ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյան և կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկիին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի անդամ է, որի ներկայացուցիչ է նաեւ Ռիշարդ Չարնեցկին։
ԲՀԿ նախագահը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները իրավական նոր հիմքի վրա դնելու բանակցային մանդատի ստացումն ու հույս հայտնել, որ բանակցությունները կավարտվեն երկու կողմերի համար ընդունելի եւ փոխշահավետ իրավական փաստաթղթով։ Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահը եւս կարեւորել է Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր մեկնարկն ու վերահաստատել, որ իրենց համար Հայաստանը կարեւոր գործընկեր է։ Ինչպես զրույցի ընթացքում նշեց Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահը ` Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը հանրային վստահության շատ բարձր դիրքեր ունի եւ մենք հույս ունենք, որ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ այդ դիրքերը կպահպանվեն:
Այնուհետեւ կողմերը քննարկել են Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքին առնչվող հարցեր եւ դաշինքի առաջիկա ծրագրերը։ Այդ թվում՝ ԲՀԿ հրավերով Երեւանում դաշինքի հերթական տարեկան համաժողովի անցկացումը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոյան։