Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սակայն ՀՀ Սյունիքի մարզի որոշ համայնքապետեր նույնիսկ տեղյակ էլ չեն, թե երբ է նշանակվել հանրաքվեի օրը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Սյունիքի մարզի Եղեգ համայնքի ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանի հետ եւ Սալվարդի գյուղապետ Վարդան Մարկոսյանի հետ:
Եղեգի գյուղապետ Վյաչեսլավ Մարկոսյան
-Պարո՛ն Մարկոսյան, դեկտեմբերի 6-ը նշանակվել է Սահմանադրության հանրաքվեի օր: Տեղյա՞կ եք:
-Ի՞նչ հանրաքվե:
-Խոսքը նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին է: Այն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:
-Դեկտեմբերի՞ 6-ին: Հաաա, դե ասեցիք, էլի… տեղյակ չէի:
-Այս թեմայի շուրջ գյուղի բնակիչներն ի՞նչ են մտածում:
-Դե, ժողովուրդը տեղյակ չէ, դեռ այդ մասին խոսում չեն: Փոքր գյուղ է, մոտ 30 ընտրող ունենք: Կարող է՝ իրենք իրար մեջ են խոսում, քննարկում, չգիտեմ:
-Ի՞նչ եք կարծում, այո կքվեարկե՞ն:
-Հնարավոր է, որ մեծ մասը այո կքվեարկի: Սահմանադրությունից այնքան էլ չեն հասկանում, որ ընդդիմանան: Բայց ժողովուրդն ամենքն իր գործին է, դա քննարկելու համար դեռ պետք է հավաքվենք, ասենք-խոսենք, որ հասկանանք, թե ով ինչ միտք ունի:
-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, ի՞նչ կարծիք ունեք:
-Դե, հլա տեսնենք, պետք է շփվենք ժողովուրդի հետ, տեսնենք՝ ինչ է ասում, կկողմնորոշվենք, էլի:
Սալվարդի գյուղապետ Վարդան Մեսրոպյան
-Պարո՛ն Մեսրոպյան, սալվարդցիները պատրա՞ստ են մասնակցել նոր Սահմանադրության հանրաքվեին:
-Պատրաստ են, էլի: Բայց մեր գյուղացու ինչի՞ն է պետք մտածի, քննարկի: Կգա օրը, իր խոսքը կասի: Մարդիկ հիմա բանկերին այնքան պարտքեր ունեն կուտակած, աշխատում են, որ տոկոսները փակեն: Ամեն ինչի նկատմամբ անտարբեր են դարձել մարդիկ:
-Ձեր կարծիքով՝ քանի՞ ընտրող կմասնակցի հանրաքվեին:
-Գյուղն ունի 320 բնակիչ, իսկ ընտրողների թիվը կազմում է 260, բայց հանրաքվեին կմասնակցեն 200-ը: Այստեղ չեն, այլ երկրում են, չեն կարող գալ, ի վիճակի չեն:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ