Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում հաստատված որոշման համաձայն` «Տավուշտեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգվել է: Նախագիծը գործադիրին ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի խոսքով` վերոնշյալ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Չորաթան համայնքում կազմակերպում է բանվորական ձեռնոցների արտադրություն, նախատեսում է իրականացնել շուրջ 2.5 միլիարդ դրամի չափով ներդրումներ, որից 0,8 միլիարդ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար:
«Տավուշտեքստիլ» ընկերության հիմնադիր տնօրեն Սուրեն Երիցյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք գո՞հ է Կառավարության կողմից սահմանված արտոնությունից: Նա ընդգծեց, որ իր ընկերությունը չի ազատվել ավելացված արժեքի հարկի մուծումից, պարզապես դա հետաձգվել է եւ 3 տարի հետո այն վճարելու է: Ս. Երիցյանի ներկայացմամբ` այդ արտոնությունը վերաբերում է միայն Հայաստան սարքավորումներ ներմուծելուն, իսկ հումք ներմուծելու դեպքում որեւէ հետաձգում չկա: Մինչդեռ գործարարը նշում է, որ ինքը մեծ ծախսեր է կատարում՝ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղում արտադրություն կազմակերպելու համար: «Արդեն մի քանի օր վրացական 4 ֆուռեր սարքավորումներվ բեռնված կանգնած են Նորաշեն գյուղի մոտ, չեն կարողանում ճամփան շարունակել: 60 հազար դոլար եմ ծախսում ճանապարհ կառուցելու համար»: Ս. Երիցյանն ասաց, որ իր ընկերությանը տրված հարկային արտոնությունները բավարար չեն, սակայն ինքը շարունակելու է Տավուշի մարզի սահմանագոտում արտադրություններ հիմնելու իր ծրագիրը: Նշենք, որ սահմանամերձ Չորաթան գյուղում գործող «Տավուշտեքստիլ» ընկերության ձեռնոցի արտադրամասում այժմ աշխատում է 50 հոգի:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ նախկին անասնաֆերմայի շենքի վերակառուցման արդյունքում Չորաթանում կգործարկվի ձեռնոցի 2-րդ արտադրամասը, եւ աշխատողների թիվը կհասնի 250-ի: «Տավուշտեքստիլի» հիմնադիր ղեկավար Սուրեն Երիցյանի ջանքերով 2016թ. գարնանը սահմանամերձ Արծվաբերդում եւս կգործի ձեռնոցի արտադրամաս` 250 աշխատատեղերով:
Ոսկան Սարգսյան
Տավուշ