Պատկերացնո՞ւմ եք` գազամատակարարումը, ջրամատակարարումը, կոյուղու եւ աղբահանության ծառայությունները նույնպես ընդգրկված են Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալում: Հիմա կասեն` համաշխարհային մեթոդաբանության հանգույն ենք չալե…
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների համաձայն՝ մեր երկրում 2013թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության 9,1 տոկոս աճ: Մասնավորապես` արդյունաբերության ոլորտում, թեեւ 2012թ. դեկտեմբերի համեմատ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 21,1%-ով, սակայն անցյալ տարվա հունվարի համեմատ արտադրական ծավալն աճել է 18,8%-ով:
Հիմա ընթերցողը կմտածի` լավ, բա որ աճել է, ինչո՞ւ ենք վատ ապրում, եթե չասենք` ավելի վատ, քան նախկինում: Ամեն ինչ, կարծում ենք, պարզ կդառնա, եթե նկատի ունենանք, թե այդ արդյունաբերական արտադրանքի ծավալում, որը 2013թ. հունվարին գնահատված է 95 մլրդ 473 մլն 900 հազ. դրամ, ինչ է ներառված:
16 մլրդ 709 մլն 700 հազ. դրամ կազմում է հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործումից ստացված արտադրանքը, որի աճը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմում է 8,7%: Նշենք նաեւ, որ այդ արտադրանքի գերակշիռ մասը` 16 մլրդ 547 մլն 200 հազ. դրամ, մետաղական հանքաքարի արդյունահանումն է, որն արեւմտյան զարգացած երկրների հանքահումքային կցորդ դարձած Հայաստանից, ի վերջո, արտահանվում է` այստեղ եւ արտերկրում հարստացնելով առանձին անձանց:
Վերոնշյալ 95 մլրդ 473 մլն 900 հազ. դրամից 26 մլրդ 89 մլն 600 հազ. դրամը, ըստ ԱՎԾ-ի, կազմում է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը, որի աճը նախորդ տարվա հունվարի համեմատ հասել է 14,3%-ի: Ստացվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալում ներառված է նաեւ Ռուսաստանից ստացված գազը ճնշումը փոխելուց հետո սպառողներին մատակարարելը: Տեսնո՞ւմ եք, թե մեթոդաբանությունն ինչ «հրաշքներ» կարող է գործել:
Արդյունաբերական արտադրանքի ծավալում 1 մլրդ 362 մլն 500 հազ. դրամ է գնահատված ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումը եւ վերամշակումը (թափոնների հավաքումը, մշակումը, ոչնչացումը, վնասազերծումը եւ նյութերի վերականգնումը), որի աճը 2012թ. հունվարի համեմատ կազմում է 34%: Փաստորեն, կոյուղու եւ աղբահանության ծառայությունները նույնպես ընդգրկված են արդյունաբերական արտադրանքի ծավալում: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Անդրադառնանք մշակող արդյունաբերությանը, որի 2013թ. հունվարի արտադրանքի ծավալը գնահատված է շուրջ 51 մլրդ 312 մլն դրամ, իսկ աճը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 24,7%: Նշված ավելի քան 51 մլրդ դրամից 14 մլրդ 433 մլն 500 հազ. դրամը կազմում են Հայաստանից հիմնականում արտահանվող հիմնային մետաղները, որոնց արտադրությունը 2012թ. հունվարի համեմատ աճել է 13,8%-ով: 1 մլրդ 666 մլն 600 հազ. դրամ է գնահատված այլ` ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը, որի ծավալները, սակայն, պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել են 36,7%-ով:
Ճիշտ է, ս. թ. հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալում սննդամթերքի արտադրությունը հասել է 21 մլրդ 591 մլն 300 հազ. դրամի (համեմատելի ժամանակահատվածի համեմատ աճը` 30,9%), խմիչքների արտադրությունը` 5 մլրդ 408 մլն 900 հազ. դրամի (աճը` 27,1%), ինչը, անշուշտ, միայն ուրախացնող է ու դրվատանքի է արժանի: Սակայն միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ դրանից մեծապես շահել են երշիկեղենի, հյութերի, պահածոների արտադրությունների ոչ թե շարքային աշխատողները, այլ տերերը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ