Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող գործիչների մի խումբ երեկ ասուլիս էր հրավիրել` ավետելու նոր նախաձեռնության մասին, որը կոչվում է ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ»: Ինչպես հայտնի է՝ մինչ այս էլ սահմանադրական փոփոխությունների դեմ ուժերն ու գործիչները կազմավորել էին «Ոչ»-ի ճակատ: Եւ «Նոր Հայաստանին» միացած գործիչների մի մասը ընդգրկված են նաեւ «Ոչ»-ի ճակատում: Իսկ մինչ այդ էլ ընդգրկված են եղել «Հանրային փրկության ճակատում»: Մի խոսքով, մարդիկ իրար հերթ չտալով՝ ճակատներ են ստեղծում՝ պնդելով, որ իրենք կփրկեն Հայաստանը:
Ի տարբերություն «Ոչ»-ի ճակատի՝ «Նոր Հայաստանը» երեկ ազդարարեց, որ իրենց նպատակն է տապալել նոր Սահմանադրության ընդունումը, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը եւ ձեւավորել «ժողովրդի վստահության անցումային կառավարություն»: Իսկ պաստառներով ավետում են «փրկիչների» ծրագրային հերթականությունը. «Արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ»:
Այս լոզունգի քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը: Ընդդիմության միասնական շտաբի պետ է ընտրվել Ժիրայր Սէֆիլյանը: Ընդդիմության միասնական շտաբը տեղակայված է Երեւան, Երզնկյան 75 հասցեում:
Իհարկե, ընդդիմադիր դաշտում միավորման ցանկացած փորձ ողջունելի է, բայց հարց է, թե ինչքանով նախաձեռնությանը կհաջողվի իրագործել իր առջեւ դրված խնդիրները:
Ինչո՞ւ, բացատրենք. նախ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալումը չի կարող ենթադրել իշխանափոխություն: Իհարկե, զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում, եթե իշխանությունները ինչ-որ խնդիր են դնում հանրաքվեի, եւ այն չի անցնում, դրան հաջորդում են հրաժարականներ: Սակայն Հայաստանի իշխանությունները երբեւէ նման բարձր գիտակցություն եւ պարկեշտություն չեն դրսեւորել:
Բայց եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին կհաջողվի հասնել հանրաքվեի տապալմանը, դրանից հետո Սերժ Սարգսյանը կարող է ընդամենը հայտարարել, որ ինքն ընդամենը ճշտում էր ժողովրդի կարծիքը, ու եթե մարդիկ չեն ցանկանում այդ փոփոխությունները, ուստի դրանք չեն կատարվի: Ի՞նչ է ստացվում այս պարագայում: Ակնհայտ է, որ անգամ դրանից հետո ո՛չ Սերժ Սարգսյանը հրաժարական կներկայացնի, ո՛չ էլ խորհրդարանը կգնա «ինքնալուծարման»: Պատճառն այն է, որ ո՛չ Սահմանադրությամբ եւ ո՛չ էլ որեւէ օրենքով Կառավարության որոշումով կամ քաղաքապետի հրամանով հանրաքվեի տապալվելու դեպքում հրաժարականի պարտադրանք չկա նախաձեռնողների համար նախատեսված:
Ուստի տարբեր ճակատներում հավաքված փրկիչները իշխանափոխության համար պարզապես պետք է գրոհեն նախագահի նստավայրը կամ խորհրդարանը:
Իսկ այն, որ Հայաստանի բնակչության 70-80 տոկոսն իսկապես երազում է երկրում փոփոխություններ տեսնել, թերեւս գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Սակայն պետք է գիտակցել, որ Սահմանադրական հանրաքվեի միջոցով երկրում փոփոխությունների հասնելու հեռանկարն այնքան էլ իրատեսական չէ, եւ որքան շատ եղան հավատացողները, այնքան էլ հիասթափվածները շատ կլինեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԺԳՈՀ ԵՆ
ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովում դեռեւս սեպտեմբերին քննարկվեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Օրենսդրությամբ նույնականացման քարտը փոխարինում է անձնագրին: Վերը նշված նախագծով առաջարկվում է թույլատրել, որ այդ քարտով քաղաքացիները նաեւ ընտրություններին մասնակցեն: Սակայն այդ քարտերի վրա հնարավոր չէ որեւէ կնիք դնել, ինչպես անձնագրերում: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մտահոգում է այս հարցը: «Վերջին ընտրությունների ժամանակ մենք բարձրաձայնեցինք այս խնդիրը, որ նույնականացման քարտը չի կարող ծառայել որպես անձնագիր: Մեզ համար խիստ կարեւոր է, որ քաղաքացիներն ունենան անձնագրեր՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար»,- ասաց Բիշարյանը:
ԹԱՄԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
Երեկ տեղի է ունեցել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստ, որի ժամանակ Թամար Պողոսյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից: Նրան փոխարինել է Ջիվան Պողոսյանը: Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարար եղած ժամանակ մշտապես սկանդալային պատմությունների կիզակետում էր հայտնվում: Օրինակ՝ մեկ անգամ ասուլիսին ներկայացել էր ծամոնով, հետո այն լրագրողների ներկայությամբ փոխանցել էր իր մամլո խոսնակին, որպեսզի «պահի»: Կամ մեկ անգամ էլ պարզվել էր, որ նա հանրահայտ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին դեմքով չի ճանաչում եւ պահանջել էր ներկայանալ: Սակայն ուշագրավն այն է, որ բոլոր այդ պատմությունները ժամանակին առանձնակի ակտիվությամբ եւ նախարար Պողոսյանի համար ծանր հետեւանքներով լուսաբանել է հենց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես լրագրող: Ուշագրավ է, թե այժմ Պողոսյանը նրան ինչ խորհուրդներ է տալու:
ԿԱՌԵՐԵՍԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում առաջիկայում տեղի կունենա մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով տուժող Մուշեղ Զաքարյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի առերեսումը: Բանն այն է, որ տուժողն իր ցուցմունքներում նշել է, որ իրեն միջին ծանրության վնասվածքը հասցրել են մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը` Աղալարը, նրա որդին` Էյներ Խաչատրյանը, եւ Մայիս Խաչատրյանը: Վերջինս չորս ամիս փախուստի մեջ էր եւ վերջերս է ներկայացել ոստիկաններին: Մեր տեղեկություններով՝ Մայիս Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանք, եւ հենց դա է պատճառը, որ քննիչները ցանկանում են նրան եւ տուժողին առերեսել: Հիշեցնենք, որ Մայիս Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿԱՅՑԵԼԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչեւ ամսվա վերջ մտադիր են այցելել տարածաշրջան եւ բանակցություններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ հանդիպման վայրն ու օրը կախված են երկու երկրների նախագահների որոշումից: «Սա մեր բանակցությունների գլխավոր թեման կլինի: Նրանք համաձայնության են եկել բանակցությունների ակտիվացման հարցում: Հուսով ենք, որ սա կարեւոր քայլ կլինի խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի կարգավորման համար»,-ասել է Ուորլիքը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ
«2008-2014 թվականների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ Կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ», – ասել է Հովիկ Աբրահամյանը: Նկատենք, որ նրա նշած ժամանակահատվածում Կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն էր: Հովիկ Աբրահամյանը երեկ նաեւ նշել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումը, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: «Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ եւ 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր», – նշել է Կառավարության ղեկավարը:
ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք քաղաքական ղեկավարության հետ», – այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Մոսկվայում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպումից հետո: Նա նաեւ խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման մասին. «Հնարավոր է եւս մեկ հանդիպում աշնան ընթացքում: Հուսով ենք, որ հնարավոր է՝ լինի հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ», – նշել է Զանիերը:
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ
Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 12-ին Չեխիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի պաշտպանության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ՝ այցելություններ պաշտպանական համալսարան եւ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ:
ԿՍՊԱՍԵՆ ԵՎ ԿՀԵՏԵՎԵՆ
«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն առայժմ կսպասի եւ կհետեւի, թե որ ուժն ինչպես է պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ, եւ ըստ այդմ էլ կորոշի՝ աջակցել որեւէ ուժի՝ սահմանադրական փոփոխությունները տապալելու ուղղությամբ: Այս մասին Aravot.am-ին ասել է «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին: Նշենք, որ այս նախաձեռնության խորհրդի կազմում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ
Հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը, 16-ի գիշերը նույնքան կնվազի: