«168 ժամ» թերթը գրում է. «Այո՛, Հայաստանում լեգիտիմ չէ ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը, և, հասկանալիորեն, խոսքն այս դեպքում ոչ թե՝ լեգիտիմության իրավական ասպեկտի, այլ՝ բովանդակության մասին է։ Ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը լեգիտիմ չէ քաղաքացիների գիտակցության մեջ, մարդկանց ընկալումներում։ Իսկ դա ոչ միայն առանձին վերցրած ընդդիմադիր ուժերի ու գործիչների վարքագծի գործունեության արդյունքն է, այլև հետևանքն այն բանի, որ Հայաստանում լեգիտիմ չէ քաղաքականություն երևույթը, քաղաքականության ինստիտուտն ընդհանրապես։ Որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ քաղաքականությամբ զբաղվողները, գիտակցված կամ ոչ, իրենց գործունեությամբ նպաստել են, որպեսզի հասարակության մեջ ատելություն, զզվանք առաջանա այն ամենի նկատմամբ, ինչը կապված է քաղաքականության հետ։
Արել են այնպես, որ «քաղաքականությունն անբարոյականություն է» պրիմիտիվ ու ծանծաղ, քաղաքականության խորքի հետ որևէ կապ չունեցող կաղապարն այնքան արմատավորվի մարդկանց ուղեղներում և հոգիներում, որ նրանք դադարեն վստահել քաղաքականության հետ առնչություն ունեցող ցանկացած երևույթի ու գործչի։ Այնպես որ, այո, պետք է վերականգնել ընդդիմության լեգիտիմությունը, բայց դրանից առաջ կամ առաջին հերթին՝ պետք է վերականգնել քաղաքականություն երևույթի, գործունեության այդ տեսակի լեգիտիմությունը։ Իրականում քաղաքականությունն ամենաբարոյական զբաղմունքներից մեկն է, քանի որ դրա գաղափարաբանությունը խարսխված է որոշակի ծրագրերի միջոցով իշխանության գալու և այդպիսով՝ հասարակության, մարդու կյանքն ավելի լավը դարձնելու նպատակադրման վրա։ Ուստի, եթե հարցը տեղափոխում ենք բարոյականության դաշտ, ապա անբարոյական են քաղաքական գործիչները, ոչ թե քաղաքականությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։