ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դժվար է ասել, թե Հայաստանում գործող քանի տաքսի ծառայություն է բարեխիղճ ծառայություն մատուցում: Ավելին՝ Երեւանում տաքսի ծառայություններից շատերը մոլորեցնում են ուղեւորներին եւ մնում անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ տաքսի ծառայություններից խաբվող ՀՀ քաղաքացիներից:

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները բողոքում են, որ մի շարք դեպքերում ուղեւորները ընդհանրապես տեղեկացված չեն լինում տաքսի ծառայության սակագներից, քանի որ ավտոմեքենայի արտաքին մասում եւ սրահում սակագնի եւ այլ պայմանների մասին որեւէ տեղեկատվություն նշված չէ: Որոշ մեքենաների ներսում չի լինում նաեւ տաքսոմետր: Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է տաքսի ծառայությունների կողմից, այլ 140-150 դրամ: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները դժգոհում են նաեւ այն բանից, որ օգտվելով տարբեր տաքսիներից՝ իրենք կարող են տասնյակ անգամներ նույն ճանապարհն անցնել եւ վերջում վճարել բոլորովին այլ գին: Եւ սա այն դեպքում, երբ 1 կմ-ի հաշվով գործնականում բոլոր տաքսիների մոտ նույն, ստանդարտ գնացուցակն է` 100 դրամ: Այսինքն՝ մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա 1 կմ-ի գինը, որպես կանոն, նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճարը՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից: Սակայն բազմաթիվ տաքսի ծառայությունների մեքենաներում ուղեւորափոխադրման ընթացքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 2, 3, 4,1 կմ-ից: Ինչն էլ նշանակում է, որ տաքսի ծառայությունները նման ճանապարհով խարդախություն են անում եւ մնում են անպատիժ:
Մինչդեռ տաքսի ծառայությունը պարտավորված է իր ծառայության արժեքը հստակ ամրագրել մեքենայի ներսում, որպեսզի քաղաքացին մեքենա նստելիս տեղեկանա, թե քանի կիլոմետրի դիմաց որքան է վճարելու: Փորձը ցույց է տալիս, որ այսօր 1 կմ-ի միջին արժեքը 140-150 դրամ է, ինչը, սակայն, նշված չէ մեքենայի ներսում: Քաղաքացին մտածելով, որ 10 կմ-ի դիմաց պետք է վճարի 1000 դրամ, օգտվում է տաքսի ծառայությունից, սակայն հասնելով տեղ` պարզում է, որ պետք է վճարի 1500 դրամ: Արդյոք տաքսի ծառայությունները կիլոմետրաժը ճիշտ են հաշվարկում: Եթե այո, ապա ինչո՞ւ են գումարները տարբեր:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրել էր տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների վարքագիծը եւ պարզել, որ 16 տաքսի ընկերություններ անբարեխիղճ վարքագիծ են դրսեւորել: Այդ ժամանակ հանձնաժողովը բացահայտել էր խաբեության տասնյակ դեպքեր, որոնց հեղինակները պատասխանատվության էին ենթարկվել: Սակայն դատելով նույն բարձիթողի վիճակի առկայությունից՝ կարելի է ասել, որ այդ միջոցառումները, մեղմ ասած, բավարար չեն եղել:
Այսուհանդերձ, ո՞վ եւ ինչպե՞ս է վերահսկում տաքսիների գործունեությունը: Նշենք, որ տաքսիների հաշվիչների ստուգաչափմամբ զբաղվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող չափագիտության ազգային ինստիտուտը, որի տնօրեն Վահան Սահակյանի կարծիքով՝ տաքսի ծառայությանը վճարվող գումարի` զայրույթ հարուցող տարբերությունների պատճառը ոչ թե սխալ հաշվիչ սարքերն են, այլ գումարի հաշվարկման տարբեր ձեւերը:
Խնդրի շուրջ «ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանի հետ, ով պարզաբանեց. «Դեռեւս 2013-ին խիստ նախազգուշացում է տրվել 16 տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների՝ իրենց ծառայությունների վերաբերյալ սպառողներին ամբողջական եւ լիարժեք տեղեկատվություն չտրամադրելու համար: Հանձնաժողովը համեմատաբար մեղմ մոտեցում է ցուցաբերել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարույթն իրականացնելու ժամանակ, այսինքն՝ 2 տարի առաջ, մի շարք խնդիրներ այս ոլորտում օրենսդրորեն կարգավորված չէին: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ Ձեր կողմից նշված ոլորտի անմիջական պատասխանատուն եւ վերահսկողը ՀՀ ՏՄՊՊՀ-ն չէ: Հանձնաժողովը ուսումնասիրությունների փաթեթը խնդրի կարգավորման առաջարկներով եւ լուծումներով հանդերձ ուղարկել է լիազոր մարմին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ, ով շտապեց տեղեկացնել, որ ՏԿՆ-ն տաքսի ծառայություն մատուցողի կողմից սահմանված փոխադրավարձի մասով վերահսկողություն չունի: «Այսինքն՝ դաշտը լրիվ բաց է, ազատ, իսկ փոխադրավարձը տնտեսվարող սուբյեկտներն են սահմանում: Նման դեպքերում ՏԿՆ-ն վերահսկողություն չի իրականացնում եւ օրենքով էլ նման ֆունկցիաներ չունի»,- փոխանցեց Մելքոնյանը:
Իսկ խաբեության զոհ դարձած քաղաքացիներին պաշտոնյան ընդամենը խորհուրդ տվեց չվճարել: «Եթե նշված է, որ 1-6 կմ դեպքում նվազագույն պարտադիր վճարը 600 դրամ է, բայց 6-կմ չհասած տարիֆն արդեն փոխվել է եւ դարձել 700 կամ 800 դրամ, ապա քաղաքացին հանգիստ կարող է պահանջել հարգել իր իրավունքները: Ամեն դեպքում, սակագներն ազատ են, փոխադրողն ինքն է որոշում փոխադրավարձը»,- երկրորդեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է տաքսի մեքենաների ներսում սակագների մասին տեղեկատվության բացակայությանը, դա ըստ ՏԿՆ ներկայացուցիչի` լիցենզիայի խախտում է. «Դա լիցենզիայի պայմանների, պահանջների խախտում է, եւ դրա համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նման դեպքերում տրանսպորտի տեսչությունը սանկցիաներ է կիրառում: Այս մասով մենք պարբերաբար ուսումնասիրություններ ենք կատարում: Ստուգվում է նաեւ լիցենզավորված տրանսպորտային միջոցների կահավորանքը: Բավականին մեծ թվով տրանսպորտային միջոցներում խախտումներ հայտնաբերելով՝ վարչական պատասխանատվության ենք ենթարկել: Բայց նշեմ, որ ՏԿՆ-ի սկզբունքը չէ պատժելը. մեզ համար կարեւորն այն է, որ բոլորն աշխատեն օրինական դաշտում»,- վերջում հարկ համարեց նշել ՏԿՆ պաշտոնյան:
Իսկ մինչ պետական երկու այս կառույցները փորձում են իրար վրա գցել ոլորտում առկա խնդիրների կարգավորման հարցը, տաքսի ծառայությունները շարունակում են անբարեխիղճ գործել եւ ուղեւորներին մոլորեցնել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՆՁՆԵԼ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են: Գնորդ ընկերությունը, նախկինից բացի, ստանձնել է նաեւ նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի բարելավման համար: Սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները: Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առեւտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ: Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը եւ էներգետիկայի համակարգը: Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100 տոկոս վճարումներ արտադրողներին եւ ծառայություն մատուցողներին: Ինչպես հայտնի է՝ ֆինանսական դժվարությունների հետեւանքով վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին եւ ամբողջությամբ կատարել այդ պայմանը, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների համար:

 

ՄԹԵՐՈՒՄՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Հոկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում արտադրվել է շուրջ 276.000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261.000 տոննայի դիմաց: Ավելացել է նաեւ մթերվող խաղողի քանակը` 196.000 տոննա` նախորդ ամբողջ տարվա 184.000 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4700 տոննայի դիմաց: Նկատենք, որ այս ցուցանիշները վերջնական չեն, քանի որ խաղողի բերքահավաքի, ինչպես նաեւ մթերման եւ արտահանման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

 

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ
MH17 չվերթն իրականացնող մալազիական Boeing-ը խոցվել է 9M38 հրթիռով, որն արձակվել է Ռուսաստանում արտադրվող «Բուկ» զենիթահրթիռային համակարգից: Այս մասին ասվում է Նիդերլանդների անվտանգության խորհրդի կողմից հրապարակված ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության արդյունքներով զեկույցում: «MH17 չվերթը կործանվել է օդաչուական խցիկի ձախ կողմից ինքնաթիռի արտաքինից մարտական գլխիկի պայթյունի արդյունքում»,-հայտարարել է Նիդերլանդների անվտանգության խորհրդի նախագահ Տիբբե Յուստրան` հավելելով, որ հրթիռի պայթյունից հետո ինքնաթիռի գլխամասն անջատվել է օդանավի մյուս մասից: Զեկույցի տվյալների համաձայն` հրթիռն արձակվել է Ուկրաինայի արեւելքից` 320 քմ մակերեսով տարածքից: «Բուկ» զենիթահրթիռային համակարգի գտնվելու հստակ վայրը չի մատնանշվում:

 
ԵԹԵ ՀԱՂԹԻ
Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կարող է ռեփեր Քանյե Ուեսթին կառավարությունում պաշտոն հատկացնել, եթե հաղթի ընտրություններում, փոխանցում է NME: Քլինթոնը նշել է, որ ռեփերը, ով ցանկություն է հայտնել զբաղեցնել նախագահի պաշտոնը 2020 թ, հնարավոր է՝ «ստիպված սպասել», քանի որ նա ինքը պատրաստվում է երկրորդ անգամ նախագահ դառնալ: Մինչ այդ, նախկին առաջին տիկինը պատրաստ է իր հաղթանակի դեպքում առաջարկել Ուեսթին ինչ-որ պետական պաշտոն, որպեսզի երգիչը կարողանա «հավելյալ փորձ» ձեռք բերել: «Դա կարող է լինել դեսպանի կամ մեկ այլ պաշտոն` կախված իր ընտրությունից»,- ասել է քաղաքական գործիչը` հավելելով, որ պատրաստ է դիտարկել փոխնախագահի պաշտոնի ցանկացած թեկնածություն:




Լրահոս