Հրմշտոց, քաշքշուկ, միմյանց հասցեին ոչ հարիր արտահայտություններ, ագրեսիվ պահվածք: Երեկ Ազատության հրապարակում իրավիճակը բավական թեժ էր:
Իրադարձությունների զարգացումը Ազատության հրապարակում սկսվեց ժամը 12:30-ի սահմաններում: Մեկնարկը տվեցին «Ժառանգության» ներկայացուցիչները, որոնք ընդամենը ցանկանում էին իրենց առաջնորդ, արդեն 6 օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել: Այդ մտահղացումը դուր չէր գալիս հրապարակում հավաքված ոստիկաններին:
«Ժառանգության» ներկայացուցիչները ամեն կերպ փորձում էին ասֆալտի վրա վրան տեղադրել, իսկ ոստիկանությունը թույլ չէր տալիս ծակծկել, փչացնել: «Ազատության հրապարակը պատմամշակութային արժեք է, եւ արգելվում է ասֆալտի վրա վրան տեղադրել, դա անօրինական է»,-բարձրաձայն հայտարարեցին ոստիկանները: Ու այդ հրմշտոցը շարունակվեց մոտ 10-15 րոպե: Ավելի ուշ «Ժառանգության» ներկայացուցիչները՝ Հովսեփ Խուրշուդյանն ու Ռուբեն Հակոբյանը, սկսեցին հանդարտեցնել ներկաներին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցություններ սկսեցին՝ հասկանալու համար, թե որն է իրենց գործողություններում անօրինականությունը:
Նկատենք, որ միջադեպին Րաֆֆի Հովհաննիսյանը չխառնվեց: Նա վիճաբանության ժամանակ իր «նստավայրում» չէր, երբ եկավ, հավաքված մարդկանց հանգիստ տոնով հարցրեց. «Ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ է պատահել»: Մարդիկ պատմեցին, որ վրանը տեղադրելու համար վիճաբանություն է սկսվել: «Ինձ վրան պետք չէ»,-ասաց Ր. Հովհաննիսյանն ու նստեց «եռագույն» նստարանին: Իսկ երբ ներկաները, ոստիկանների պահվածքից զայրացած, «Սերժիկի շո՛ւն», «ա-մոթ ոս-տի-կա՛ն» էին բղավում, Րաֆֆին հորդորեց բարձրաձայն չմտածել. «Հոգո՛վ խոսեք, բերանը փակ»:
Ազատության հրապարակում դեռ չէր ավարտվել առաջին՝ վրանային միջադեպը, հրապարակ ժամանեց ՀՀԿ-ի հայտնի արտաշատցի տատիկը՝ «Ապահով Հայաստանի» շարֆով եւ հայտնի բղավոցներով. «Ընտրվել է Սերժ Ազատի Սարգսյանը, մեր նախագահն է Սերժ Ազատի Սարգսյանը»: Մինչ ոստիկանները, մտնելով տատիկի թեւերը, համոզում էին նրան, որ վտանգավոր է այստեղ գտնվելը, վրա հասավ մի կին՝ Մարիամ անունով, որը Հյուսիսային պողոտայի իրացման գոտու տուժած բնակիչներից է եւ մինչ օրս բողոքի ակցիաներ է անում կառավարության շենքի դիմաց: Տիկին Մարիամը արցունքակալած աչքերով մոտեցավ ՀՀԿ-ական տատիկին եւ ուզում էր բռնել նրա մազերից, որպեսզի, իր խոսքով, «վիզը պոկի». «Թողե՛ք, պիտի մորթեմ, պիտի սպանե՜մ: Սերժը իմ տունը կործանեց, էրեխեքիս գցեց պատերի տակ»:
Ինչեւէ, անդրադառնանք վրանի թեմային: «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ անկախ ամեն ինչից՝ իրենք կդիմեն քաղաքապետարան եւ մշակույթի նախարարություն եւ վրանը կտեղադրեն: Քաղաքապետարանը մերժեց նրանց դիմումն եւ մեղքը բարդեց մշակույթի նախարարության վրա, որտեղից էլ իրենց հերթին արգելեցին այն տեղադրել, քանի որ Օպերայի բակը պատմամշակութային արժեք է:
Օրվա վերջում լրագրողների հետ զրույցում Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրեն վրան պետք չէ: Երբ Վլադիմիր Գասպարյանի խիղճը տանջի, թող նա հրահանգի, որ ոստիկանները վրան տեղադրեն. «Եթե գեներալ Գասպարյանն իր բոլոր հատկանիշներով ունի այդ կամքը` ապահովելու իմ անվտանգությունը եւ առողջությունը, ապա ինքը դա կարող է կազմակերպել»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գիշեր ոստիկանությունը բարեգործություն կանի եւ Ազատության հրապարակում տեղադրված կապույտ ծածկոցի կողքերը փակող հարմարանքներով Հովհաննիսյանի համար «վրանային էֆեկտ» կստեղծի, որպեսզի միջանցիկ քամին չմրսեցնի նրան:
Ի դեպ, արդեն 6 օր Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Ր. Հովհաննիսյանի ճնշումն անգամ բժիշկները չեն չափել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ