ՀՀ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԸ ՏԱՐԲԵՐ ԳԻՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարբեր մարզերում գործող գազալցակայաններում բնական գազը վաճառվում է տարբեր գներով: Մասնավորապես, եթե Արմավիրի մարզում որոշ գազալցակայաններում ավտոմեքենաները կարելի է լիցքավորել՝ 1 խմ գազի համար վճարելով 180-200 դրամ, ապա Աշտարակի շրջակայքում գինը տատանվում է 170-180 դրամի սահմաններում: 1 խմ գազի գինն ավելի ցածր է Տավուշի մարզի Իջեւան կամ Դիլիջան քաղաքաներում` 160-170 դրամ, մինչդեռ Երեւանում, ընդհակառակը, վաճառվող գազն ամենաթանկն է՝ 200-210 դրամ: Գների այս տարբերությունը խոսում է այն մասին, որ Երեւանում գազ վաճառողները սպառողների հաշվին գերշահույթներ են ստանում:

Նշենք, որ ԱԳԼՃԿ-ների խոշոր ցանց ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան է պատկանում նաեւ մայրաքաղաքի եւ հարակից տարածքի գազալցակայանների հիմնական մասը: Բիզնեսի այս ոլորտում պասիվ չէ նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի ընտանիքն էլ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Արարատի մարզում մի քանի գազալցակայաններ ունի: Մայրաքաղաքում եւ Արմավիրի մարզում գազալցակայաններ ունեն նաեւ ԱԺ պատգամավորներ Նահապետ Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը, Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը եւ այլք:
«Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում գործող գազալցակայաններին առաքվել է 29 մլրդ 91 մլն դրամի գազ, բայց վերջիններս դրա համար վճարել են 30 մլրդ 535 մլն 100 հազար դրամ՝ 4 տոկոս գերավճարով: Մինչդեռ նախորդ տարի գազալցակայաններին առաքվել է 25 մլրդ 131 մլն դրամի գազ, իսկ վերջիններս վճարել են 25 մլրդ 936 մլն դրամ՝ 3 տոկոս գերավճարով:
Ըստ մասնագետների՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է գազով շահագործվող ավտոմեքենաների թիվը, որն էլ ուղիղ կապ ունի մարդկանց սոցիալապես անապահով վիճակի հետ: Բանն այն է, որ մեքենան գազով շահագործելն ավելի մատչելի է, քան բենզինով: Այս պատճառով բազմաթիվ քաղաքացիներ, գնելով բենզինով շահագործվող ավտոմեքենա, այն արագ վերածում են գազով աշխատողի, որը, թեեւ, ավելի ձեռնտու է, սակայն ոչ նույնքան ապահով: Ի դեպ, ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում գազով աշխատում է մեքենաների 77,3 տոկոսը:
ՀՀ-ում գործող գազալցակայաններում վաճառվող բնական գազի գների տարբերության մասին բազմիցս խոսվել է: Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը վարորդներից դժգոհություններ է ստանում ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում գործող գազալցակայաններում վաճառվող բնական գազի գների տարբերության վերաբերյալ:
Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակության պետական պաշտպանության հանձնաժողովը գազալցակայանների նման գնային քաղաքականության մեջ մրցակցային օրենսդրության որեւիցե խախտում չի տեսնում: Ըստ հանձնաժողովի՝ այս փաստը վկայում է տարբեր գնային քաղաքականության մասին, որտեղ կա մրցակցային իրավիճակ: Տնտեսվարող սուբյեկտները վարում են գների անկախ քաղաքականություն, եւ որեւէ հսկողություն չի կիրառվում նրանց նկատմամբ, եթե վերջիններս չունեն բնական մենաշնորհներ, գերիշխող դիրք, եւ եթե հակամրցակցային համաձայնության չեն եկել` անհիմն բարձրացնելով, պահպանելով կամ իջեցնելով գները: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «ժողովուրդ»-ին փոխանցեց, որ գազալցակայանների ոլորտում գերիշխող տնտեսվարողներ չկան, իսկ հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք գրավող տնտեսվարողներ:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի պնդմամբ՝ կարեւոր է տեղեկանալ, թե ՀՀ հատկապես ո՞ր գազալցակայաններում ինչ ճնշման եւ ջերմաստիճանի տակ են մեքենան լցավորում: Չէ՞ որ ճնշումից եւ ջերմաստիճանից կախված է, որ գազալցակայանում գոյանում է բնական գազի գինը:
«Գների վերահսկողության բլոկում անելիք ունի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, իսկ գնագոյացման գործընթացում` էկոնոմիկայի նախարարությունը: ՏՄՊՊՀ-ի անելիքը այն է, որ եթե գազալցակայանը ֆիքսել է 200 դրամ, ապա այն շարունակի աշխատել այդ գնով, այլ ոչ թե 230-ով: Իսկ էկոնոմիկայի նախարարությունը պետք է վերահսկի, որպեսզի տնտեսվարողը չկարողանա 4000 դրամը արհեստական ճանապարհով վերածել 5500 դրամի»,- բացատրեց ՀԿ-ի նախագահը:
Մասնագետի համոզմամբ՝ այս երկու պետական կառույցների միջեւ կապը բացակայում է, ինչի արդյունքում էլ այս համակարգում անհասկանալի գնային քաղաքականություն է վարվում: «Տնտեսվարողն ասում է՝ 200 դրամով է վաճառում գազը, իր հաշվիչի վրա դա էլ գրված է, բայց նա կարող է արհեստականորեն սպառողից գանձել 230 դրամ այնպես, որ սպառողը դա չզգա: Երկու ապարատների միջեւ կապ պետք է լինի»,- նկատեց մեր զրուցակիցը:
Բացի այս՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ այս համակարգում կան լուրջ խնդիրներ, եւ առաջինը, որ պետք է լուծվի, դա գազալցակայաններում անվտանգության համակարգի ներդրումն է: «Եւ այն պետք է ներդնել այնպես, որ տնտեսական հետեւանքները վատ չլինեն: Մասնավորապես, եթե մենք վերցնենք վերջին մեկ տարվա վիճակագրությունը՝ գազալցակայանների պայթյունների, մահացության դեպքերի թիվը, ապա կհասկանանք, թե անվտանգության հետ կապված ինչ լրջագույն խնդիրներ ունենք: Այստեղ կա երկու հիմնական կարեւոր գործառույթ, որտեղ երկու պետական կառույց իր անելիքն ունի: Դրանք են՝ ՀՀ էկոնոմիկայի եւ ՏԿԱԻ նախարարությունները»,- ներկայացրեց Պիպոյանը` ցավով նշելով, որ այս երկու գերատեսչությունների համար էլ մարդկային կյանքը մղված է երրորդական պլան: Ըստ նրա` դա է փաստում այն իրողությունը, որ տվյալ կառույցները անգամ մահացության դեպքերից հետո ոչ մի էական, առարկայական քայլ չեն արել ԱԳԼՃԿ-ներում անվտանգության աստիճանի բարձրացման ուղղությամբ:
Հ.Գ. Օգոստոսի 1-ից էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման արդյունքում զգալի վնասներ են կրում նաեւ գազալցակայանները, որոնք դուրս են սուբսիդավորվող տնտեսվարողների ցանկից: Առաջիկայում, ըստ ամենայնի, դրանց զգալի մասը կգնա նոր թանկացումների:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՏՈՒՄ ԵՆ
Խաղողի մթերման խնդիրը ՀՀ-ում դարձել է օրակարգային: Մոտ մեկ ամիս է, ինչ ՀՀ Արմավիր եւ Արարատ մարզերի խաղողագործները տարբեր վերամշակող գործարանների մոտ օր ու գիշեր հերթ են կանգնած:
Արմավիրի մարզի Ամասիա գյուղի խաղողագործ Գառնիկ Հարոյանը «ժողովուրդ»-ին պատմեց, որ իրեն ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանին պատկանող Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի «Նոյ» գործարանի տնօրեն Մառա Հարությունյանը «կոպտել է եւ գործարանի տարածքից հեռացրել»: Պատճառն այն է եղել, որ Հարոյանը դիմել է armlur.am-ի թղթակիցներին: «Անձամբ ինձ Մ. Հարությունյանն ասաց՝ քո ապրանքը քեզ լինի, դո՛ւրս գնա այստեղից: Եւ հրահանգեց կոնկրետ ինձ գործարանից ներս չթողնել: Պատճառը լրագրողներին կանչելն էր: Մեզ ասեցին՝ ինչի համար եք բերել լրագրողներին, սրտներդ բացեցի՞ք, Ծառուկյանին վատ բաներ ասեցի՞ք: Բայց մենք վատ բան չենք ասել Ծառուկյանին: Ու դրա համար մեզ գցել է սեւ ցուցակ»,- դժգոհեց Հարոյանը:
Մինչդեռ Գ. Հարոյանը «Նոյ» գործարանի հետ ունի կնքած պայմանագիր՝ 17 տոննա խաղողի մթերման մասով: Սակայն երեկ նա 12 տոննա խաղող է հանձնել նշված գործարան, իսկ 5 տոննայից տնօրինությունը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ armlur.am-ի լրագրողներին հենց ինքն է կանչել: Բայց Հարոյանն ունի եւս 25 տոննա խաղող, սակայն չգիտի, թե ինչ անի:
Խաղողագործների պատմելով՝ Ծառուկյանին պատկանող բոլոր վերամշակող ընկերությունները դադարեցրել են խաղողի մթերման գործընթացը: Եւ սա այն դեպքում, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ում գործող վերամշակող ընկերությունները խաղողի մթերում կիրականացնեն մինչեւ հոկտեմբերի 24-ը: Ինչպես միշտ՝ ստեց: Մարդկանց «սեւ ցուցակ» գցելու թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Անելանելի դրության մեջ հայտնված խաղողագործները խաղողներով բեռնած մեքենաները ստիպված քշել են մեկ այլ գործարանի բակ՝ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարան: Այստեղ խոստացել են, որ կմթերեն, իսկ թե երբ, հայտնի չէ:
Երեկ ավելի ուշ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգեցին մի քանի խաղողագործներ, ովքեր պատմեցին, որ արդեն չորս օր է, ինչ Այգեստան գյուղի Պռոշյան գինու, կոնյակի գործարանի մոտ հերթ են կանգնած: Սակայն «ինչ-որ պաշտոնյայի կամ ծանոթ-հարազատի» խաղողներն են մթերում: Իսկ իրենց հորդորում են սպասել: Խաղողագործները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ գործարանի մոտ իրենց կողքին են նաեւ մի քանի գյուղապետեր եւ Արարատի փոխմարզպետներից մեկը, որոնք համոզում են ավտոճանապարհը չփակել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ, ով հաստատեց խաղողագործների այն տեղեկությունը, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունները դադարեցրել են խաղողի մթերումը. «Իրենց պլանավորված ծավալները մթերվել են»: Բայց նաեւ հավելեց, թե մթերումները շարունակվում են:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ԲԵՐՔԱՀԱՎԱՔ ԿՐԱԿԻ ՏԱԿ

Արդեն տեղեկացրել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի սահմանամերձ Ուռի հողեր տարածքի խաղողի այգիների շուրջ 150 տոննա բերքը մնացել է վազերի վրա, քանի որ ադրբեջանական զինուժն անընդմեջ գնդակոծում է: Երեկ տեղեկացանք, որ ամիսներ շարունակ այդ այգիները մշակած խաղողագործներից ոմանք չեն կարողանում համակերպվել իրենց բերքի կորստի հետ եւ փորձում են դրա գոնե մի մասը փրկել:

Այգեհովիտցի Սամվել Համզյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ այդ տարածքում ինքն ու համագյուղացիները մշակել են խաղողի 22 հա այգի, սակայն բերքը չեն կարողանում հավաքել: Նրա խոսքերով՝ ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով նույն տարածքում 12 հա խաղողի այգի չի մշակվում: 10 հա տարածք էլ անմշակ է մնացել Այգեհովիտ գյուղից ներքեւ գտնվող ջրամբարի մոտ: Ս. Համզյանը ցավով նշեց, որ ինքն ու համագյուղացիները մեծ ծախսեր եւ զրկանքներ են կրել խաղողի այգիները մշակելու համար. «Օգոստոսի 29-ին խաղողի 1.5 հա այգին 11-րդ անգամ սրսկել եմ: 600 լիտր բուժանյութը 6 կմ ձեռով կրել եմ»,- ներկայացրեց բերքը կորցրած խաղողագործը, ով իր դառը քրտինքով մշակած 1.5 հա այգուց նախատեսում էր ստանալ 20 տոննա խաղող:
Ներկայումս արդեն խաղողի ողկույզների 30-40 տոկոսը փտել է, եւ երբ փորձում են դրանք քաղել, վազից պոկվում, թափվում են գետին: Գերհասունացած խաղողը դառնում է մեղուների, մժեղների բաժին: Ս. Համզյանն ասաց, որ խաղողագործները փորձում են բերքի մի մասը փրկել, խաղողը պարկերով շալակած կամ սայլակներով այգուց հանել: Սակայն ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում խաղող քաղողներին. «Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11.45-ին, սկսեցին կրակել մեզ վրա: Հոկտեմբերի 11-ին զարմացանք, որ նրանք խախտել են կրակի ռեժիմը ու այդ օրը չեն կրակում: Սակայն ժամը 15-ի սահմաններում նորից կրակ բացեցին»: Ս. Համզյանը, ով ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, ասում է, որ այդ հատվածը հսկող հայ սահմանապահները պատասխան կրակ չեն բացում այգին գնդակոծող ադրբեջանական զինուժի վրա, սոսկ այգեհովտցիներից պահանջում են լքել խաղողի այգին:
«Ո՞ւր գնամ, ո՞ւմ թողեմ իմ այգին, տունս»,- հուզված ասում է այգեհովիտցի խաղողագործը: Նրա վկայությամբ՝ խաղողի այգիների տերերը՝ 5-6 հոգով, երկու անգամ ընդունելության են եղել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ: Մարզպետը լավ է ընդունել, հայտնել, որ պետբյուջեից հատկացված 66 մլն դրամով փոխհատուցվել են ադրբեջանական գնդակոծություններից Տավուշի մարզի բնակելի ֆոնդի կրած վնասները: Նաեւ ասել է, որ Կառավարության հաջորդ նիստում կքննարկվի այգեհովտցի խաղողագործների վնասների փոխհատուցման խնդիրը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս