«ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԳԱՐՎԵՍՏ ԵՎՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզին տեւական ժամանակ էկրաններին չերեւալուց հետո հեռուստադիտողներին ներկայացավ բոլորովին նոր` «Աջ թե ձախ» նախագծում, որի շրջանակներում ինքն ու դերասան Դավիթ Թադեւոսյանը շրջագայում են տարբեր երկրներում: Սյուզին «Ժողովուրդ»-ին պատմել է իր ճամփորդությունների, կադրից դուրս գրանցվող հետաքրքիր դեպքերի մասին: Նա խոսել է երգարվեստ վերադառնալու հնարավորության շուրջ, անդրադարձել նաեւ անձնական կյանքին:

-Սյուզի՛, «Աջ թե ձախ» հեռուստանախագիծը Ձեզ ինչո՞վ գրավեց, արդեն ո՞ր երկրներում եք հասցրել նկարահանումներ անել:
-Բավականին երկար մտածելուց հետո համաձայնությունս տվեցի առաջարկին: Բանն այն է, որ յուրաքանչյուր առաջարկ ընդունելուց առաջ հաշվի եմ առնում` արդյոք իմ տեսակին համապատասխանում է ձեւաչափը, թե ոչ: Առաջին երկիր մեկնելուց եւ վերադառնալուց հետո ամբողջովին համոզվեցի, որ ճիշտ եմ վարվել: Ճամփորդելն ինձ համար նշանակում է ապրել: Մանկուց ճամփորդում եմ ու աշխարհի շատ տարբեր երկրներում եմ եղել, բայց հաղորդման շրջանակներում մեկ այլ հետաքրքիր հոգեվիճակ է փոխանցվում: Կարծում եմ` ամենատպավորիչ երկիրը Հորդանանն էր, երեւի այն ենթագիտակցորեն կապում եմ Հիսուսի՝ Հորդանան գետում մկրտվելու հետ, որտեղ ես եւս մկրտվեցի:
-Դերասան Դավիթ Թադեւոսյանի հետ հետաքրքի՞ր է աշխատել, ի՞նչ հիշարժան, գուցե զվարճալի միջադեպեր են գրանցվում Ձեր համատեղ աշխատանքում:
-Առհասարակ, մեր ողջ թիմի հետ է հետաքրքիր աշխատելը: Անչափ սիրում եմ մեր թիմը: Բոլորին հասցրեցի կարճ ժամանակահատվածում գնահատել: Դավիթն, անկասկած, տաղանդավոր դերասան է: Ինչ վերաբերում է միջադեպերին, ասեմ Ձեզ, որ, օրինակ` Մոնտենեգրոյում, առհասարակ, չգիտեն, թե ինչ է խորովածը եւ թե ինչպես է այն պատրաստվում: Մի օր էլ, հերթական նկարահանումներից հետո, գրեթե լուսադեմին, երբ բոլորս մահանում էինք հոգնածությունից, մեր տղաները որոշեցին միս գնել եւ մոնտենեգրացի մեր ընկերներին խորոված հյուրասիրել: Դավիթն անմահական համեղ խորոված պատրաստեց, ու մենք մեծ սեղան նստեցինք, եւ սեղանն աստիճանաբար մեծանում էր, քանի որ մարդիկ ավելանում էին: Հենց այդպես էլ լուսացրինք այդ օրը (ծիծաղում է):
-«Աջ թե ձախ»-ի շրջանակում արված մի քանի լուսանկարի հրապարակումից հետո շատերը նկատեցին, որ Դուք քթի պլաստիկ վիրահատություն եք արել, այդպե՞ս է:
-Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ կոնտուրային շպարի միջոցով՝ լույսի ու ստվերի ճիշտ համադրությամբ, կարող ես ընդգծել կամ թաքցնել դեմքի առավելություններն ու թերությունները: Կոնտուրային շպարի աստվածուհին Քիմ Քարդաշյանն է, եւ այն բոլոր աղջիկները, ովքեր ցանկանում են, որ քիթն ավելի նեղ երեւա, իսկ այտոսկրերն ավելի ընդգծված, կարող են ուսուցողական տեսանյութեր դիտել կամ լավ դիմահարդարի դիմել, ինչպես ես:
-Շուրջ 4 տարի է` էկրաններին չէիք երեւում, չէի՞ք կարոտել էկրանը, երգչուհու կարիերան էլ չի ձգո՞ւմ: PanArmenian Media Group-ի միջազգային հարաբերությունների մասնագետ լինելով` գրասենյակային կյանքից երբեմն չե՞ք հոգնում:
-Սիրահարված եմ աշխատանքիս: Երբեմն զարմանում եմ, թե ինչպես այսքան արագ անցան տարիները: Ինքս ինձ էկրաններից իզոլացնելը քաջ գիտակցել եմ եւ չեմ փոշմանում: Կարծում եմ` հաղորդումից հետո երգարվեստ եւս կվերադառնամ:
-Հնարավո՞ր է` մի օր «Հայք» խմբի հետ կրկին հանդես գաք, հիթային ստեղծագործություններ ծնվեն…
-Ո՛չ: Եթե փակում եմ կյանքի որեւէ էջ, այլեւս չեմ վերաբացում այն:
-Հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ կապը պահո՞ւմ եք, վերջին տարիներին նրանցից մի տեսակ առանձնացած չե՞ք:
-Սիրելիներս նույնն են: Ոչինչ չի փոխվել: «Հայաստանի ձայնը» նախագիծն իրականացնող խմբի մեջ լինելով` ավելի հաճախ էի շփվում արտիստների հետ, քան երբ երգարվեստում էի, եւ համատեղ համերգներ էինք ունենում:
-Մի առիթով նշել եք` դժվար է համաձայնել, որ երկրորդ մարդ ներխուժի քո անձնական կյանք…Ինքներդ վախենո՞ւմ եք այդ «ներխուժումից»: Մտածում եք, որ կարող եք կորցնե՞լ Ձեր ազատությունը, մենությունը…
-Մենակ լինելը չի նշանակում, որ դուք ոչինչ չգիտեք սիրո մասին, այլ չափազանց շատ բան գիտեք եւ համբերատար սպասում եք:
-Տղամարդու ո՞ր տեսակն է Ձեզ համար համակրելի, եւ ինչպիսի՞ տղամարդ չի կարող լինել Ձեր կողքին…
-Նախընտրում եմ կարծրատիպեր չստեղծել ինձ համար: Կարծում եմ` պետք է սիրել՝ ոչ թե փնտրելով իդեալական մարդու, այլ սովորել տեսնել ոչ իդեալական մարդուն` իդեալական կերպով:
-Մտածո՞ւմ եք բիզնես-լեդիի կերպարի մասին, Ձեզ այդպիսին պատկերացնո՞ւմ եք:
-Շնորհակալ եմ, հետաքրքիր գաղափար տվեցիք (ծիծաղում է): Իսկ իրականում եղբայրներս հաճախ են առաջարկում, սակայն դեռեւս չեմ հանդգնի:
-Այս պահին ի՞նչ մեծ նպատակ ունեք:
-Նպատակն առանց ծրագրի պարզապես ցանկություն է: Ցանկություններս շատ են, բայց այս ժամանակահատվածում ամեն ինչ հարթ է իմ կյանքում ու խաղաղ: Էլ ի՞նչ է պետք (ժպտում է)…

 

 

 

 
ՄԻԿԱՆ ԱՐԴԵՆ ԳԼՈՒԽ Է ՀԱՆՈՒՄ ՍԻՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻՑ

Օրերս կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Մրցույթում այս տարի մեր երկիրը ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյան) հանդես է գալիս մերօրյա կուպիդոնի կերպարով, եւ նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոք-ն-ռոլ ժանրի երգով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցեց իր երգի, մրցույթին իր տրամադրվածության եւ այլ թեմաների շուրջ:

Միկան նախ շեշտեց, որ «Եվրատեսիլ»-ն իր համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ արդեն 4 տարի է` ձգտում է մասնակցել մրցույթին. ««Եվրատեսիլ»-ի շնորհիվ ես հասկացա, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց: Իսկ իմ երազանքն արդեն իրականանում է»:
Միկան դեռ չի մտածել, թե հնարավոր հաղթանակից հետո ինչ է անելու, ծրագրեր չի կազմում. «Հիմա հաղթանակի պատրաստման փուլում ենք: Կարծում եմ` հաղթանակի բոլորն են սպասում, սակայն ես ավելի շատ աշխատում եմ, որ լավագույն արդյունք ցույց տամ, լավ ելույթ ունենամ»,-ասաց նա:
«LOVE» երգի տեսահոլովակում Միկան` գլխավոր կուպիդոնը, եւ իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի բոլոր սիրային հարցերը: Մենք Միկայից հարցրինք` արդյոք նա արդեն գլուխ հանում է սիրային հարցերից, սիրած աղջիկ ունի, թե ոչ. «Սկզբում այնքան էլ գլուխ չէի հանում, սակայն տեսահոլովակից հետո արդեն հանում եմ, ամեն բան փոխվել է (ժպտում է), իսկ սիրած աղջիկ, ոչ, դեռ չունեմ»,-պատասխանեց երգիչը:
«LOVE» երգում Միկային ամենից շատ դուր է գալիս այն հանգամանքը, որ երգը ռոք-ն-ռոլ ժանրում է եւ թույլ է տալիս ի ցույց դնել բոլոր էմոցիաները: «Իսկ երգի հիմնական մեսիջն այն է, որ մենք փորձում ենք ամբողջ աշխարհում ժպիտ եւ սեր տարածել: Նույնը փորձում ենք անել նաեւ տեսահոլովակի միջոցով»,-հավելեց նա:
Նշենք, որ Միկան ծնվել է Երեւանում, սովորում է թիվ 130 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: Նա մեզ պատմեց, որ սիրում է երգ, պար, ինչպես նաեւ` համակարգչային խաղեր:
Միկայի խոսքով` ինքը շատ ընկերներ ունի, եւ նրանք միշտ սատարել են իրեն, իսկ այժմ, «Եվրատեսիլ»-ին ընդառաջ էլ ավելի են քաջալերում իրեն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ` «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2016»-ՈՒՄ
Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը:
Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրի շրջանակներում հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: «Անչափ ուրախ եմ եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի «Եվրատեսիլ»-ին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,- նշել է Իվետա Մուկուչյանը:

 

ՄՐՑԱՆԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի Կրեմլի դահլիճում մրցանակաբաշխություն է իրականացրել՝ մասնակիցներին շնորհելով «Համաձայնության» մրցանակ։ Այն շնորհվում է գործիչների, որոնք իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեն Ռուսաստանի հայերի մշակութային ու քաղաքական կյանքում եւ նպաստել են կապերի ամրապնդմանը։
Bravo.am-ի փոխանցմամբ` համերգին ելույթ են ունեցել եւ մրցանակներ են ստացել Զարուհի Բաբայանը, Սոնան, Ռուբեն Հախվերդյանը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները եւ այլք։ Մոսկվայում բնակություն հաստատած երգչուհի Սոնան Քեւին ՄքՔոյի հետ կատարել է «Do What You Do» զուգերգը։ Երգիչը, որը հատուկ այս համերգի համար Պալմա դե Մալյորկայից ժամանել է Մոսկվա, եւս ստացել է մրցանակ։ Սոնայի փոխանցմամբ` իրեն հաճելի է պարգեւատրվել հայ համայնքի կողմից։ Երգչուհին Երեւան կվերադառնա հոկտեմբերի վերջին:

 

ՍԿԱՆԴԱԼԸ` ՖԻԼՄԻ ԹԵՄԱ
Գերմանական Volkswagen կոնցեռնի շուրջ ստեղծված դիզելային սկանդալի հիման վրա գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի: Ամերիկյան Paramount Pictures ստուդիան եւ Appian Way պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է դերասան Լեոնարդո դի Կապրիոյին, գնել են դեռ չգրված գրքի էկրանավորման իրավունքը: Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` այն կգրի The New York Times-ի եվրոպական թղթակից Ջեք Էվինգը: Գիրքը կնվիրվի գերմանական ավտոկոնցեռնի 78-ամյա պատմության մեջ ամենաաղմկոտ սկանդալին։ Թե ինչ ստեղծագործական թիմ կհավաքվի ֆիլմի շուրջ, դեռեւս չի հայտնվում: Հիշեցնենք` սկանդալը ծայր է առել, երբ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության մասնագետները հայտնաբերել են, որ դիզելային շարժիչներով Volkswagen-ի ավտոմեքենաներում ծրագրային ապահովում է տեղադրվել, որը հնարավորություն է ընձեռում շրջանցել էկոլոգիական չափանիշները: Կոնցեռնի հաղորդած տվյալների համաձայն՝ ծրագիրը տեղադրված է եղել ողջ աշխարհով մեկ վաճառված 11 միլիոն ավտոմեքենաներում։




Լրահոս