Իրավաբաններ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը ներկայացրեցին միջազգային իրավունքի այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել են Սահմանադրական դատարանում տեղեկատվական աղբյուրի բացահայտմանն առնչվող հայցը ձևակերպելիս: «Լրագրողին կարող են ստիպել բացահայտել տեղեկատվական աղբյուրը երեք դեպքում` առաջին երկուսը վերաբերվում են դեռևս չկատարված հանցագործությունը կանխելուն, երրորդը` բացառապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին արդարացնելու համար:
Իսկ արդեն կատարված, ավարտված հանցագործությունը կամ ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու համար տեղեկատվության աղբյուրը չի կարելի բացահայտել»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավաբան Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ գործող օրենքի կիրառության եղանակը հակասահմանադրական է այնքանով, որքանով որ չկան անհրաժեշտ կառուցակարգեր, որոնք կապահովեն որոշակիություն լրագրողների համար: Իր հերթին իրավաբան Արա Ղազարյանը նկատեց, որ լրագրողին կարող են ստիպել բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եթե առկա է ծանր հանցագործություն: «Ծանր հանցագործությունն էլ, իմ կարծիքով, այնպիսի ծանր հանցագործություն պետք է լինի, ինչպիսին ահաբեկչական գործողությունն է, և երբ բոլոր միջոցներն իսկապես սպառվել են, որպես ծայրահեղ միջոց նոր միայն կարելի է լրագրողին պահանջել բացահայտել իր աղբյուրը»,շեշտեց նա` հավելելով, որ վերջին շրջանում քննիչները հաճախակի են լրագրողին գործով որպես վկա հրավիրում հարցաքննության:
«Այնպիսի տպավորություն է, որ լրագրողը դառնում է գործակալ: Երեկ մի լրագրող էլ ասաց, որ իրեն էլ են հրավիրել, որ պատմի, թե որտեղից իրեն այդ տեղեկատվությունը, ինչը ժողովրդավարական սկզբունքներին դեմ է», ընդգծեց Ղազարյանը: