Հիշատակ և ավանդ, թե՞ վարկանիշ. Գեղարվեստի ակադեմիան նախընտրում են թողնել անանուն, քան կոչել հիմնադրի անունով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում էր իր հիմնադրման 70-ամյակը: Հիշեցնենք, որ այն հիմնադրել է ժողովրդական նկարիչ, քանդակագործ, ակադեմիկոս, «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանը, ով հայտնի է նաեւ մտավորականի եւ հասարակական գործչի իր կերպարով: Իսկ նրա` մանկավարժի գործունեությունն առավել լայն ծավալ եւ նշանակություն է ստացել 1945-ից, երբ իր գլխավորությամբ հիմնադրվել է Երեւանի գեղարվեստական ինստիտուտը։

3

«Այդ պատերազմական շրջանում նա դասախոսական հսկա թիմ է հավաքել իր շուրջը, ընդ որում, ինստիտուտի ստեղծմանը Խորհրդային Միությունում շատերը դեմ են եղել, ասել են` Ադրբեջանում, օրինակ, նման ինստիտուտ չկա, ինչո՞ւ եք ուզում, որ Հայաստանում հիմնադրվի: Արա Սարգսյանի օրոք այդ ինստիտուտի շրջանավարտներից էին Սարգիս Բաղդասարյանը, Ղուկաս Չուբարյանը, Լեւոն Թոքմաջյանը, Գրիգոր Խանջյանը եւ այլք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Արա Սարգսյանի հարսը` Իվետա Ենգիբարյանը:

Նա, սակայն, ցավով շեշտեց, որ ակադեմիան այսօր հիմնադրի անունը չի կրում: Դեռեւս 90-ականներից իր ամուսինը` Արա Սարգսյանի որդին, հավաքել է մի շարք մտավորականների ստորագրություններ, ապա այդ հարցով դիմել ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, սակայն ապարդյուն:

«Ժողովուրդ»-ը եւս հարցում ուղարկեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` պարզելու, թե ինչու մտավորականների կարծիքն այս հարցում հաշվի չի առնվում: «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել ակադեմիայի անվանումը թողնել անփոփոխ, հետագայում քննարկել ակադեմիան Մ. Սարյանի անվամբ անվանակոչելու հարցը: Հարցը սահմանված կարգով կքննարկվի նաեւ նույն ակադեմիայի կառավարման խորհրդում»,-պատասխանեցին նախարարությունից:

Մեր ձեռքի տակ է մի շարք մտավորականների` Գրիգոր Խանջյանի, Ջիմ Թորոսյանի, Երվանդ Ղազանչյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, Պողոս Հայթայանի եւ այլոց ստորագրությամբ դիմում-խնդրանքը ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Լ. Մկրտչյանին վերոնշյալ հարցով: Մենք ծանոթացանք նաեւ 2002-ի հունվարին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորատի ընդլայնված նիստի թիվ 7 արձանագրության քաղվածքին: Նիստի կազմը ղեկավարել է ռեկտոր Արամ Իսաբեկյանը: 20 կողմ եւ 3 դեմ ձայնով որոշվել է մերժել ակադեմիան Ա. Սարգսյանի անունով կոչելու` արվեստագետի 100-ամյակի առիթով ձեւավորված հոբելյանական հանձնաժողովի առաջարկը:

2

Ավելի ուշ` 2015-ին, հարցը կրկին քննարկվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդում: Նիստի արձանագրությունից տեղեկանում ենք, որ ներկաների թվում եղել են Արամ Իսաբեկյանը, նկարիչ-պրոֆեսորներ Անատոլի Գրիգորյանը, Փարավոն Միրզոյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ այլք: Նիստում այս անգամ եւս որոշվել է մերժել դիմում-խնդրանքը:

Մտավորականներից շատերին, սակայն, առավելապես վրդովեցրել է Փարավոն Միրզոյանի` նիստում արտահայտած այն կարծիքը, թե ակադեմիան Ա. Սարգսյանի անունով կոչելը «կնշանակի բուհի վարկանիշը մի քանի աստիճանով իջեցնել»:

«Արա Սարգսյանի ներդրումը հայ կերպարվեստի, քանդակագործության մեջ շատ մեծ է, բայց նրա գործունեությանը Հայաստանից դուրս ծանոթ չեն, ակադեմիան նրա անունով կոչելով` մենք ճիշտ չէինք որակավորի դրա դերն ու նշանակությունը: Ես առաջարկել եմ երկու անուն` Սարյան, քանի որ նրա օգնությամբ է հիմնադրվել ակադեմիան, եւ Այվազովսկի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Փ. Միրզոյանը:

Մեր այն հարցին, թե կոնկրետ Այվազովսկին ինչ կապ ունի ակադեմիայի հետ, պարոն Միրզոյանը պատասխանեց. «Շատ կապ չի ունեցել, բայց նա ունի համաշխարհային ճանաչում»: Հետո պարոն Միրզոյանը նշեց, որ ավելի լավ է` ակադեմիան մնա այնպես, ինչպես կա, այսինքն` ոչ ոքի անունով էլ չկոչվի:

Իսկ, ահա, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաթանակ Շահումյանը, հակադարձելով Փ. Միրզոյանին, պնդեց, որ հարկավոր է ակադեմիան կոչել հենց Ա. Սարգսյանի անունով. «Ինքս բախտ եմ ունեցել երկու տարի ուսանել նրա մոտ, գիտեմ, թե ինչ դժվարություններ է հաղթահարել, ինչ մեծ արվեստագետ է, իսկական հայի տեսակ, զարմանալի մարդ, բոլորին է հայտնի, թե նա ինչպես է օթեւան տրամադրել իր ուսանողներին, հաց տվել, շոր հագցրել… Ինչո՞ւ է Այվազովսկու անունը քննարկվում, երբ նա դրսում է ստեղծագործել, իր անունն է թողել մեզ միայն, իսկ Արայի պես մարդիկ թողել են Եվրոպան ու եկել Հայաստանի համար մեծ գործեր են արել… Դե, միանգամից ակադեմիան դրեք Արշիլ Գորկու անունով. նրան աշխարհում ավելի շատ են ճանաչում. այդպես հո չէ՞»,-նկատեց նա:

Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն էլ, ով ժամանակին ինստիտուտի կոմսոմոլի քարտուղարն է եղել, մեզ հետ զրույցում նշեց, որ ակադեմիան անվանակոչելու հարցում Արա Սարգսյանից բացի՝ մեկ ուրիշի անունն անգամ չարժի քննարկել:

Ի դեպ, մեր ձեռքի տակ է մի ուշագրավ փաստաթուղթ` 1944-ի հունիսի 10-ին Արա Սարգսյանի գրած նամակը Մարտիրոս Սարյանին: «Սրանից մի ամիս ու կես առաջ Հ. Վարդանյանը ինձ կանչեց եւ երկար խոսելուց հետո ինստիտուտի դիրեկտորի պաշտոնն առաջարկեց՝ ավելացնելով, որ կան մի շարք դժվարին կազմակերպչական աշխատանքներ, որ այդպիսիք միայն ես կարող էի լուծել: Ճիշտն ասած՝ այդ գործը ինձանից շատ ժամանակ եւ եռանդ է խլելու, բայց պատմական գործ է, երկրի ժողովրդի կուլտուրայի եւ պատվի հետ կապված լինելու հանգամանքը ինձ ստիպեց տալ իմ համաձայնությունը»,-ասված է նամակում:

Արխիվային լուսանկարները տրամադրել է Արա Սարգսյանի թոռնուհին` Աննա Սարգսյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս