Սերժ Սարգսյանի՝ երեկ տեղի ունեցած այցելությունը Սյունիքի մարզ, ըստ էության, տապալվել է: Այդ մասին են վկայում «Գորիսի մամուլի ակումբի» կայքում երեկ հրապարակված լուրը եւ դրանց կից լուսանկարները: Պարզվում է՝ Գորիս կատարած այցի ժամանակ նախատեսված է եղել Գր. Տաթեւացու անվան վերակառուցված հրապարակի բացման արարողությունը: Մարդկանց առավոտվանից հավաքել են հրապարակում, փուչիկներ եւ դրոշակներ բաժանել, Սերժ Սարգսյանի ճանապարհին գորգ փռել, իսկ վերջում էլ կարմիր ժապավեն ամրացրել: Սակայն, երբ հյուրը ժամանել է, մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Սերժ Սարգսյանին եւ սկսել իրենց խնդիրների մասին բարձրաձայնել, ինչը նրան զայրացրել է, ու նա չսպասելով հրապարակի բացման արարողությանը՝ նստել է ավտոմեքենան եւ հեռացել: Հիշեցնենք, որ դեռեւս անցած շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր նշված այցելության մասին` միաժամանակ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանձնարարվել է, որ ամեն ինչ անի` սյունեցիները այցի ժամանակ իրենց խնդիրներով չմոտենան Սերժ Սարգսյանին: Սակայն, ինչպես տեսնում ենք, Սուրիկ Խաչատրյանը չի կարողացել այդ խնդիրը լուծել, հավանաբար հենց դա էլ զայրացրել է Սերժ Սարգսյանին, եւ նա Գորիսից հեռացել է առանց այնտեղ նախատեսված միջոցառման մասնակցելու:
Ի դեպ, նախագահի կայքը Սերժ Սարգսյանի այցի մասին պաշտոնական հաղորդագրություն երեկ տարածեց շատ ուշ՝ ժամը 20:30-ի սահմաններում: Այստեղ Գորիսի մասին միայն հետեւյալ հիշատակումն էր. «Սիսիանում եւ Գորիսում Սերժ Սարգսյանը հադիպում է ունեցել բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի, հիշյալ քաղաքային համայնքների առաջնահերթ խնդիրների շուրջ»: Իսկ ընդհանուր այցելությունը ներկայացված էր ինչպես միշտ՝ ամեն ինչ շատ լավ է, բոլորը երջանիկ են ու բախտավոր:
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանը «ինքնաբուխ» հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: «Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-հայտարարել էր նա: «Ժողովուրդ»-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչպես է նրա ղեկավարը քարոզելու իր «ոչ»-ը, երբվանի՞ց է սկսելու քարոզարշավը: Սակայն պարզվեց՝ Քոչարյանը Հայաստանում չէ: «Ես առիթ չեմ ունեցել այդ հարցը քննարկել պարոն Քոչարյանի հետ, նա քաղաքում չէ: Որեւէ նախանշված միջոցառում ինձ մոտ նշված չէ առաջիկայի համար: Այնպես որ, այժմ որեւէ կոնկրետ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց Սողոմոնյանը: Ըստ վերջինիս, Քոչարյանը մոտակա օրերին կվերադառնա Հայաստան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀԷՑ-ը գնեց ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը: ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները միացնել մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերը ամսվա վերջին տվյալները ավտոմատ կհաղորդեն կայանին, արդյունքում էլեկտրիկ-սպառող շփում այլեւս չի լինի: ՀԷՑ-ի նոր սեփականատերը համոզված է, որ այդ նոր համակարգը ներդնելով՝ հնարավոր կլինի նվազեցնել էներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի կորուստների ծավալները: Հիշեցնենք, որ ներկայումս ՀԷՑ-ի կորուստները տարեկան կազմում են 12-ից 13 տոկոս, կամ նույն է թե՝ 25-ից 30 մլն դոլար:
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը դեռեւս իրավապահներին չի տրամադրել իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը: Խոսքն այն զրույցի մասին է, որը Հակոբյանը ներկայացրել էր լրագրողներին եւ դրա հիման վրա հայտարարել, որ իր կարծիքով իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է: Միջադեպից անցել է շուրջ երեք շաբաթ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, Սմբատ Հակոբյանը քննիչներին չի տրամադրել վերը նշված ձայնագրությունը: Իսկ թե ինչու իր խոսքերը ապացուցող փաստը չի ներկայացնում, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ վերջինիս հեռախոսահամարը անջատված է: Իսկ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ինքը իրավասու չէ, որեւէ բան հայտնել, թե ինչ ապացույցներ ունեն իրավապահ մարմինները, ով ինչ է նրանց տրամադրել, կամ չի տրամադրել: Ըստ փաստաբանի՝ երկու օրից Սմբատ Հակոբյանն անձամբ կպատասխանի բոլոր հարցերին:
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐՈՎ
ԱՄՆ Քարնեգի հիմնադրամում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ինքը գիտի ՀՀ հաջորդ առաջնորդի անունը, սակայն առայժմ այն չի հնչեցնում, արդեն որքան ժամանակ է` խռովել է Հայաստանի քաղաքական էլիտայի անդորրը: Ըստ որում, Ս. Սարգսյանի հայտարարությունը ինտրիգային էր ոչ միայն առաջնորդի անձի, այլեւ կարգավիճակի առումով: Ի վերջո, պարզ չէ, թե առաջնորդ ասելով` կոնկրետ որ պաշտոնի հավակնորդին նկատի ուներ Սարգսյանը` երկրի նախագահի, վարչապետի, թե ազգային ժողովի նախագահի:
Նկատենք, որ վերջինի հավանականությունը նոր Սահմանադրության նախագծում արված փոփոխություններից հետո զգալիորեն նվազեց, քանի որ արդեն հաստատված տարբերակում Աժ նախագահը զրկված է վարչապետի առաջադրման` ի սկզբանե իրեն տրված բացառիկ հնարավորությունից, ավելին` փոփոխված է նաեւ Աժ նախագահի` ողջ լիազորությունների ժամկետով պաշտոնավարման մասին դրույթը: Ինչ վերաբերում է երկրի նախագահի ինստիտուտին, ապա այստեղ, ընդհակառակը, հաստատված տարբերակով լիազորությունների զգալի մեծացում է առկա: Սակայն չնայած դրան` նոր Սահմանադրությամբ երկրի նախագահը որեւէ կերպ չի կարող համարվել երկրի առաջնորդը:
Ուստի մնում է վարչապետի ինստիտուտը, քանզի հենց վարչապետին են վերապահված ազդեցության այն լծակները, որոնց տիրապետող անձը, այսպես թե այնպես, դառնալու է երկրի առաջնորդը (իհարկե, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի «գենսեկային» կարգավիճակը չհաշված): Եվ պատահական չէ, որ հենց վարչապետի ընտրության հետ կապված դրույթները նոր Սահմանադրության նախագծում մի քանի անգամ փոփոխվեցին:
Այսպես՝ հուլիսի 15-ին հրապարակված նախագծում վարչապետի քաղաքացիության կամ նստակեցության ցենզի մասին որեւէ հիշատակում չկար: Իսկ արդեն օգոստոսի 4-ին հրապարակված տարբերակում հոդված 147-ի 1 կետը սահմանում էր, որ «վարչապետ կարող է նշանակվել վերջին յոթ տարում ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացին»: Ամենից զարմանալին, սակայն, այն է, որ արդեն նախագծի վերջնական` Աժ-ի հաստատած տարբերակում վարչապետին ներկայացվող այս պահանջը դարձյալ հանված է եւ թողնված է միայն «կառավարության անդամը (վարչապետը կառավարության ղեկավարն է) պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները» ձեւակերպումը: Ինքնին հասկանալի է, որ ցանկության դեպքում այս անորոշ պահանջը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ:
Թե կոնկրետ ում հավակնությունները զսպելու նպատակով օգոստոսին հրապարակված տարբերակում ավելացվեց 7-ամյա ցենզը, եւ ապա ինչպիսի հավաստիացումների եւ հաշվարկների արդյունքում այն հանվեց, թերեւս կարելի է միայն կռահել` հետեւելով մասնավորապես ռուսաստանաբնակ որոշ գործարարների քաղաքական նկրտումներին: Բայց որ այս հարցում էլ, ինչպես, ի դեպ, գրեթե միշտ, Սերժ Սարգսյանն իր համար թողել է խաղի զարգացման մի քանի տարբերակներ, ակնհայտ է: