ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու գործը շարքային գործ է: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա այդպես հավաստիացրեց` հավելելով, որ այդ գործի հետ կապված որեւէ մտավախություն չունի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2015թ մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր թիմակիցների հետ վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ: Արդյունքում, տեղի ունեցած ծեծի գործով 5 անձի մեղադրանք էր առաջադրվել, որոնցից Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանքի տակ հայտնվեցին Յուրի Մանուչարյանը, մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նրա վարորդի որդին` Դերենիկ Ղեւոնդյանը, եւ եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիս Խաչատրյանը: Սակայն ինչպես եւ նախորդ գրեթե բոլոր դեպքերում, այս անգամ եւս Սյունիքի մարզպետի հարազատներին կալանքի տակ պահելու «շոուն» կարճ տեւեց: Հոկտեմբերի 1-ին ազատ արձակվեց Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ավելին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Օրերս էլ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց մարզպետի վարորդի որդուն` Դերենիկ Ղեւոնդյանին:
Եվ եթե Տիգրան Խաչատրյանի ազատ արձակումը հարթ անցավ, ապա նրա վարորդի որդու նկատմամբ այդպիսի որոշումն արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը «շատ համարեց»` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանի որոշումը բողոքարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Ինչ ավարտ կունենա Սուրիկ Խաչատրյանի մերձավորների ազատ արձակման շուրջ իրավապահ համակարգի ներսում ծագած այս հակամարտությունը, դժվար է ասել: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս ամիսներ առաջ Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի մասնակից Դերենիկ Ղեւոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոցը էր կիրառել կալանավորումը: Սակայն նախօրեին քննիչի միջնորդությունը` կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ, դատարանի կողմից մերժվեց, փոխարենը բավարարվեց Ղեւոնդյանի պաշտպանի միջնորդությունը` խափանման միջոց սահմանելով գրավի դիմաց ազատ արձակումը: Ինչ փոխվեց այս երկու ամսվա ընթացքում, կամ ում հրահանգով դատարանի որոշումը փոխվեց:
-Որոշմանը, որ ծանոթանաք, այնտեղ ամեն ինչ պարզ գրված է: Քննիչի միջնորդությունն էլ է բավարարվել, պաշտպանինն էլ: Մնացած հանգամանքների վերաբերյալ ես որեւէ տեղեկություն չունեմ:
-Այդ դեպքում ինչո՞ւ այն ժամանակ գրավ չկիրառեցիք, սակայն հիմա որոշեցիք գրավի դիմաց ազատ արձակել: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է: Եթե նկատի առնենք, որ տուժողների ցուցմունքներում ոչինչ չի փոխվել, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչի հիման վրա է դատարանի գործողություններում այդպիսի փոփոխություն եղել:
-Ամեն ինչ որոշման մեջ կա, կարող եք ստանալ եւ տեսնել, թե ինչ է փոխվել:
-Այս աղմկալի ծեծը դարձել է երկու իրավապահ մարմինների գզվռտոցի պատճառներից, եւ հիմա երկու կառույցներն իրենց անկարողությունը «բարդեցին» դատարանի վրա: Ասել է թե՝ քննիչը միջնորդել է կալանավորել, դատարանն էլ որոշել է գրավի դիմաց ազատ արձակել:
-Ախր… դատարանի որոշումը որ կարդաք, այնտեղ պարզ, հստակ նշված է:
-Դուք՝ որպես դատարանի նախագահ, բացատրեք, հասկանանք:
-Ինչ ասեմ, դրա համար իրավաբանություն է պետք, չգիտեմ: Ամեն կալանքի երկարացման ժամանակ քննիչը պարտավոր է նոր հիմքեր, էս-էն անի… դատավորը ամեն ինչ գրել է, որ կարդաք, Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք:
-Իսկ կարող է՝ Սուրիկ Խաչատրյանն է այլընտրանքային ճանապարհով Ձեզ համոզել, որ այդպիսի որոշում կայացվի:
-Այնպիսի բան եք ասում՝ դատարանին կաշառել… որ անգան հաճելի չէ այս խոսակցությանը մասնակցելը:
-ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է որոշումը: Սա Ձեզ չի՞ մտահոգում:
-Իրենց իրավունք է, դատարանի որոշման հետ համամիտ չլինելու դեպքում դատախազը իրավունք ունի բողոք ներկայացնել, օգտվել են իրենց իրավունքից:
-Մտավախություն չունե՞ք, որ բողոքարկման արդյունքում որոշում կայացրած դատավորը կհայտնվի աննախանձելի վիճակում:
-Բացառվում է, եթե որոշումը կարդաք, Ձեզ համար հասկանալի կլինի ամեն ինչ, որոշման մեջ ամեն ինչ պատճառաբանված է: Որոշումը կարդացեք, ասելու բան չունեմ:
Հ. Գ. Նկատենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանի նախագահը նշեց, որ երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում, պարտավոր է նաեւ նոր հիմքեր ներկայացնել: Ասել է թե` դատարանի նախագահը որոշման մեղքը գցեց քննիչի վրա:
Իսկ մեղավոր է քննիչը, թե ոչ, կորոշի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ իր համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու գործը շարքային գործ է:
Մեր այն հարցին, թե մտավախություն չունե՞ն. մի կողմում Սյունիքի մարզպետի մտերիմի հարցն է, իսկ մյուս կողմում՝ դատախազության բողոքը, ի վերջո, դատարանից կողմերից մեկը պարտվելու է, ավելին՝ հաշվի առնելով նախորդ փորձերը՝ մարզպետը կարողացել է իրավապահ համակարգին համոզել եւ իր հարազատներին ջրից «չոր դուրս» բերել, դատարանի նախագահն ասաց. «Մտավախություն չունենք: Իմ նկատմամբ որեւէ ճնշում կամ այլ բան չկա»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ
Շուրջ երեք տարի է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթի եւ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դատական վեճերը շարունակվում են: Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության: Արդյունքում նույն դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը, անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը, վճռել էր պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ: Եվ, ահա, այս ամենի հետեւանքով օրաթերթի հաշիվներն ամիսներ շարունակ արգելանքի տակ են:
Ու քանի որ այս մասով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող, գործով հայցվոր Սոնա Գրիգորյանը պատշաճ չի ծանուցվել դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին, ուստի բողոքարկել էր վճիռը, եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել հայցը: Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը նախագահող դատավորներ Արթուր Սմբատյանի, Ալվարդ Հունանյանի եւ Լեւոն Գրիգորյանի մասնակցությամբ դատական նիստը հետաձգվեց: Գործարար Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչները դատարան չէին եկել, նախագահողը հայտարարեց, որ պատասխանող կողմը պատշաճ չի ծանուցվել, ավելի ճիշտ՝ ծանուցագիր-նամակը հետ է վերադարձվել, մերժվել է:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացրած անտրամաբանական որոշմանն անդրադարձել է նաեւ օմբուդսմենի գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ ընդդեմ դատավոր Ներսիսյանի: Օմբուդսմենի գրասենյակը կարծում է, որ դատավորը զրպարտության համար նյութական փոխհատուցում կարող էր նշանակել միայն այն դեպքում, եթե պարզեր, որ զրպարտության ենթարկված անձին զրպարտությամբ պատճառված վնասի ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Այնինչ՝ օմբուդսմենը նկատում է, որ վճռի բովանդակությունում նման եզրահանգման դատարանը չի եկել: Եվ, ահա, այս որոշման համար դիմել է հանձնաժողով՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Դատավորին պատասխանատվության կենթարկեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով կալանավորված, «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը երեկ հացադուլ է հայտարարել: ArmLur.am-ի տեղեկացմամբ` Մ. Մխիթարյանը դժգոհ է իր նկատմամբ հարուցված քրեական գործից:
ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2015թ.-ի հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ՝ 15-օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շ. Հարությունյանի, նրա որդու եւ ընկերների գործը։ «Հատկանշական է, որ մեր գործի մեջ առանցքային դեր ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Շ. Հարությունյանի մասին։ Ամերիկայի «Կոլումբիայի» համալսարանում 2014թ.-ին Սարգսյանը խախտել էր մարդու անմեղության կանխավարկածը եւ մինչ Շանթ Հարությունյանի գործով դատավորի վերջնական վճիռը վերջինիս անվանել էր հանցագործ։ Այդպիսով՝ ցուցում տալով դատավորին վճիռը որոշելու եւ հրապարակելու մեջ։ Շանթ Հարությունյանը եւ իր գաղափարական ընկերները կալանավորվել են 2013թ.-ին քաղաքական գործունեություն ծավալելու համար»- գրել է Հարությունյանի որդին:
ԿՈԹԻՆ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ Է
Վերջին երկու օրերին ադրբեջանական զինուժը կրկին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ: ArmLur.am-ի տեղեկացմամբ` երեկ՝ ժամը 18:00-ից, հակառակորդը սկսել է խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ բացել գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Բարեբախտաբար գյուղին էական վնաս չի հասցվել:
ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 12-ին եւ լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (13) եւ 82 մմ-ոց ականանետերից (17 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարություն է արել՝ կապված հոկտեմբերի 5-ին ԱԺ շենքի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ոստիկանության գործողությունների հետ: Օմբուդսմենը մասնավորապես նշել է, որ հատկապես Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր պարտականությունների կատարման ընթացքում չի ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն, որոշակի դեպքերում հուզական վարքագիծ է դրսեւորել, անհարգալից է խոսել հավաքի մասնակիցների եւ նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների հետ: ArmLur.am-ի հետ զրույցում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ տեղյակ չէ ՄԻՊ-ի տարածած հայտարարությունից: Նշել է, որ իր գործառույթները եղել են չափված, օրենքի սահմաններում. «Ես խորհուրդ եմ տալիս, որ ՄԻՊ-ը ոչ թե փորձի ոստիկանների մեջ ամեն ինչը փնտրել, այլ ուսումնասիրի: Ես ինձ թույլ չեմ տալիս որեւէ անօրինական բան»,- հակադարձել է Օսիպյանը: