Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է` Երևան քաղաքում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց:
Մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում: Ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև դեռևս 2015թ. մայիսի 11-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը` 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: