Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՄԻՆՉ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեն նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը երեկ պաշտոնապես հրապարակվեց «Պաշտոնական տեղեկագրի» հերթական համարում, ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ հրամանագիրն այսօրվանից արդեն ուժի մեջ է:

Այս փաստը ենթադրում է, որ այսօրվանից սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը եւ հակաքարոզչությունն այլեւս պաշտոնական բնույթ են կրում: Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների` այս ժամկետից դուրս կողմ եւ դեմ քարոզչությունը եւս արգելված չէ: Պարզապես պաշտոնական քարոզչությունը ենթադրում է պետության կողմից երաշխավորված պայմանների ստեղծում:
Այսպես, առաջիկա յոթ օրերին մարզպետերը եւ Երեւանի քաղաքապետը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք քարոզչություն կատարողներին (նաեւ հակաքարոզիչներին) պետք է տրամադրվեն անվճար: Համապատասխան դահլիճների եւ շինությունների ցանկը պետք է հրապարակվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Քվեարկության օրվանից 40 օր առաջ, այսինքն՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանությունն իր կայքում պետք է հրապարակի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների ցուցակը: Ըստ այդմ, Հայաստանի հանրությունը հնարավորություն կունենա իմանալու, թե որքան է մնացել, որպեսզի ընտրողների թիվն, ի վերջո, գերազանցի բնակչության թվին: Ինչպես հայտնի է պաշտոնական տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունը 3 միլիոն է, իսկ առկա բնակչությունը` 2 մլն 800 հազար: Վերջին` 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրացուցակներով ընտրողների թիվը հասել էր 2 մլն 600 հազարի: Քանի որ ենթադրվում է, որ հանրաքվեի ժամանակ ցուցակային ընտրողների թիվն առնվազն մի հարյուր հազարով կավելացնեն, ուստի դրանից հետո արդեն էլ բան չի մնա, որպեսզի Հայաստանում նորածիններն էլ «ընտրող» լինեն:
Ինչեւէ, հանրաքվեի քարոզարշավից քաղաքական ուժերի համար ամենագրավիչը անվճար եթերաժամանակն է: «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ քվեարկությանը նախորդող 30 օրերին, այսինքն՝ նոյեմբերի 6-ից սկսած խորհրդարանի խմբակցություններից յուրաքանչյուրն իրավունք ունի Հանրային հեռուստաընկերության եթերից անվճար օգտվել 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերից` 120 րոպե: Բացի այդ՝ խմբակցություններն իրավունք կունենան օգտվել նաեւ Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամանակից՝ համապատասխանաբար 120 եւ 180 րոպե տեւողությամբ:
Ինչպես հայտնի է՝ այսօր Հայաստանի խորհրդարանն ունի վեց խմբակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Նրանցից երեքը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ, սահմանադրական փոփոխություններին կողմ են: Այս պահին սահմանադրական փոփոխություններին միանշանակ դեմ են արտահայտվել երկու խմբակցություն` ՀԱԿ եւ «Ժառանգությունը»: ՕԵԿ-ը ոչ այն է՝ դեմ է, ոչ այն է՝ կողմ: Այս կուսակցությունում սովորաբար հոգով կողմ են իշխանությունների ցանկացած նախաձեռնությանը, բայց քանի որ նրանք այս փուլում իրենց ընդդիմություն են հռչակել, հրապարակային մի փոքր պետք է ընդդիմանան իշխանություններին: Ուստի բացառված չէ, որ եթե ՕԵԿ-ը որոշի հեռուստաեթերից օգտվել, ապա մի օր դեմ կխոսեն, մյուս օրը ձեռնպահոտ, որը ավելի շատ «կողմ»-ի կնմանվի:
Ի դեպ, հանրաքվեի ժամանակ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն նախաձեռնության հեղինակը` տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խմբակցությունները, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները: Վերջիններս իրենց քարոզչությունը կամ հակաքարոզչությունն իրականացնելու համար կարող են ստեղծել քարոզչական հիմնադրամներ: Այդ հիմնադրամների միջոցով առավելագույնը քարոզչության համար կարող է ծախսվել 100 մլն դրամ: Խմբակցությունները, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները քարոզչական հիմնադրամի հաշվին կարող են վճարել մինչեւ 25 միլիոն դրամ, իսկ անհատ քաղաքացիները` մինչեւ 100 հազար դրամ: Այսինքն՝ ցանկության դեպքում իշխանությունները միանգամից մի քանի քարոզչական հիմնադրամ կարող են ստեղծել, նույնը վերաբերում է նաեւ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին: Սակայն, եթե իշխանությունների դեպքում միջոցների հայթայթման խնդիր գոյություն չունի, ապա ընդդիմության դեպքում մեկ հիմնադրամը մի բան էլ դեռ շատություն կանի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀԿ-ականներից պարզել, թե երբ են սկսելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ քարոզարշավը դեռ չեն սկսել, թեեւ հասարակության հետ աշխատանքներ միշտ ունենում են: «Քարոզարշավը կլինի այն ժամանակ, երբ կուսակցությունը կորոշի օրենքի շրջանակներում: Պետք է կուսակցությունում որոշվի, խմբեր պետք է կազմվեն: Դեռ կուսակցությունում այդպիսի հավաք-հանդիպում չի եղել: Մենք արդեն իսկ աշխատում ենք, ակտիվ հանդիպումներ ենք ունենում հասարակության հետ: ՀՀԿ-ն քանի որ շատ տարածքային կառույցներ ունի եւ շատ անդամներ, մենք մեր հանդիպումների ժամանակ արդեն իսկ խոսում ենք այդ մասին: Հստակ կանոններով միասին կհավաքվենք, որոշումներ կկայացնենք եւ քարոզարշավը կսկսվի»,-ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է նախօրեին: Այդ հրամանագիրը երեկ պաշտոնապես հրապարակվել է, այսինքն՝ այսօրվանից քարոզարշավը պաշտոնապես մեկնարկած է:

 

ԲՀԿ-Ի ՊԱՏԻԺՆԵՐԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետ է «կանչվել» նաեւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովից: Հիշեցնենք, որ օրերս Մարգարյանը «զրկվել» էր նաեւ ԱԺ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի անդամությունից: ԱԺ ԲՀԿ խմբակցությունում այս օրերին փաստացի «պատժիչ» գործողություններ է սկսել Ս. Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի դեմ: Է. Վարդանյանին մնացել է միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: Բայց ԲՀԿ-ականները մտադիր են նրան այդ պաշտոնից եւս «զրկել»:

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԵՂԲԱՅՐԸ ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու գործով անցնող «Քաջարանի բ/կ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը փախուստի մեջ է, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հիշեցնենք, որ Ավագյանին եւ 4 անձանց ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել՝ մարդկանց առողջության ծանր վնաս պատճառելու հիմքով: Պարզվում է՝ Վարդան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է: Ըստ սյունեցիների՝ ոստիկանապետը մշտապես կապի մեջ է եղբոր հետ եւ չի պատրաստվում նրան հանձնել իրավապահներին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին, սակայն, որ Վարդան Ավագյանը հետախուզման երբեւէ չի եղել, ավելին՝ նա նշված քրեական գործի շրջանակներում ներկայացել է քննչական կոմիտե:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԲՐԻՖԻՆԳ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ՝ առավոտյան, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարել է մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցել են ՀՀ ՊՆ ու ԱԳ նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Քննարկվել են վերջին շրջանում սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Բրիֆինգից հետո կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը Նոյեմբերյանի տարածաշրջանում:

 

ԻՐԵՆՔ ՊԻՏԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ
ԲՀԿ-ում դեռեւս չի քննարկվել սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու ֆորմատը: Երեկ այդ մասին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Անդրադառնալով Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի հետ կապված վերջին զարգացումներին` Էնֆիաջյանը նշել է, որ նրանք պետք է իրենք կողմնորոշվեն եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնից հրաժարվեն:

 

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՇԱ՞ՌՔ Է ՏՎԵԼ
«Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են՝ իշխող ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Ինքն այնտեղ զբաղվել է լոբբինգով, եւ մենք փաստեր էլ ունենք»,- երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցութան ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ խոստանալով նաեւ փաստեր հրապարակել Գագիկ Հարությունյանի կաշառատվությամբ զբաղվելու վերաբերյալ:

 

ԴԵՄ ԵՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԳԻՏԵՆ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ՕԵԿ-ը ձեւավորել է սեփական ճակատ, որի ներկայացուցիչները, սակայն, ազատ կլինեն իրենց քվեարկության մեջ: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը երեկ հայտարարել է, որ թեեւ ՕԵԿ-ը կողմ չէ, բայց այդ հարցում որոշումները կընդունի կուսակցության խորհուրդը: Շահգելդյանը նաեւ համոզվածություն է հայտնել, որ հաջորդ խորհրդարանում իրենք մեծ ներկայացվածություն կունենան:

 

ԱՌԱՆՁԻՆ ԵՆ ՔԱՐՈԶԵԼՈՒ
ՀՅԴ-ն ձեւավորելու է իր սեփական «այո»-ի ճամբարն ու չի միանալու որեւէ այլ «այո»-ի եւ հանրապետության ողջ տարածքում քարոզելու է սահմանադրական փոփոխությունների առավելությունները: Այս մասին երեկ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն ներքին կուսակցական աշխատանքներ է իրականացրել եւ հանդիպել է գրեթե բոլոր 50 ստորաբաժանումների հետ: «Ձեւավորել ենք մոտ 20 անձից կազմված քարոզչական խումբ, որում ընդգրկված են բոլոր հայտնի դաշնակցականները, եւ ամբողջ հանրապետությունում քարզելու ենք»,- ասել է Ա. Վարդանյանը:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ազգային ժողով եւ քաղաքացիական հասարակություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ:




Լրահոս