2015թ. հոկտեմբերի 9-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Եւ, ահա, անակնկալ հետեւողականությամբ իրավապահ կառույցները սկսեցին հետաքրքրվել այդ հայտարարությամբ:
Այն, որ Աժ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը մշտապես իշխանություններին մեղադրել է տարբեր հանցանքների` թալանի, հովանավորչության, կաշառակերության, կաշառատվության եւ այլ զազրելի արարքների մեջ, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Բայց երբեւէ նման ուշադրության չէր արժանացել: Եւ որպեսզի հասկանանք, թե ինչն է եղել խնդիրը, փորձենք համեմատել նախկինում արված մի քննադատությունը հոկտեմբերի 9-ին հնչեցված հայտարարության հետ:
Օրինակ՝ պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ.-ի կատարման ու 2013 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր՝ իշխանությունը թալանում է ժողովրդին. «Տեղի է ունենում պետական գույքի վաճառք յուրայիններին՝ չնչին գնով: Գազի, էլէկտրաէներգիայի թալանը քիչ էր, հիմա էլ թալանի նոր ձեւ են գտել: Հիմա ի՞նչ: Թու՞յլ ենք տալու սա: Գալիս է այս իշխանությունների՝ ժողովրդին հաշիվ տալու ժամանակը: Բոլորով ելնելու ենք թալանի դեմ եւ երկիրը փրկենք թալանչիական այս համակարգից»:
Իսկ հոկտեմբերի 9-ին ասել էր. «Սահմանադրական այս փոփոխություններին կողմ են նեղ շրջանակով՝ Սահմանադրական հանձնաժողովով, գլխավորությամբ Գագիկ Հարությունյանի, որի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Կողմ են Դաշնակցությունը եւ այլ քաղական ուժերը, որոնց մեկին ծեծելով, մեկին կաշառելով՝ բերել են այս ճամբար»:
Նկատեցի՞ք՝ նախկինում Զուրաբյանը քաղաքական ընդհանրական գնահատականներ էր հնչեցրել, իսկ վերջին օրինակով կոնկրետ մեղադրել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Ու այս իրավիճակում երկու ելք կա՝ կա՛մ Զուրաբյանը պետք է ապացուցի իր ասածը փաստերով, կա՛մ նրան սպառվում է ընդհուպ մինչեւ սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործով գլխավոր դերակատարի կարգավիճակը:
Համենայն դեպս, երեկ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունը դրա մասին էր ազդարարում: «Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»,- հայտարարեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածը սահմանում է «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ Լեւոն Զուրաբյանն այս օրերին պետք է իրավապահներին փաստեր ներկայացնի, թե երբ, ինչպես եւ ինչ ճանապարհով է Գագիկ Հարությունյանը կաշառել Վենետիկի հանձնաժողովին: Ի՞նչ ապացույցներ ունի նա: «Ժողովուրդ»-ը փորձեց նախ` Զուրաբյանի հետ զրուցել, սակայն ողջ օրը նա այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց: Փորձեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, պրոֆեսիոնալ իրավաբան Գագիկ Ջհանգիրյանից պարզել, թե արդյոք վերջինս տեղյակ է, թե ինչ փաստեր ունի Լեւոն Զուրաբյանը Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու գործով: Սակայն Ջհանգիրյանը պատասխանեց, թե. «Որեւէ մեկի հայտարարությունը չեմ մեկնաբանում, այդ թվում նաեւ՝ Լեւոն Զուրաբյանի: Իրեն հարցրեք, լա՛վ մնացեք»: ՀԱԿ-ում բոլորն էլ հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը: Ինքը՝ Զուրաբյանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե կարձագանքի, երբ լինի դրա անհրաժեշտությունը:
Իսկ ի՞նչ է մտածում այդ հայտարարության մասին Գագիկ Հարությունյանը, ինչպե՞ս է պաշտպանվելու: ՍԴ նախագահին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցադրմանը ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը պատասխանեց. «Որեւէ բան չենք պատրաստվում, որովհետեւ դա այդ դեպուտատ կոչվածի մարազմատիկ հայտարարությունն է, որին մենք չենք ուզում պատասխանել»: Մեր այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի անդամներին այս շրջանում անգամ պատվոգիր կամ հուշանվեր է՞լ չի տվել, որը կարող է ընդդիմության ներկայացուցչի կողմից կաշառք որակվել, Հովհաննես Պապիկյանը պատասխանեց. «Այդ ամբողջը Լեւոն Զուրաբյանի զառանցանք է, նման բան հնարավոր չէ: Լեւոն Զուրաբյանը քնել-արթնացել է եւ մի էշություն ասած պիտի լիներ»:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին դատապարտյալների հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Էդիկ Ավագյանը, որը սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում գտնվում էր կալանքի տակ:
Իսկ ո՞ւմ էր սպանել կալանավորված Էդիկ Ավագյանը: 2014 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Էդիկն իր տանը՝ Էրեբունի փողոցի շենքերից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ` Մելանյա Ավագյանի հետ: Վիճաբանության ընթացքում Էդիկ Ավագյանը դանակի մոտ 14 հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին:
Սակայն ամեն ինչ այդքանով չէր ավարտվել, վերջինս բնակարանի դուռը ներսից փակելով՝ վնասել էր նաեւ իրեն: Եւ մինչ փրկարարներն օգնության էին հասել, Մելանյա Ավագյանը մահացել էր, իսկ էդիկ Ավագյանին կարողացել էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:
Կատարվածից հետո իր երկու երեխաների մորը կյանքից զրկած Էդիկ Ավագյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով, եւ 2015 թվականի հունիս 11-ին գործը ուղարկվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ի դեպ, Էդիկ Ավագյանը հայտարարել էր, որ կնոջը սպանել է, քանի որ լսել է, թե դավաճանել է իրեն:
Ի դեպ, Armlur.am-ի հետ զրույցում մահացած Մելանյա Ավագյանի մայրը` Անահիտը, պատմել էր՝ տարիներ շարունակ դստերը հորդորել էր ամուսնալուծվել, հեռանալ Էդիկի կյանքից, սակայն Մելանյան շարունակել էր մնալ հարբեցող, գործազուրկ ամուսնու կողքին` հանուն երեխաների. «Աղջիկս բարոյականության տիպար էր, ազնվության, բարության, նամուսի գերի: Էդ մի ամսին, երբ հեռացել էր ամուսնու մոտից, անընդհատ զանգում էր ամուսնու քույրերին, խնդրում էր, որ գնան, իրենց ախպորը տեր լինեն, հանկարծ իրա գլխին մի փորձանք չբերի: Ինքն ինձ համար ամենաթանկ մարդուն է ջնջել աշխարհի երեսից»:
Ու մինչ այս գործով դատական նիստերը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ դեռեւս շարունակվում են, հոկտեմբերի 6-ի լուսադեմին՝ ժամը 5:45-ի սահմաններում, Էդիկի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա մահացել է: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հաստատեցին տեղեկությունը` հայտնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տեղեկացնենք, որ Էդիկ Ավագյանը մահացել է քաղցկեղի հետեւանքով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄՏԱՀՈԳԻՉ
«Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան անհայտ անձինք քարեր են նետել Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի շենքի ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Դեռեւս անհայտ է, թե ովքեր են այդ հանցագործության հեղինակները:
ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ
ՄԻ Եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին կհրապարակի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը, դատավճռի հրապարակումը Ֆրանսիայի ժամանակով 11:45-ին է: Սա առաջին դեպքն է, երբ ՄԻԵԴ Մեծ պալատը պետք է ցեղասպանության ժխտման վերաբերյալ որոշում հրապարակի: Ըստ բազմաթիվ փորձագետների՝ դատարանի որոշումը կարող է լինել նախադեպ հետագայում նմանատիպ գործերի քննարկման ժամանակ:
ՀԱՑԱԴՈՒԼ
Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել` հուսալքվելով, թե իշխանություններն իրենց դիմումներին երբեւէ ընթացք կտան եւ կվերանայեն իրենց պատժաչափերը: ՔԿՎ հանրային կապերի վարչությունից Armlur.am-ի այս տեղեկությունը հաստատել են՝ նշելով, որ հացադուլ է հայտարարել 45 ցմահ դատապարտյալ: Ի դեպ, սա նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի համար առաջին «փորձությունն է»:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Երեկ տարածված տեղեկությունները, թե Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է, տուժողների շահերի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարսոյանը չեն շտապել հստատել: Նրանք aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են, թե առաջիկայում մամլո ասուլիսով հանդես կգան: Հիշեցնենք, որ նման փորձաքննություն կատարելու միջնորդություն ներկայացրել էին Ավետիսյանների փաստաբանները, քանի որ օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում դասալքության, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի զենք կրելու համար դատվող Պերմյակովի վարքագիծը տարօրինակ էր թվացել: Նա դատավարության ընթացքում մերթընդմերթ քնել էր, իսկ վճիռը հրապարակելիս սկսել էր հրճվել, ժպտալ:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՐԱԿԵԼ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /36/ եւ 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /17 արկ/: