“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչու է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր նկատմամբ այդքան բարեհաճ: “Ես չգիտեմ, սա սիրո, բարեւի եւ միասնության հեղափոխություն է, որը թույլ չի տալիս մի կաթիլ արյուն, որը հավատում է քաղաքացու, պաշտոնյայի, ոստիկանի համերաշխությանը, եւ հենց այդ սկզբունքներով տանելու ենք մեր պայքարը դեպի հաղթանակ”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպման ժամանակ Պուտինը, շնորհավորելով Ս. Սարգսյանին, ասաց, թե 60 տոկոս եւ ավելի ձայն հավաքելը շատ լավ արդյունք է: Ըստ Ձեզ՝ Պուտինն ինչո՞ւ է ,բարձրացրելե Ս. Սարգսյանի հավաքած տոկոսները:
-Գոսպոդին Պուտին օշիբայետսյա: Ռուսաստանը առաջին հերթին, մինչեւ Ֆրանսիա, Եվրամիություն, Ամերիկա, բոլորը միասին պետք է հասկանան, որ ով ճանաչի կեղծիքի, ստի, վախի վրա հիմնված ընտրությունը, ինքը կանգնում է հայ ժողովրդի դեմ: Եվ սա վերաբերվում է ոչ միայն Ռուսաստանի նախագահին, այլեւ բոլորին: Իրենք կարող են 60 ասել կամ 50, ուղղակի մի բան հստակ է՝ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը Չարենցի միասնության պատգամով բերեց իր հաղթանակը, եւ ոչ մեկը, որքանով հարգելի մարդ է կամ մեծ գործընկեր, ինքը իրավունք չունի խեղել հայ ժողովրդի իրականությունը սեփական երկրում:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ս. Սարգսյանն իր պաշտոնական առաջին այցը կատարեց Մոսկվա:
-Ես դա չեմ մեկնաբանում, դա հարցրե՛ք իր խոսնակին:
-ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս Ձեզ այցելեց Ազատության հրապարակում, ինչո՞ւ է նա այդքան բարեհաճ Ձեր նկատմամբ:
-Դա նույնպես դիմե՛ք պարոն ոստիկանապետին:
-Բոլոր ժամանակներում ոստիկանապետերն ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ շատ վատ վերաբերմունք են ունեցել, անգամ 2008թ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը “հեղափոխությունը կխեղդի օրորոցում”: Դուք միակ ընդդիմադիր թեկնածուն եք, որ նման վերաբերմունքի է արժանացել ոստիկանապետի կողմից, ո՞րն է պատճառը:
-Ես չգիտեմ, սա սիրո, բարեւի եւ միասնության հեղափոխություն է, որը թույլ չի տալիս մի կաթիլ արյուն, որը հավատում է քաղաքացու, պաշտոնյայի, ոստիկանի համերաշխությանը, եւ հենց այդ սկզբունքներով տանելու ենք մեր պայքարը դեպի հաղթանակ:
–Տեղեկություններ կան, որ Վլ. Գասպարյանը մշտապես Ձեզ հետ զրույցում հորդորում է ամեն ինչ անել օրենքի սահմաններում, հակառակ դեպքում սպառնում է ձերբակալել Ձեր ակտիվիստներին: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Նման խոսակցություն չի եղել, ո՛չ:
-Քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներն այցելել են Ձեզ, զրուցել, ինչո՞ւ չէ, նաեւ խորհուրդներ են տվել՝ հետագա քայլերի հետ կապված: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մինչեւ այսօր Ձեզ չի այցելում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
-Դա հարցրե՛ք իրեն, իր խոսնակին: Ոչ մի խոչընդոտ չկա, ես բաց եմ բոլորի առջեւ, նաեւ նրա:
-Նշվում է նաեւ, որ 9 օր հետո Հայաստան է գալու Ձեր հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, եւ իշխանական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ նա Ձեզ ֆինանսական օժանդակություն է բերելու:
-Իմ ընտանիքը մշտապես մեզ զորակցել է, մշտապես մեր կողքին է եղել, եւ ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Հնարավոր է՝ համագումարի համար հայրս եւ մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար: Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինձ ու մեր ընտանիքին: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել, դա հերթական սուտն է: Խնդրում եմ, հղո՛ւմ կատարեք, թե որտեղից եք այդ տեղեկությունները ստացել: Դրանք չճշտված լուրեր են:
-Լավ, իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են, ինչպես նաեւ Ձեր որդին, որը հացադուլ է հայտարարել ու Ձեր կողքին է նստում:
-Ո՛չ, ճիշտ չեն:
-Շնորհակալություն, Աստված Ձեզ պահապան:
Հ.Գ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո ծավալված գործընթացներից թերեւս ամենահետաքրքիրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցն է Րաֆֆի Հովհաննիսյանին: Իհարկե, այն պաշտոնապես մատուցվեց որպես աստվածավախ ոստիկանապետի մարդասիրական քայլ, այնուամենայնիվ, հասկանալի է, որ այն ավելի շատ եւ առաջին հերթին քաղաքական քայլ է: Գաղտնիք չէ, որ ընտրությունների կազմակերպիչ հանդես եկած Գասպարյանը նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչ է եւ շատ կարեւորագույն որոշումների կայացման գործում ազդեցիկ գործիչ: Ուստի չի բացառվում, որ նա հստակ խնդրով էր այցի գնացել Րաֆֆուն, ինչի մասին, բնականաբար, երկու կողմն էլ լռում են:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 498 համար