությունները հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին 2001 թվականի գարնանը: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանին մոտ 100 մլն դոլար է պարտք, եւ որ մեր երկրի ռազմավարական դաշնակիցը պահանջել է մարել պարտքը:

Իբրեւ պարտքի մարման տարբերակ դիտարկվել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ Ռուսաստանին հանձնելը: 2002-ի հուլիսի 17-ին ստորագրվեց «Գույք պարտքի դիմաց» անվանումը ստացած գործարքը: Արդյունքում՝ 98 մլն դոլարի պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Հրազդանի ՋԷԿ»-ը, «Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը», «Մարսե գործարանը» եւ «Նյութաբանության ինստիտուտը»: Իհարկե, վերը բերված ցանկն ամբողջական չէր, պարզապես գործարքի մեջ ներառվող ձեռնարկություններից այդքանի անունը պաշտոնապես հրապարակվեց: Այն, որ այս գործարքը խայտառակություն էր Հայաստանի համար, ի սկզբանե հայտնի էր, եւ ամեն անգամ հաստատվում էր, երբ հայտնի էր դառնում, թե ինչպես է Ռուսաստանն այս կամ այն աֆրիկյան երկրի հարյուրավոր միլիոն դոլարների, երբեմն նաեւ միլիարդի հասնող պարտքներ ներում:

Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու էր Ռոբերտ Քոչարյանը «գլուխը կախ» ռուսներին փաթեթով ձեռնարկություններ «նվիրում», հարկ է վերհիշել, թե Հայաստանում ինչ իրադարձություններ էին տեղի ունեցել «Գույք պարտքի դիմաց» գործարքին նախորդող շրջանում:

2000 թվականի աշնանը, երբ Հայաստանի քաղաքական դաշտը դեռ ուշքի չէր եկել հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում երկրի կառավարման համակարգում տեղի ունեցած ցնցումներից, Հայաստանի քաղաքական երկնակամարում նոր խաղացող հայտնվեց՝ ի դեմս նախկին լրագրող, քաղաքագետ Արկադի Վարդանյանի: Նա երկար տարիներ ապրել էր Մոսկվայում, այնտեղ բավականին հաջողված բիզնես գործունեություն ծավալել, Մոսկվայի կենտրոնում բազմապիսի անշարժ գույքերի սեփականատեր էր եւ այլն: 90-ականների վերջից էլ Վարդանյանը սկսել էր նաեւ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալել: Իսկ արդեն 2000-ի աշնանը հայտնի դարձավ, որ նա նաեւ քաղաքական ծրագրեր ունի: 2000-ի սեպտեմբերից նա մարզային այցելությունների շարք սկսեց, որին մասնակցում էին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ եւ մտավորականներ:

Հայաստանի քաղաքական դաշտում համոզմունք կար, որ Արկադի Վարդանյանը գործում է Ռուսաստանի իշխանությունների հովանավորությամբ, քանի որ Հայաստանի ընդդիմադիր մամուլից բացի՝ այդ շարժման քարոզչությանը մասնակցում էր նաեւ ռուսալեզու հայկական մամուլը, որը ավանդաբար հանդես էր գալիս իշխանամետ դիրքերից: Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ ՌԴ իշխանություններն առանց մեծ ջանքի կարող էին սաստել Վարդանյանին` հաշվի առնելով, որ նրա կապիտալի մի զգալի մասը Մոսկվայում էր: Ինչեւէ, Արկադի Վարդանյանի մարզային հանրահավաքները եզրափակվեցին հոկտեմբերի 30-ին` Ազատության հրապարակում կայացած բազմամարդ եւ հզոր հանրահավաքով, որը ավարտվեց երթով դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք, որ այդ ընթացքում ցուցարարները նախագահական նստավայրի ուղղությամբ «կարմիր քարտեր» նետեցին` այդպիսով ազդարարելով, որ պահանջում են Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Նույն օրը՝ գիշերը, Արկադի Վարդանյանը ձերբակալվեց` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեղադրանքով: Նա մինչեւ 2001-ի փետրվարը պահվեց կալանքի տակ, իսկ երբ ազատ արձակվեց, անմիջապես լքեց Հայաստանը:

Վարդանյանը փաստացի ԱԱԾ-ի մեկուսարանից միանգամից գնացել էր օդանավակայան եւ ընտանիքի հետ մեկնել Մոսկվա: Հետագայում նա մասնավոր զրույցներում չէր թաքցնում, որ ռուսաստանյան իշխանություններից նեղացած է` իրեն այդքան հեշտությամբ Ռոբերտ Քոչարյանին «հանձնելու» համար: Ի վերջո, նա Մոսկվայում ունեցած գույքը վաճառեց եւ բնակություն հաստատեց Իսպանիայում: 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո նա սկսեց պարբերաբար գալ Հայաստան եւ վերջնարդյունքում՝ 2013-ի դեկտեմբերին, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման իր թիկնապահի` Արսեն Ավետիսյանի հոր մահափորձը նախապատրաստելու մեղադրանքով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնավորեցման գործընթացը տեղի ունեցավ «Գույք պարտքի դիմացին» զուգահեռ եւ գրեթե միաժամանակ էլ ավարտվեց: 2002-ի գարնանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառվեց «Midland Resources Holding» օֆշորային ընկերությանը: Հետագայում ՀԷՑ-ի բաժնետոմսերը դարձան ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի սեփականությունը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ին «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ի իր բաժնետոմսերը վաճառեց ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը:

«Սեւան-Հրազդան Կասկադ»-ը համարվում է Հայաստանի էներգետիկ համակարգի ադամանդը: Այն իր մեջ ներառում է Հրազդան գետի վրա կառուցված յոթ ՀԷԿ-եր, որոնց տարեկան հզորությունը 550 ՄՎտ է, այսինքն՝ ավելի հզոր է, քան Մեծամորի ատոմակայանը: Ռոբերտ Քոչարյանը 2003-ի մայիսին «Սեւան-Հրազդան կասկադը» ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի դիմաց Ռուսաստանի հանդեպ ունեցած 25 մլն դոլարի պարտքի դիմաց տվեց ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին: Գործարքը տեղի ունեցավ նախագահական ընտրություններից հետո` ԱԺ ընտրություններից երկու շաբաթ առաջ: «Սեւան-Հրազդան կասկադը» ռուս սեփականատիրոջ կողմից անվանափոխվեց, եւ այժմ այդ համալիրի իրավաբանական անվանումն է «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» :

«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ»-ը 2006-ի ապրիլին ռուսական «Գազպրոմին» վաճառելով՝ Ռոբերտ Քոչարյանը փաստացի ավարտեց Հայաստանի էներգետիկ ոլորտը Ռուսաստանին հանձնելու գործընթացը: Գործարքի վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ էներգաբլոկը ռուսական կողմին վաճառվել էր 248,8 մլն դոլարով, որից 188 միլիոն պետք է հատկացվեր Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գինը սուբսիդավորելու համար: Այլ կերպ ասած՝ այդ գումարը կրկին վերադարձվելու էր ռուսական «Գազպրոմին»: Այս գործարքից Հայաստանի պետբյուջե է փոխանցվել միայն 60,8 մլն դոլար: Ի դեպ, այս գործարքից ընդամենը մեկ տարի հետո՝ 2007-ի մայիսին, Հայաստանում պետք է տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, որոնք Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի համար առավել քան կարեւոր էին, քանի որ դրանց արդյունքում պետք է որոշվեր, թե նրանք իշխանությունն ինչ տարբերակով էին պահպանելու, կամ նույն է թե` կիսելու:

Հայաստանի կոռուպցիոն գործարքների առաջին մասը` այստեղ

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս