Ռեժիսոր, դերասան ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ զրույցում պարզեցինք, որ նրա դուստրը նույնպես ռեժիսոր է, ապրում ու ստեղծագործում է արտասահմանում, ինչը պարոն Ստեփանյանի համար մեծ ցավ է:
-Թատերական ինստիտուտը տարվա մեջ քանի՞ դերասան է տալիս, մի՞թե այս փոքր երկրում այդքան դերասանի պահանջարկ կա:
-Այդքան էլ շատ չեն: Երբ նայում եմ Գալյա Նովենցի, Երվանդ Ղազանչյանի, Գուժ Մանուկյանի ու այլ անվանի մարդկանց կենսագրությունները, տեսնում եմ, որ նրանք սկսել են շրջանից: Հիմա շրջանից են գալիս, որ դառնան քաղաքի դերասան: Դա շատ շերտավոր խնդիր է, կան մարդիկ, որոնց ընդամենը դիպլոմ է պետք, կան նաեւ մարդիկ, որոնք նվիրված են թատրոնին, չեն դավաճանում: Կլինեն նաեւ երիտասարդներ, որոնք գիրք չեն կարդա, լավ ֆիլմ չեն նայի, թատրոն կամ օպերա չեն գնա: Կմիացնեն սարսափելի հեռուստացույցը, կնայեն հերթական դժբախտ չգիտեմ ինչը ու կմտածեն, որ իրենք էլ են այդպես ուզում:
-Ապագա սերնդի մեջ տեսնո՞ւմ եք լավ կորիզ:
-Չի կարող չլինել: Ոնց որ հողը բերք է տալիս, այնպես էլ ազգը ծնում է իր տաղանդներին յուրաքանչյուր ասպարեզում: Ինչո՞ւ են մեր շախմատիստները հիմա փայլում ու միշտ են փայլել, որովհետեւ եղել է հիմք, հիմքի վրա մեծացել է նոր սերունդ, իրենց արածը գնահատվել, որակավորվել է թե՛ նյութապես, թե՛ բարոյապես, դրա համար էլ մարդիկ հիմա հասնում են բարձունքների:
Երբ արվեստը կարեւորվի այնպես, ինչպես իմ երիտասարդության տարիներին, երբ ես նույնիսկ մեքենա չունեի, բայց տաքսիստն արդեն ճանաչում էր ինձ… Իսկ երբ հիշում եմ մորս պատմածները Հրաչյա Ներսիսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, մյուսի մասին, այդ մարդիկ կուռքեր էին, քայլող լեգենդներ: Մենք ունենք այդպիսի մեծություններ, իսկ ո՞վ է մեզ հիմա կարեւորում, կարեւորելու առիթ էլ չկա:
Առաջ եթե ուզում էիր դուրս գալ եթեր, պետք է ստանայիր գեղխորհրդի գնահատականը, հանձնաժողովը հաստատեր, այլ տարբերակ չկար: Հիմա անձնական սեփականություն է, ով ինչ ուզում, այն էլ ցույց է տալիս: Նույնիսկ օրենք չկա, որ սեփականատիրոջն ասի՝ ա՛յ սա կարելի է, սա` ո՛չ: Ի վերջո, պոռնոն արգելված է, բայց պարտադիր է մարմնի՞ պոռնո ցույց տան, իսկ հոգունը ո՞նց են թույլ տալիս: Հոգու պոռնոն ավելի վտանգավոր է: Վերցնես սցենար գրողներին հարցնես՝ դու կապ ունե՞ս գրական խոսքի հետ, որեւէ թերթիկ, գրքույկ տպած կա՞ս: Թող չասեն՝ ժողովուրդը դա է ուզում, ես ժողովո՞ւրդ չեմ, ինչո՞ւ եք ինձ անտեսում: Ես մի սերունդ ընկերական շրջապատ ունեմ, որ հայկական ալիքներ բացարձակապես չեն նայում:
-Փաստորեն, դեգրադացիային նպաստող քայլեր են արվում:
-Դեգրադացիան վաղուց վերջացել է, հիմա նոր, ավելի վատ բան են անում, դրա խոսքն ուղղակի չկա: Դեգրադացիան արդեն փաստված երեւույթ է: Երբ ես որեւէ տեղ որեւէ առիթով խոսել, բարձրաձայնել եմ այս երեւույթների մասին, ինձ լսել են, ասել են՝ այո՛, իհարկե, ու դրանով ոչինչ չի փոխվել: Հանձնաժողով հավաքվեց, հասարակական խորհուրդ կազմեցին, էլ տեղ չմնաց խոսելու: Ես ավելին չեմ կարող, չեմ կարող մտնել խորհրդարան ու ելույթ ունենալ բարձրախոսով, որովհետեւ ո՛չ պատգամավոր եմ, ո՛չ էլ ուզում եմ դառնալ: Ես հարմար առիթով ասում եմ իմ մտածածը ու ինքս էլ չեմ նկարվում: Բերե՛ք հարմար, շնորհքով բան, ես կնկարվեմ:
-Շատ սկսնակ դերասաններ պնդում են, որ նկարահանումներն իրենց հնարավորություն են տալիս տեսախցիկի հետ առնչվել:
-Բացարձակապես կամերայի աշխատանք չկա, ցածր մակարդակի վրա է, ռեժիսուրան` էլ ավելի:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է կորել մեր քաղաքում:
-Ինձ հենց քաղաքն է պակասում, քաղաքը պիտի փոխվի: Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ վա՜յ, այս շենքը կամ այն շենքն ինչո՞ւ կառուցեցին: Հյուսիսային պողոտա են կառուցում, կառուցե՛ք, երկնաքերներ են կառուցում, կառուցե՛ք, բայց քաղաքում փոխվում է մարդը, ա՛յ դա է սարսափելի: Կորել է քաղքի տղա հասկացողությունը, ում ոչ մեկի հետ չէիր շփոթի: Եվ ամեն քաղքի տղա ուներ իր տեսակը՝ խոսելու, հագնվելու: Մեկ-մեկ ինձ թվում է` այսօրվա քաղքի երիտասարդությանը copy-paste են արել: Նման հագնվում են, նման խոսում…
-Ձեր դստեր մասին ի՞նչ կասեք:
-Այնպես ստացվեց, որ իմ աղջիկը մեծացավ Լիբանանում, 5-րդ դասարանից մինչ ինստիտուտ ավարտելն ապրեցինք այնտեղ: Այնտեղ էլ նա ստացավ 4 լեզվի կրթություն, կինոռեժիսորի մասնագիտություն ու գտավ իր ճանապարհը, ցավոք, արտասահմանում: Ամուսնացավ ֆրանսիացու հետ, հիմա ապրում է Փարիզում: Ինձ համար դա ամենամեծ ցավն է: Երբ նա գալիս է այստեղ, ասում է՝ պա՛պ, դու հասկանո՞ւմ ես, իմ սերնդակիցների հետ ընդհանուր ոչինչ չունեմ, ո՞ւմ հետ ինչ-որ բանի մասին խոսեմ: Դուստրս կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանն է, որը կայացավ առանց ծանոթությունների, Երեւանը չէ, որ պապան օգներ: Ինքն իրենով դարձել է 4 միջազգային մրցույթների, փառատոների դափնեկիր: Ի դեպ, իր բոլոր ֆիլմերը նկարվել են Երեւանում:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ