Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր մարդկային աջակցությունը հայտնելու համար: Այս երեւույթը ուշագրավ է այն առումով, որ անցած տարվա հուլիսի 24-ին, երբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով սպանված ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով հետաքննության հետ կապված` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը պատրաստվում էին հարցաշար ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ կառավարությանը, ԲՀԿ-ն չմիացավ այդ փաստաթղթին: Նույն Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում ստորագրել որեւէ հարցաշարի, համաձայնագրի տակ, որտեղ կա «Ժառանգության» թեկուզեւ մեկ անդամի ստորագրություն:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ն. Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նույն ԲՀԿ-ն փորձում համագործակցել «Ժառանգության» ղեկավարի հետ: «Դա իմ անձնական հայտարարությունն է եղել, եւ ես շարունակում եմ պնդել, որ ես լրջագույն վերապահում ունեմ՝ «Ժառանգություն» խմբակցության աշխատաոճի հետ կապված: Բայց դա չի նշանակում, որ ես ինձ պետք է թույլ տամ հեգնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես դա անում են խորհրդարանում ներկայացված որոշ քաղաքական ուժի ներկայացուցիչներ»,-նշեց Ն. Զոհրաբյանը: