ԿԱԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՉԳՈՐԾՈՂ ԿԵՏԵՐԸ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան: Մարդկանց զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Սակայն գյուղացին իր քրտինքով աշխատածը չի կարողանում իրացնել եւ կանգնում է “կոտրած տաշտակի” առաջ: Մարզում ստեղծվել են կաթի ընդունման կետեր, բայց դրանք հիմնականում չեն գործում, որովհետեւ կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին ձեռնտու չեն կաթի շուկայական գները, գյուղացիներն էլ չեն ցանկանում կաթը հանքային ջրից էժան վաճառել: 
Տավուշի մարզում առկա է կաթի հավաքման եւ վերամշակման շուրջ 20 ձեռնարկություն: Դրանց բացարձակ մեծամասնությունն այժմ անգործության է մատնված: “Էմուլիկ” կաթի սպառողական կոոպերատիվը գործում է Իջեւան քաղաքի մերձակա Գանձաքար գյուղում: Կոոպերատիվի տնօրեն Էմմա Հակոբյանի ամուսինը՝ Զարմայիլ Մարդանյանը, որը Գանձաքարի գյուղապետի տեղակալն է, ասաց, որ ներկայում կոոպերատիվը շատ քիչ ծավալով է կաթ հավաքում, քանի որ կաթի ընդունման գինը շատ թանկ է՝ լիտրը 200 դրամ: Այս ձեռնարկությունն ամիսը 300-400 լ կաթ է ընդունում եւ դրանից մածուն պատրաստում: Զ. Մարդանյանի խոսքով՝ իրենք հույս ունեն, որ գարնանային սեզոնի հետ կավելացնեն կաթի ընդունման քանակը, նաեւ նպատակ ունեն օգտվել Համաշխարհային բանկի գյուղատնտեսական ծրագրերից:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում գործում է “Վարդաշեն” կաթի սպառողական կոոպերատիվը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ կոոպերատիվը ստեղծվել է 3 տարի առաջ, սակայն աշխատել է ընդամենը 15 օր եւ փակվել, որովհետեւ լիտրը 250 դրամով կաթ հավաքելը տնտեսապես ձեռնտու չէ: Տարբեր ծրագրերով կաթի ընդունման կետեր են ստեղծվել Բերդի տարածաշրջանի Նավուր, Վարագավան, Նորաշեն, Տավուշ գյուղերում, սակայն դրանք բոլորն էլ անգործության են մատնված: Նոյեմբերյան քաղաքում գործում է ,Արշալույս Իսրայելյանե ՍՊԸ-ն, որը ֆերմերներից հավաքված կաթից պանիր է պատրաստում, իրացնում Նոյեմբերյանում ու Երեւանում: Ձեռնարկության սեփականատեր Արշալույս Իսրայելյանը հայտնեց, որ ներկայում բնակչությունից կաթ չեն ընդունում, սակայն  առաջիկայում կսկսեն կաթի հավաքումը Ոսկեպար, Բաղանիս, Դովեղ գյուղերում, քիչ չափով՝ նաեւ Նոյեմբերյան քաղաքում՝ լիտրը 150 դրամով: Ա. Իսրայելյանն ասաց, որ նախատեսում են հավաքած կաթից ոչ միայն պանիր, այլեւ մածուն պատրաստել: Սակայն դժվար է հավատալ, որ անասնապահները լիտրը 150 դրամով կաթ կհանձնեն, երբ դրա շուկայական գինը 250 դրամ է:
2008թ. Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում “Հայաստան” համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվեց կաթի ընդունման կետ: Այն Ազատամուտի եւ հարեւան համայնքների ֆերմերներից հավաքած կաթը հանձնում էր “Աշտարակ կաթ” ընկերությանը: Մի քանի ամիս աշխատելուց հետո, սակայն, ընդունման կետը փակվեց: Այդ կապակցությամբ եղանք “Հայաստան” հիմնադրամի երեւանյան գրասենյակում: Հիմնադրամի պատասխանատուներն այն ժամանակ տավուշցի լրագրողիս հավաստիացրին, որ հիմնադրամի ծրագրերը երբեք կիսատ չեն մնում, եւ իրենք կգտնեն Ազատամուտի կաթի ընդունման կետն աշխատեցնելու եղանակները: 5 տարի է անցել, սակայն դեռեւս չեն գտել…
2012թ. դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում հրավիրած մամլո ասուլիսում ներկայացրեց գյուղատնտեսական տարվա արդյունքները, ձեռքբերումները: 
Հավելենք, որ 2012թ. հոկտեմբերի 21-ին գյուղատնտեսական աշխատողի օրվա եւ գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների կապակցությամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ՀՀ 5 մարզպետերի, այդ թվում՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, պարգեւատրել է գյուղնախարարության ոսկե մեդալով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս