ԴԱՏԱՎՈՐԸ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավոր Ռուբեն Ներսիսյանը, անդրադառնալով օմբուդսմենի հաղորդմանը, ասաց, որ դա նրա կարծիքն է, ինչին ինքը չի կարող բռնանալ:

Պատճառը դատավորի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ անցած տարվա նոյեմբերի 25-ին կայացրած վճիռն է: Ըստ օմբուդսմենի՝ Ռուբեն Ներսիսյանը այդ վճիռը կայացնելիս թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումի հիման վրա Ռուբեն Ներսիսյանը վճռել էր «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ գործարարի բռնագանձել շուրջ երկու միլիոն դրամ: Հենց այս վճռի հիման վրա արդեն երեք ամսից ավել «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվների վրա կալանք է դրված:
«Ժողովուրդ»-ը դատավոր Ռ. Ներսիսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ է մտածում օմբուդսմենի հաղորդման մասին եւ ինչպես է պատրաստվում պաշտպանվել:
-Պարո՛ն Ներսիսյան, տեղյակ եք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու: Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանվել:
-Ինչո՞ւ պետք է պաշտպանվեմ: Ցանկացած մարդ, ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանը, կարող է իր կարծիքով գտնել, թե այս կամ այն որոշումը սխալ է կամ ճիշտ ու նման հաղորդմամբ հանդես գալ: Օրենքով սահմանված կարգով ընթացք են տալիս, եւ դա սովորական բան է, արտառոց բան չկա:
-ՄԻՊ-ը կարծիք չի ներկայացնում, բացահայտել է, որ Դուք կոնկրետ թույլ եք տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Չեք ենթարկվել մի շարք օրենքների, որը հիմնավորել է:
-Դատավորի պաշտպանվելը ո՞րն է, կա դատական ակտ, խնդրեմ, նայեք: Ինքն իր կարծիքն է արտահայտել, ով կարող է դեմ լինել, մեկ որիշն էլ այլ կարծիք ունի, ով կարող է Ձեր կարծիքի վրա բռնանալ: Ցանկացած դատավոր իր կարծիքը արտահայտում է դատական ակտով եւ դատական ակտը հիմնավորված է համարվում պատկան մարմնի վերադաս դատական ատյանի կողմից, այսինքն՝ գնահատականը տալիս են պատկան մարմինները: Մնացածը կարծիքներ են, որոնք կարող են իրենց կարծիքն ասել, ոնց կարող եմ բռնանալ իրենց կարծիքի վրա:
-Կարեն Անդրեասյանը հենց պատկան մարմինների միջոցով է փորձում Ձեր կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել:
-Դա իր իրավունքն է: Ուր որ դիմել է, գոյություն ունեն օրենսդրությամբ սահմանված կանոններ, որոնց համաձան՝ համապատասխան գործողություններ են կատարվում, եթե կարիքը կլինի, որ ինձանից որեւէ հարց ճշտվի, ինձ կդիմեն, եւ ես կպատասխանեմ:
-Չե՞ք վախենում, որ ՄԻՊ-ի հաղորդումը հանձնաժողովը բավարարի եւ Արդարադատության խորհուրդը որոշի Ձեզ «պատժել»:
-Ինչից վախենամ, դա աշխատանքային պրոցես է, գուցեեւ բավարարեն: Դա հանցագործություն չէ, աշխատանքային պրոցես է, որը ցանկացած դատավորի հետ էլ կարող է լինել անգամ տարին մի քանի անգամ:
-Միթե սովորական երեւույթ է լրատվամիջոցի դեմ վճիռ հրապարակել եւ այն էլ անհամաչափ` վտանգի տակ դնելով հետագա գործունեությունը: Ստացվում է՝ Ձեզ համար սովորական երեւույթ է օրենք խախտելը:
-Իմ միակ առաքելությունը արդարադատություն իրականացնելն է:
-Դուք կարծում եք, որ արդարադատություն եք իրականացրել:
-Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ եւ կատարել եմ իմ աշխատանքը, այսինքն՝ կատարելով իմ աշխատանքը, կատարել եմ արդարադատություն, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե դա ինչ-որ մեկին կամ մի խումբ անձանց դուր գալիս է, թե չէ, կամ հասարակությունում ինչպիսի գնահատականներ կարող են տրվել: Իմիջայլոց, իմ այս հայտարարությունը բխում է դատական օրենսգրքով սահմանված նորմերով, որ դատավորը չպետք է վախենա արդարադատություն իրականացնելիս:
-Փորձը ցույց է տվել, որ երբ հաղորդում է ներկայացնում կարգապահական հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, հանձնաժողովը չի բավարարում: Ինչպե՞ս է դատավորներին հաջողվում համոզել իրենց գործընկերներին: Դուք ե՞ւս օգտագործելու եք Ձեր պաշտոնական լծակները:
-Չգիտեմ, այդ տեղեկությունները Ձեզ որտեղից է, ես անտեղյակ եմ, քանի որ ինքս էլ այդ հանձնաժողովի անդամ չեմ: Ինչ ասեմ, Ձեր հարցը Ձեր դուրը գալի՞ս է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխանեմ, դա հարց չի, որ պատասխանեմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍՐԲԱԶԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՕՖշորային հայտնի աղմկալի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Տեւական ժամանակ է, ինչ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը բարձրաձայնում է, որ միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան: Սակայն գործը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն ասել էր, թե լրացուցիչ վկաներին հարցաքննելու միջնորդությունը կքննարկի ապացույցների հետազոտումից եւ Աշոտ Սուքիասյանին հարցաքննելուց հետո:
Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ հիմնականում մեղադրում էր ոչ միայն գործարար Աշոտ Սուքիասյանին, այլեւ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին: Սակայն, ինչպես նկատում ենք, նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն գործարար Աշոտ Սուքիասյանը:
Ավելին՝ հոկտեմբերի 1-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օֆշորի գործով վկա 70-ամյա, ԱՄՆ քաղաքացի Արփիկ Բալյանը հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ փաստաթղթերում տեսել է նախկին վարչապետի Սարգսյանի եւ Կճոյանի անձնագրերի պատճենները: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը տուժող կողմի միջնորդության մասին զրուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:
-Սրբազա՛ն հայր, գործարար Փայլակ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Դուք ներկայանաք դատարան եւ հարցաքննվեք դատավորի կողմից: Եթե դատարանի կողմից ստանաք միջնորդությունը, ապա պատրաստվո՞ւմ եք ներկայանալ:
-Իհարկե, եթե ստանամ, ապա կներկայանամ:
-Ցանկանում եք ապացուցել, որ Դուք կապ չունե՞ք՝ չնայած տուժող կողմի վստահեցումներին եւ հիմնավորումներին:
-Կարծում եմ՝ ապացուցելու բան չկա, ամեն ինչ պարզից էլ պարզ է:
-Ի՞նչն է պարզ, տուժող կողմը վստահեցնում է եւ պահանջում է Ձեր ներկայությունը, սա կարող է իրավիճակ փոխել, Դուք պատրա՞ստ եք:
-Ոչ մի փաստ գոյություն չունի եւ չի կարող լինել: Չեմ ցանկանում խոսել այս թեմայով, ինձ չվերաբերվող թեմա Է: Չեղած բանի համար չեմ ցանկանում խոսել:
Ինչպես նկատում եք՝ սրբազան հայրը մտադիր չէ խուսափել դատարանից: Իսկ կներկայանա՞, արդյոք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարան: Դատելով այն փաստից, որ նա գտնվում է ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, նույնսիկ եթե ստանա դատարանի պահանջը, չի ներկայանա, ուստի տուժող կողմի հարցերին, ըստ էության, կպատասխանեն նախկին վարչապետի հայաստանյան ներկայացուցիչները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությանն ընդառաջ, Երեւանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել արցախյան պատերազմում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, նաեւ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների՝ թվով 30 ընտանիքների ներկայացուցիչներին: Քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ է հանձնել նաեւ թատերագիր Վահրամ Սահակյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին, երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: Ողջունելով ու շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նոր բնակարանը նրանցից յուրաքանչյուրի համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: «Առաջին անգամ է, որ քաղաքապետարանը հնարավորությունի ունի նման խոշոր աջակցություն ցուցաբերելու: Հուսով եմ՝ սրանով մենք հիմք կդնենք գեղեցիկ ավանդույթի եւ կփորձենք յուրաքանչյուր տարի նմանատիպ անակնկալներ մատուցել մեր ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին»,- ասել է Մարգարյանը:

 

ԷԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ՝ 82 մմ-ոց ականանետից /2 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդուն` Դերենիկ Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացված դատավճիռը: Ըստ ամենայնի, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի համակերպվում Սուրիկ Խաչատրյանի հարազատների ու թիմակիցների ազատ արձակման գործընթացի հետ եւ ճիգեր է գործադրում գոնե նրանցից ոմանց մասով բողոքի ձայն բարձրացնելու ուղղությամբ:

 

ԻՐԵՆՑ ԱՉՔՈՎ ՏԵՍԱՆ
ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը եւ Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ: Գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ուղեկցությամբ նրանք եղել են վնասված տներում, որտեղ սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով մահացել եւ վիրավորվել էին խաղաղ բնակիչները:
ԵԱՀԿ նախագահները կարողացել են անձամբ համոզվել, որ գյուղը գնդակոծվել է թուրքական ծագման TR-107 սարքավորումներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գնդակոծումից տուժած գյուղ էր այցելել Ֆրանսիայից ժամանած տեսչական խումբը։

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին: Դեսպանի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետեւանքները:




Լրահոս